ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը յայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երբեւէ տեղի ունեցած ամենամեծ խզման է յանգեցրել կրթութեան ոլորտում:
«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը յայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երբեւէ տեղի ունեցած ամենամեծ խզման է յանգեցրել կրթութեան ոլորտում: Ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Associated Press-ը:
Ըստ նրա` համավարակի պատճառով աշխարհի 160 երկրում դպրոցները փակւել են յուլիսի կէսերին` ազդելով աւելի քան մէկ միլիարդ դպրոցականի վրայ:
Գուտերեշը նաեւ նշել է, որ արդիւնքում առնւազն 40 միլիոն երեխայ ամբողջ աշխարհում մնացել է առանց կրթութեան «իրենց կրիտիկական նախադպրոցական տարում»:
Նա նախազգուշացրել է, որ սյս գործընթացների արդիւնքում աշխարհին «սերունդների աղէտ է սպառնում, որը կարող է մարդկութեան չօգտագործւած ներուժի վատնմանը յանգեցնել, խաթարել տասնամեակների առաջընթացը եւ խորացնել արմատացած անհաւասարութիւնները»:
«Կառավարութիւնների եւ գործընկերների կողմից ընդունւող որոշումները յարատեւ ազդեցութիւն կունենան հարիւր միլիոնաւոր երիտասարդների եւ առաջիկայ տասնամեակների ընթացքում երկրների զարգացման հեռանկարների վրայ»,- ասել է Գուտերեշը տեսաուղերձում:
Այս կապակցութեամբ նա կոչ է արել վերսկսել դասընթացները դպրոցներում, երբ երկրներում կորոնավիրուսի ներքին փոխանցման գործընթացները վերահսկողութեան տակ առնւեն: