Հա

Հասարակական

14/05/2020 - 14:30

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների համատեղ հաղորդագրութիւնը

Իսլամական խորհրդարանում կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների պատգամաւորները համատեղ հաղորդագրութեամբ ներկայացրել են անցեալ չորս տարիներին, իրենց պատգամաւորութեան շրջանում իրականացրած համատեղ քայլերի ամբողջականութիւնը: 

«ԱԼԻՔ» - Իսլամական խորհրդարանում կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների պատգամաւորները համատեղ հաղորդագրութեամբ ներկայացրել են անցեալ չորս տարիներին, իրենց պատգամաւորութեան շրջանում իրականացրած համատեղ քայլերի ամբողջականութիւնը: Համատեղ հաղորդագրութիւնը կրում է Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, ասորիների պատգամաւոր Իւնաթան Բեթկոլիայի եւ հրեաների պատգամաւոր Սիամաք Մորեսեդեղի ստորագրութիւնները:

Մի քանի կէտերից բաղկացած հաղորդագրութեան մէջ նշւած է, որ իրենք չեն խնայել որեւէ ջանք երկրի ազգային շահերի պաշտպանման եւ Իրանի ազգային միասնականութեան ճամբին այդ էլ Իրանի Սահմանադրական օրէնքի շրջագծում եւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի տրամաբանական ղեկավարութեամբ: Այլ գլխի տակ նշւած է, որ իրենք աշխարհի զանազան երկրներում եւ միջազգային համագումարներում իրենց ներկայութեամբ, բացայայտել են Իրանի ժողովրդի եւ համակարգի դէմ մեծապետական ուժերի եւ սիոնիզմի դաւադրութիւնները: Նրանք ընդգծել են, որ պաշտպանն են հանդիսացել Իրանի բոլոր քաղաքացիների քաղաքացիական իրաւունքների, հիմք ծառայեցնելով իրանցիների իրաւական հաւասարութիւնը եւ չեն խնայել որեւէ ջանք իրենց համայնքների պատմական արժէքները պաշտպանելու եւ այդ մասին իրազեկելու հարցով, ի շարս Օսմանեան կայսրութեան միջոցով իրագործւած Հայոց Ցեղասպանութիւնը եւ ասորիների ցեղասպանութիւնը, Երկրորդ Աշխարհամարտի տարիներին նացիստական վարչակարգի միջոցով հրեաների ցեղասպանութիւնը, Պաղեստինի ու Միանմարի անմեղ մուսուլմանների ջարդը եւ պաշտպանել են Սիրիայի ու Իրաքի ալեւիների, քրիստոնեաների ու եզդիների իրաւունքները: Նրանք ընդգծել են, որ երախտապարտ են Ղոդս զօրամիաւորին եւ նահատակ Ղասեմ Սոլէյմանիին Իրաքի ու Սիրիայի քրիտոնեաներին ու եզդիներին պաշտպանելու համար, եւ նշել են, որ դատապարտում են տարածաշրջանում մի շարք վարձկան երկրների ռազմամոլ քայլերը, որոնք հովանաւորում են ԱՄՆ-ին եւ սիոնիստական վարչակարգին: Նշել են նաեւ, որ չեն խնայել իրենց ջանքը քաղաքացիական իրաւունքի 881-րդ յօդւածի իրաւական անորոշ կէտերը եւ խնդիրները վերացնելու ուղղութեամբ, որոնք առնչւում են կրօնական փոքրամասնութիւնների «Ղեսաս»-ի օրէնքին, պետականօրէն վարձւելու եւ այլ բնագաւառներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։