Հա

Հասարակական

01/04/2020 - 13:00

Որպէս ՀՀ քաղաքացի նա ապրեց 24 ժամ

Ասում են, որ երազելու կարողութիւնը յատուկ է մանուկներին ու երիտասարդներին, աւելի հասուն տարիքում երազանքներին փոխարինելու են գալիս նպատակները։ Բայց մեր հերոսի պատմութիւնը կարծէք ժխտում է այս տեսութիւնը։ Լիբանանահայ Յարութիւն Մխչեանը, օրինակ, երազել ու երազանքին հասել է 91 տարեկանում։ Իսկ երազանքն էր՝ ապրել Հայաստանում որպէս ՀՀ քաղաքացի։

«alikonline.ir» - Ասում են, որ երազելու կարողութիւնը յատուկ է մանուկներին ու երիտասարդներին, աւելի հասուն տարիքում երազանքներին փոխարինելու են գալիս նպատակները։ Բայց մեր հերոսի պատմութիւնը կարծէք ժխտում է այս տեսութիւնը։ Լիբանանահայ Յարութիւն Մխչեանը, օրինակ, երազել ու երազանքին հասել է 91 տարեկանում։ Իսկ երազանքն էր՝ ապրել Հայաստանում որպէս ՀՀ քաղաքացի։ Ու ապրեց որպէս ՀՀ քաղաքացի 24 ժամ. յայտնում է «Հանրային ռադիօ»-ն։

Լիբանանահայ Յարութիւն Մխչեանը հայրենիքում ապրելու երազանքով տասնամեակներ ապրեց։ Նրա 91-ամեայ ճանապարհորդութեան մասին պատմում է դուստրը՝ Ծովինար Մխչեանը:

«Հօրս հայրական կողմը Վանից էր, մայրական կողմը՝ Կիլիկիայից։ Մայրս Կիլիկիայի Ալեքսանդրետ շրջանից էր։ Ցեղասպանութեան պատճառով յայտնւել են նախ Սիրիայում, յետոյ անցել են Լիբանան, որտեղ էլ հանդիպել են, ամուսնացել ու երեք զաւակ ունեցել»։

Յարութիւն Մխչեանի երեք զաւակն էլ ծնւել, մեծացել են Լիբանանում, բայց բոլորի մէջ ապրել է Հայաստանը։ «Որովհետեւ հայրս ինքն էր ապրում Հայաստանով»,- ասում է տիկին Ծովիկը։ Հօրից զաւակներին փոխանցւած նպատակն էր՝ իրենց կրթութեամբ, գործունէութեամբ ինչ-որ կերպ ծառայել հայ մնալու, հայութիւնը պահպանելու գաղափարին։

«Ինքը գրեթէ ուսում չունէր, միջնակարգ դպրոց էր գնացել։ Աւելի շատ պատկանում էր բանւոր դասակարգին, բայց ինքնաշխատութեամբ ուսումնասիրում էր ամբողջ հայկական մամուլն ու գրականութիւնը։ Մեզ էլ նոյն շնչով է դաստիարակել։

Հօրս համար քրիստոնէութիւնն ու մարդկային որակները ամէն ինչից վեր էին։ Եւ իր հնարաւորութիւնների սահմաններում ամէն ինչ արել է, որպէսզի մեր ծննդավայր Լիբանանում հայապահպանութեան գործում ունենանք մեր չնչին ներդրումը»։

Տասնամեակներ շարունակ Յարութիւն Մխչեանն իր զաւակներին վարակել էր նաեւ Հայաստան գալու, կորցրած հայրենիքի փոխարէն նոր հայրենիքում արմատներ գցելու երազանքով։ 91-ամեայ Յարութիւն պապը չէր դադարում երազել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու մասին։

