Հա

Հասարակական

08/04/2020 - 11:50

Հայազգի եղբայրները Լոնդոնում նորարարական դիմակներ են պատրաստում՝ կորոնավիրուսին դիմակայելու համար

Երկու հայ ուսանողներ՝ Ալեքսանդր եւ Գէորգի Ձաւարեանները, Լոնդնում միացել են կորոնավիրուսի ճգնաժամը յաղթահարելու գործին։

«alikonline.ir» - Երկու հայ ուսանողներ՝ Ալեքսանդր եւ Գէորգի Ձաւարեանները, Լոնդնում միացել են կորոնավիրուսի ճգնաժամը յաղթահարելու գործին։ Գրում է Panorama.am-ը:

Waldheim-international-ի հայաստանեան ներկայացուցչութեան փոխանցմամբ, նրանք իրենց ընկերոջ՝ Ֆինլէյ Վայթի հետ իրենց դպրոցը վերածել են ժամանակաւոր արտադրամասի եւ պաշտպանիչ դիմակներ են արտադրում՝ կորոնավիրուսի ճգնաժամը յաղթահարելու գործում օգնելու համար։ 

Նրանք օգտագործում են իրենց դպրոցի 3D տպիչները՝ առողջապահութեան ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ ստեղծելու համար։

Դիմակները նրանք տրամադրում են անվճար՝ զուգահեռ զբաղւելով գումար հայթայթելով, որպէսզի կարողանան հոգալ հումքի եւ վճարման ծախսերը։

Լոնդոնի արեւմուտքում գտնւող Համսերսմիթ քաղաքի Latymer-ի բարձրագոյն դպրոցի նախկին սան, Augment Bionics ստարտափի տեխնիկական ղեկավար, 22-ամեայ գիտնական Գէորգի Ձաւարեանը՝ տեսնելով, որ պաշտպանիչ դիմակների պակաս կայ, որոշում է իր նախկին դպրոցում 3D սարքաւորումների միջոցով զբաղւել դրանց արտադրութեամբ։

Նա աշխատանքներում ներառում է նաեւ իր եղբօրը՝ Ալեքսանդրին, որը լոնդոնեան դպրոցի ուսանող է։ Նրանց է միանում նաեւ Latymer-ի բարձրագոյն դպրոցի նախկին սան՝ 19-ամեայ Ֆինլէյ Վայթը։

Պաշտպանիչ դիմակների պատրաստման գործը նրանք սկսել են անցեալ շաբաթ՝ պատրաստելով 90 դիմակ, որը ուղարկել են Վելզի հիւանդանոցներից մէկին։ Եւս 500 դիմակի պատւէր նրանք ունեն Լոնդոնի, Լիւերպուլի եւ Շոտլանդիայի հիւանդանոցներից։

Գէորգին յուսով է, որ Մեծ Բրիտանիայում աւելի մեծ ընկերութիւններ ու խոշոր արտադրողներ կարող են սկսել զբաղւել այս գործով։

Երիտասարդների գործունէութեանն անդրադարձել են բրիտանական առաջատար ԶԼՄ-ները՝ Sky News-ն ու BBC-ն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։