Հա

Հասարակական

14/05/2020 - 12:05

Արեւմտեան Հայաստանից 105 տարում 17 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ է արդիւնահանել Թուրքիան․ պահանջատիրական թղթածրարի երկրաբանական բաղադրիչը

Ցեղասպանութեան իրագործումից յետոյ մինչեւ մեր օրերը՝ 105 տարում, Թուրքիա պետութիւնը Արեւմտեան Հայաստանի տարածքից արդէն իսկ արդիւնահանել է ներկայիս գներով մօտ 16-17 միլիարդ դոլար արժողութեամբ տարաբնոյթ օգտակար հանածոներ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց երկրաբանական գիտութիւնների թեկնածու, Էկոլոգիայի եւ կենսագործունէութեան անվտանգութեան միջազգային ակադեմիայի (МАНЭП) հայկական բաժանմունքի նախագահ Հայկ Մելիք-Ադամեանը։

«alikonline.ir» - Ցեղասպանութեան իրագործումից յետոյ մինչեւ մեր օրերը՝ 105 տարում, Թուրքիա պետութիւնը Արեւմտեան Հայաստանի տարածքից արդէն իսկ արդիւնահանել է ներկայիս գներով մօտ 16-17 միլիարդ դոլար արժողութեամբ տարաբնոյթ օգտակար հանածոներ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց երկրաբանական գիտութիւնների թեկնածու, Էկոլոգիայի եւ կենսագործունէութեան անվտանգութեան միջազգային ակադեմիայի (МАНЭП) հայկական բաժանմունքի նախագահ Հայկ Մելիք-Ադամեանը։

Նա հաշւարկել է Ցեղասպանութեան հետեւանքով ինչպէս Արեւմտեան Հայաստանի տարածքում, այնպէս էլ Վիլսոնեան Հայաստանի տարածքում եղած հանքահումքային ռեսուրսների կորստից հայ ժողովրդի կրած վնասն ու Թուրքիա պետութեան շահոյթը։

Այս խառը ժամանակներում, երբ իշխանական ամենաբարձր մակարդակից խօսակցութիւններ են հնչում Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին հայ ժողովրդի ընդունած Հռչակագրով սահմանւած՝ «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսից «պահանջում եմ» արտայայտութիւնը հանելու մասին, Yerkir.am-ը ներկայացնում է հայ ժողովրդի պահանջատիրական թղթածրարի տարբեր ասպեկտները՝ իրաւական, քաղաքական, տնտեսական, մարդաբանական, երկրաբանական եւ այլն։ Այս հաշւարկները տարբեր ոլորտների մասնագէտները կատարել են հէնց 100-ամեակի Հռչակագիրն ընդունելուց յետոյ պետականօրէն պատւիրւած պահանջատիրական թղթածրարը պատրաստելու համար։ Այն արդէն պատրաստ է եւ դրւած պատասխանատուների սեղանին՝ «Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի կորուստները եւ հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» հետազօտութեան տեսքով։

Մասնագէտները առանձին ուսումնասիրել են նաեւ Վիլսոնեան Հայաստանի տարածքը, որն Արեւմտեան Հայաստանի տարածքի մի մասն է եւ, ըստ որոշ կարծիքների, այդ տարածքի վրայ հայերի իրաւական յաւակնութիւններն աւելի մեծ են։

Այսպիսով, հանրագումարը հետեւեալն է․ Ցեղասպանութեան իրագործումից յետոյ մինչեւ մեր օրերը նոյնիսկ ոչ լիարժէք՝ թերի տւեալներով Թուրքիա պետութիւնը Արեւմտեան Հայաստանի տարածքից արդիւնահանել է 16-17 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ, իսկ Վիլսոնյան Հայաստանի տարածքից՝ 5 միլիարդ դոլարի։

Այն, ինչ արդիւնահանւած չէ, բայց առկայ է՝ 2018 թ.-ի դեկտեմբերի տւեալով, 310 միլիարդ դոլարի հաստատւած պաշարներով օգտակար հանածոներ են, որոնցից առնւազն 227 միլիարդ դոլարի հանածոները կենտրոնացած են Վիլսոնեան Հայաստանի տարածքում։

Ընդ որում, հաշւարկւած են ոչ բոլոր օգտակար հանածոները, այլ ընդամենը 9-ը․ պերլիտները, պեմզաները, քարաղը, գորշ ածուխը, բարիտը, ոսկին, արծաթը, պղինձը, ցինկը, քրոմիտը եւ ուրանը։

Ուրանից դեռեւս չի արդիւնահանւել, բայց առկայ է եւ հաշւարկւած։

Հայկ Մելիք-Ադամեանն ասաց, որ Վիլսոնեան Հայաստանի տարածքում առկայ 227 միլիարդ դոլարի հանածոների որոշակի մասը, օրինակ, պերլիտները, կենտրոնացած են Հայաստանի Առաջին Հանրապետութեան այն տարածքներում, որոնք կորցրինք՝ Կարսի մարզում, Սարիղամիշում եւ այլն։

«Այսինքն, եթէ Առաջին Հանրապետութիւնը լինէր, մենք կունենայինք հսկայական քանակութեամբ պերլիտներ։ Թուրքիայի ամբողջ տարածքի պերլիտների 34 տոկոսը Հայաստանի Առաջին Հանրապետութեան այդ տարածքներում են՝ մի հանքավայրում։ Երկու հաստատւած պաշարները մօտ 2 միլիարդ տոննա են»,- ասաց երկրաբանը։

Արեւմտեան Հայաստանի Խարբերդ նահանգում, որը Վիլսոնեան Հայաստանից դուրս է, տեղակայւած է 1940-50-ական թւականներին Թուրքիայի ամենամեծ հանքահումքային ռեսուրսը՝  քրոմիտների հանքավայրը՝ նշեց Հայկ Մելիք-Ադամեանը։ Խարբերդի նահանգում մինչեւ Ցեղասպանութիւնը բնակւում էր 200 հազար հայ։

«Այդ ժամանակ քրոմիտների հանքավայրերը յայտնի չէին. Խարբերդի մօտ՝ Գուլէյմանի հանքավայրը, բացայայտւել է 1936 թ.-ին։ Ստացւում է, որ ճակատագրի դառը հեգնանքով հէնց Եղեռնից 15-20 տարի յետոյ բացայայտւում են այդ քրոմիտները եւ առայսօր միայն այդ նահանգից 13 միլիարդ դոլարի քրոմիտ եւ ֆերոքրոմ է արտահանւած միայն մի հանքավայրից։ Ամենակարեւորն այն է, որ այդ քրոմիտների համար մեծ պայքար էր գնում Անգլիայի եւ Գերմանիայի միջեւ եւ ֆաշիստական Գերմանիան ստիպում էր, որ այդ քրոմիտները Թուրքիան վաճառահանի Գերմանիային, որտեղ այդ քրոմիտների օգնութեամբ մետաղաձուլարաններում թնդանօթներ էին ձուլւում՝ յաւելեալ հումք էին։ Փաստօրէն, Արեւմտեան Հայաստանի տարածքից արդիւնահանւած քրոմիտների միջոցով ստացւած զէնքով ֆաշիստական Գերմանիան կռւում էր Սովետական Միութեան դէմ»,- մանրամասնեց Հայկ Մելիք-Ադամեանը։

Բացի այս հաստատւած պաշարներից կան նաեւ կանխատեսումային պաշարներ, որոնք 2-3 անգամ աւելի մեծ են լինում սովորաբար՝ ասաց նա։

Փաստօրէն, կլորացւած հաշւարկով՝ ամենաքիչը 230 միլիարդ դոլարի հարստութիւն հանքահումքային ռեսուրսների տեսքով կենտրոնացւած է Վիլսոնեան Հայաստանի տարածքում եւ եթէ այդ հանքավայրերը շահագործւեն, ակնկալւող զուտ շահոյթը՝ հարկերը, տուրքերը հանած, որը շատ քիչ է հաշւարկւած՝ 8 տոկոս, 22-23 միլիարդ դոլար կը ստացւի՝ նշեց երկրաբանը։

Այս ամէնը իմանալով՝ պահանջատիրական բաղադրիչից հրաժարւելը նա անթոյլատրելի է համարում։ Իր եւ գործընկերների հետազօտութիւնը՝ «Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի կորուստները եւ հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» աշխատութիւնը, նրա համոզմամբ, պէտք է ներառւի մեր պահանջատիրութեան գործընթաց։

Ընդ որում, նա սխալ է համարում «փոխհատուցում» եզրոյթը, քանի որ փոխարէնը տալու որեւէ բան չունի հայ ժողովուրդը, ուղղակի «հատուցում» պէտք է լինի՝ տարածքային պահանջից բացի։

Հատուցուման տարբեր ձեւեր կարող են լինել՝ նշեց երկրաբանը, օրինակ, Տրապիզոնում՝ Արդւին քաղաքի մօտ, կայ արծաթի, ոսկու, պղնձի խոշորագոյն մի հանքավայր. այնքան մեծ է, որ միայն 4 միլիարդ դոլարի ցինկ է պարունակում, էլ չասած՝ արծաթի, ոսկու մասին։ Հայկ Մելիք-Ադամեանի խօսքով՝ Թուրքիա պետութիւնը եթէ խելքի գայ եւ դառնայ դեմոկրատական երկիր՝ Գերմանիայի նման, կարող է հայկական կոնցեսիոն ընկերութիւններից որեւէ մէկին 50 տարով արտօնութիւն տալ այդ հանքավայրը շահագործելու՝ առանց հարկերի ու տուրքերի. դա հատուցման ձեւերից մէկը կարող է լինել։

Հարցը պէտք է աւելի լայն բարձրացնել՝ ասաց երկրաբանը, Ցեղասպանութեան հետեւանքով ինչպէս Արեւմտեան Հայաստանի տարածքում, այնպէս էլ Վիլսոնեան Հայաստանի տարածքում հանքահումքային ռեսուրսները բնական հարստութիւնների միայն մի մասն են կազմում, այստեղ չեն ներառւել այլ բնական հարստութիւններ՝ անտառներ, ջրեր, գետերի վրայ կառուցւած էլեկտրակայաններ, քամու ուժի՝ հողմակայանների հզօրութիւններ, ինչպէս նաեւ այդ տարածքի շահագործումից ստացւած էկոզբօսաշրջային բնոյթի շահոյթները։

«Սա բնական համալիրի մի մասն է միայն, իսկ եթէ վերցնենք, թէ ինչ բնութիւն ենք կորցրել եւ այդ բնութեան շահագործումից ինչ կորուստներ ունենք, այդ թւերը մի քանի անգամ աւելի մեծ կարող են լինել»,- ասաց նա։

Այս կորուստը թւերով կարելի է հաշւել, բայց դա աշխատանք է, որը դեռ արւած չէ։

«Սա նոր մօտեցում է, ես կարող եմ այս տիպի հաշւարկներ էլ անել որպէս բնագէտ, բայց սա բարդ բան է եւ լաւ կը լինի, որ ծրագիր լինի պետական կամ մասնաւոր աջակցութեամբ, որ այդ նիւթերը հնարաւոր լինի հաւաքել եւ ծրագրային տեսքով ներկայացնել։  Իսկ աւելի լաւ կը լինի, որ այդ ծրագրով զբաղւեն մի խումբ բնագէտներ, ոչ թէ միայն ես»,- ասաց Հայկ Մելիք-Ադամեանը։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։