Յուլիսը եղել է կորոնավիրուսային համավարակի ընթացքում վատագոյն ամիսը, որի ընթացքում ամբողջ աշխարհում գրանցւել է վարակման 8 մլն դէպք: Նշւում է, որ մօտաւորապէս նոյնքան դէպք գրանցւել է համավարակի առաջին վեց ամսւայ ընթացքում:
«alikonline.ir» - Յուլիսը եղել է կորոնավիրուսային համավարակի ընթացքում վատագոյն ամիսը, որի ընթացքում ամբողջ աշխարհում գրանցւել է վարակման 8 մլն դէպք: Նշւում է, որ մօտաւորապէս նոյնքան դէպք գրանցւել է համավարակի առաջին վեց ամսւայ ընթացքում:
Ըստ Tert.am-ի՝ ինչպէս նշում է The Guardian-ը, այս են վկայում Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան նոր զեկոյցի տւեալները:
Ըստ ԱՀԿ-ի՝ համավարակը շարունակում է արագացնել տարածման տեմպերը. վարակման դէպքերը կրկնապատկւում են իւրաքանչիւր վեց շաբաթը մէկ:
«2020 թ. յունիսի վերջի դրութեամբ ԱՀԿ-ն տւեալներ է ստացել այն մասին, որ աշխարհում գրանցւել է վարակման մօտ 10 մլն եւ մահւան մօտ կէս միլիոն դէպք: Համավարակը շարունակում է մեծացնել տեմպերը: Հաշւի առնելով դրա ներկայիս տեմպը՝ կարելի է փաստել, որ դէպքերը կրկնապատկւում են իւրաքանչիւր վեց շաբաթը մէկ»,- ասւած է զեկոյցում:
Յայտնի է, որ յուլիսին միայն ԱՄՆ-ում գրանցւել է վարակման ռեկորդային 1,87 մլն դէպք, ինչն աւելի քան երկու անգամ աւելի է նախորդ ռեկորդային ամսւայ՝ ապրիլի (860000 նոր դէպք) ցուցանիշից: Այժմ ԱՄՆ-ն մօտենում է 5 մլն վարակակիր ունենալու սահմանին: Ինչ վերաբերում է մահւան դէպքերին, ապա Միացեալ Նահանգներին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում գրանցւած մահերի 1/5-րդը:
Յուլիսը բացասական է եղել նաեւ Հնդկաստանի համար. երկրում գրանցւած վարակման աւելի քան 1,75 մլն դէպքից 1,1 մլն-ը գրանցւել է հէնց յուլիսին:
Բրազիլիայում յուլիսին գրանցւել է վարակման 1,2 մլն դէպք. ընդհանուր առմամբ, երկրում ախտահարւել է աւելի քան 2,7 մլն մարդ:
Նմանատիպ բացասական ցուցանիշներ են արձանագրւել նաեւ Հարաւային Աֆրիկայում:
Մինչդեռ բազմաթիւ ասիական եւ եւրոպական երկրներում, ինչպէս նաեւ Աւստրալիայում նկատւում է վարակի երկրորդ ալիքը. իշխանութիւնները վերականգնում են նախկինում չեղարկւած սահմանափակումներն ու արգելքները: