Հա

Հասարակական

17/05/2020 - 12:25

«Հրապարակւել է Կոբի Բրայանտի, նրա 13-ամեայ դստեր եւ եւս եօթ մարդու դիահերձման մասին զեկոյցը, որի համաձայն՝ ազգութեամբ հայ օդաչուի օրգանիզմում թմրանիւթ կամ ալկոհոլ չի յայտնաբերւել». Daily Mail

Լոս Անջելէսի շրջանի քրէական վարչութիւնը հրապարակել է յունւարի 26-ին Կալիֆորնիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհւած լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի, նրա 13-ամեայ դուստր Ջիանայի եւ եւս եօթ մարդու դիահերձման մասին զեկոյցը:

«alikonline.ir» - Լոս Անջելէսի շրջանի քրէական վարչութիւնը հրապարակել է յունւարի 26-ին Կալիֆորնիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհւած լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի, նրա 13-ամեայ դուստր Ջիանայի եւ եւս եօթ մարդու դիահերձման մասին զեկոյցը: Ըստ Tert.am-ի՝ գրում է Daily Mail-ը։

Ինչպէս յայտնի է, Բրայանտը յունւարի 26-ի առաւօտեան Կալիֆորնիայի Օրինջ շրջանից դստեր բասկետբոլի մրցաշարի համար ուղեւորւում էր Թաուզանդ Օքս քաղաք. վթարը տեղի էր ունեցել թռիչքից 39 րոպէ անց:

Դիահերձման արդիւնքների համաձայն՝ զոհերի մահը վրայ է հասել «գրեթէ ակնթարթօրէն», երբ ուղղաթիռն ընկել է Լոս Անջելէսից 30 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող Կալաբասաս սարի լանջին։

Ըստ քրէական վարչութեան հրապարակած եզրակացութեան՝ ազգութեամբ հայ օդաչու Արա Զոբայեանի օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանիւթ չի յայտնաբերւել։

Լոս Անջելէսի շրջանի դատաքննիչների հաշւետւութիւններում նկարագրւում է, որ դէպքի վայրում յայտնաբերւել են մարմնի մասնատւած մասեր, այրւած հագուստի մնացորդները։

Ամբողջական զեկոյցը զբաղեցնում է 180 էջ, որոնցից 17 էջը նւիրւած է Կոբի Բրայանտին։ Դրանում նշւում է, որ նրա գրեթէ ամբողջ մարմինը վնասւած է եղել։

Ջիանայի մասով հաշւետւութեան մէջ նշւում է, որ դէպքի վայրում յայտնաբերւել է բասկետբոլային վերնաշապիկ՝ մէջքի վրայ նրա թիւ 2 համարով։

Յիշեցնենք, որ յունւարի 26-ին Կալիֆորնիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով 9 զոհերի թւում են եղել նաեւ բասկետբոլիստ Կոբի Բրայանտը եւ նրա 13-ամեայ դուստրը` Ջիանա Մարիա-Օնորէն: Ողբերգութեան հնարաւոր պատճառներից է վատ տեսանելիութիւնը, քանի որ այդ օրը Կալիֆորնիայում մառախուղ է եղել:

Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդէս է եկել «Լոս Անջելէս Լէյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոսի է արժանացել:

Բասկետբոլիստը մարզական կարիերան աւարտել է 2016 թւականին, որից յետոյ մանկական պատմւածքների ժողովածու եւ մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժւարութիւնների մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։