«Նրա երազանքն էր գնալ եւ տեսնել իր պապենական հողերը։ Դա չիրականացաւ, այսօրւայ Արեւելեան Հայաստանով բաւարարւեց։ Ճակատագիրը նրան տւեց այդ բախտը։ Անցեալ տարի, երբ արդէն որոշել էինք գալ Հայաստան եւ հաստատւել այստեղ, հայրս գրեթէ անկարող էր շարժւել։ Եւ մենք դիմեցինք Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանին։ Նրան փոխանցեցի, որ անկարողութեան պատճառով հայրիկիս չենք կարող տանել դեսպանատուն անհրաժեշտ կարգաւորումներն անելու համար։ Նա մեծ հասկացողութիւն ցուցաբերեց եւ օգտակար եղաւ: Դեսպանը ոչ միայն դիւրացրեց վիզայի տրմադրման գործընթացը, այլ ինքն էլ եղաւ նախաձեռնողը՝ հօրս քաղաքացիութեան հարցում: Հարցնելով, արդեօք չի ցանկանում հայրս ստանալ ՀՀ քաղաքացիութիւն, նա անմիջապէս իր առաջին քարտուղարին գործուղեց մեր տուն՝ վերցնելու համապատասխան թղթերը, մատնահետք, ստորագրութիւն եւ այլն եւ ինքն էլ, փաստօրէն, հետեւողականօրէն զբաղւել էր հետագայ գործընթացով»։

Լիբանանեան պատերազմի ժամանակ պայթիւնից լսողութիւնը կորցրած, անդամալուծութեան հետեւանքով գրեթէ անշարժութեան դատապարտւած Յարութիւն պապին դեսպանատանն ազատեցին թղթաբանական խնդիրները կարգաւորելու համար անձամբ ներկայանալու հոգսից։ Խնդիրը կարգաւորւեց շատ արագ, 2019-ի ամռանը Մխչեանների ընտանիքն արդէն Հայաստանում էր։

«Մի քիչ ուշ, բայց լաւ է ուշ, քան երբեք, անցեալ ամառ արդէն յայտնւեցինք Հայաստանում։ Հայրս գրեթէ ամբողջութեամբ անկարող ու անդամալոյծ վիճակում էր։ Երբ երեք ամիս անց եկանք Հայաստան, փաստօրէն հայրիկիս քաղաքացիութեան թիւն արդէն հասել էր այստեղ, համապատասխան մարմիններին»։

Հայաստան տեղափոխւելուց քառասուն օր անց Յարութիւն պապի առողջական վիճակը կտրուկ վատացաւ։ Ընդամենը վեց օր հիւանդանոցում ապրելուց յետոյ մահացաւ։ Մահւան փաստաթղթերը կարգաւորելիս հիւանդանոցում Մխչեաններից երբ հարցրեցին, արդեօք Յարութիւն պապը ՀՀ քաղաքացի է, հարազատները նոր պարզեցին, որ նա ՀՀ քաղաքացի էր դարձել մահւանից մէկ օր առաջ։ Որպէս ՀՀ քաղաքացի 91-ամեայ Յարութիւն պապն ապրել էր 24 ժամ։

Գուցէ շատ չէ, բայց հարազատները գոհ են, այդուամենայնիւ, հասցրեցին կատարել Հայաստանում ապրելու նրա երազանքը, այն էլ որպէս ՀՀ քաղաքացի, թէկուզեւ 24 ժամ։

«Երազանքը կատարել ենք, բերել ենք այստեղ, սայլակի վրայ տարել ենք, եւ նա Երեւանի մէջ տեսել է այն, ինչ շատ էր ուզում տեսնել՝ մայրաքաղաքի մեր գեղեցիկ հրապարակը, այգիները, Երեւանի 2800-ամեակին նւիրւած շատրւանները։ Ինչ որ ցանկացել է տեսնել, այդ բոլոր տեղերում եղել է: Երախտապարտ ենք Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբէկեանին, որ իր աշխատանքով, իր նախաձեռնութեամբ փաստեց, որ հօրս երազանքն իրօք իրականութիւն է՝ Հայաստանի Հանրապետութիւնն, ի դէմս պարոն Աթաբէկեանի, ունի արժանի, իր պարտականութիւնները լիարժէք կատարող, Սփիւռքում իւրաքանչիւր հայի տէր կանգնող եւ ամէն հայի բաղձալի երազանքն իրականութիւն դարձնելու գիտակցումով առաքելութիւն իրականացնող ներկայացուցիչ»։

Յարութիւն պապն իր աչքերով տեսաւ նաեւ Արարատը, ինչպէս տիկին Ծովիկն է բնորոշում, ամէն սփիւռքահայի հոգու խորքում փայփայւող երազանքի տեսարանը։ Եւ, թերեւս, ամենակարեւորը՝ կատարւեց կեանքը զաւակների միջոցով Հայաստանում շարունակելու, նոր հայրենիքում շիւեր գցելու՝ Յարութիւն Մխչեանի երազանքը։

Իսկ ահա Հայաստանում հաստատւած Նուրհան Եոսուփովիչը հայրենիքի տեսարժան վայրերին կը ծանոթանայ օրերը տաքանալուց յետոյ։ Ընդամենը օրեր առաջ, մարտի սկզբին ՀՀ քաղաքացու անձնագիր ստացաւ։ 105 տարեկանում Իտալիայի քաղաքացիութեան փոխարէն նա նախընտրեց Հայաստանի քաղաքացիութիւնն ու մշտական բնակութիւնը հայրենիքում։ 105 տարեկան հասակում առաջին անգամ է Հայաստանը տեսնում, ասում է` Հայաստանի մասին լուրերին միշտ է հետեւել, սակայն զբաղւածութեան պատճառով չի յաջողւել գալ. «Մեծ փափագս էր Հայաստան գալը, բայց չէր ըլլար։ Չըլլար, չըլլար, չըլլար, վերջը օգնեցին եկայ»։

Նա Հայաստանում ապրում է քրոջ ընտանիքում։ 105-ամեայ ճանապարհորդութիւն դէպի Հայաստան ու նոր կեանք արդէն ՀՀ քաղաքացու անձնագրով։ Առողջութիւն ու երկար տարիների կեանք մաղթենք Նուրհան պապին, որպէսզի հնարաւորինս երկար վայելի իր՝ դարից երկար ձգւած երազանքի պտուղը։

Յարակից լուրեր

  • Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահ Միշէլ Աունի հետ
    Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահ Միշէլ Աունի հետ

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետը, նոյեմբերի 4-ին այցելել է Լիբանանի նախագահական Պաապտայի նստավայր եւ հանդիպում ունեցել երկրի նորընտիր նախագահ Միշէլ Աունի հետ:

  • Արցախի նախագահը ընդունեց պատգամաւոր Յակոբ Բագրատունիին
    Արցախի նախագահը ընդունեց պատգամաւոր Յակոբ Բագրատունիին

    Շաբաթավերջում, Արցախ կատարած իր այցելութեան ընթացքում, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունին հանդիպում ունեցաւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ:

  • ԿԱՐԾԻՔ - Արմէն Բադալեան.- «Իշխանութիւն-հասարակութիւն վիհը կարելի է յաղթահարել խորը բարեփոխումներով»
    ԿԱՐԾԻՔ - Արմէն Բադալեան.- «Իշխանութիւն-հասարակութիւն վիհը կարելի է յաղթահարել խորը բարեփոխումներով»

    Արմատական տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ եւ յուլիսեան «քաղբանտարկեալների» ազատ արձակում. սա քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագէտ Արմէն Բադալեանի դեղատոմսն է Հայաստանում յուլիսեան իրադարձութիւններից յետոյ ստեղծւած ծանր իրավիճակից լիցքաթափւելու համար: Դեղատոմսը բաղկացած է 3 քայլից:

  • Բէյրութում իր մահկանացուն է կնքել հայ տաղանդաւոր ռեժիսոր Վարուժան Խդշեանը
    Բէյրութում իր մահկանացուն է կնքել հայ տաղանդաւոր ռեժիսոր Վարուժան Խդշեանը

    Դեկտեմբերի վերջին օրերին Բէյրութում իր մահկանացուն է կնքել հայ տաղանդաւոր ռեժիսոր Վարուժան Խդշեանը: Նա համարւում է լիբանանահայ ժամանակակից թատրոնի հիմնադիրներից մէկը: Վարուժան Խդշեանի բազմաթիւ բեմադրութիւններ ներկայացւել են Բէյրութի եւ Սփիւռքի կենտրոնների հայկական բեմերում, ինչպէս նաեւ՝ Հայաստանում:

  • Մի բուռ հող Բիբլիական լեռից
    Մի բուռ հող Բիբլիական լեռից

    Լիբանանահայ 13-ամեայ աղջնակ Ծովակ Քեօշքերեանն օրեր առաջ իրագործել է իր երազանքներից մէկը. նա բարձրացել է Բիբլիական Արարատի գագաթը: Աղջնակը յաճախում է Բէյրութի «Սահակեան-Մկրտչեան» վարժարան ու, երբ անցեալ տարի իր վարժարանի տնօրէնը բարձրացել է Արարատ, Ծովակը ցանկութիւն է յայտնել նրան միանալ այս տարի: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում աղջնակը կիսւեց Արարատը նւաճելու զգացողութիւններով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։