Հա

Հասարակական

16/09/2020 - 13:00

Պայթիւնից մէկ ամիս անց․ ինչպէ՞ս օգնել Բէյրութի երեխաներին՝ դպրոց վերադառնալ

Բէյրութի պայթիւնից մէկ ամիս անց ԻՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է՝ ուսումնական տարւան ընդառաջ անհրաժեշտ է ուշադրութեան կենտրոնում պահել տուժած երեխաների կրթութեան հասանելիութեան խնդիրը՝ ընդգծելով, հրատապ քայլերի եւ աւելի շատ ներդրումների կարեւորութիւնը:

«alikonline.ir» - Պայթիւնից վնասւել կամ փլուզւել է 183 կրթական հաստատութիւն՝ վտանգելով աւելի քան 77000 երեխաների եւ երիտասարդների ապագան:

Բէյրութ, 16 սեպտեմբերի, 2020 թ.

Բէյրութի պայթիւնից մէկ ամիս անց ԻՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է՝ ուսումնական տարւան ընդառաջ անհրաժեշտ է ուշադրութեան կենտրոնում պահել տուժած երեխաների կրթութեան հասանելիութեան խնդիրը՝ ընդգծելով, հրատապ քայլերի եւ աւելի շատ ներդրումների կարեւորութիւնը: Այս մասին ըստ Yerkie.am-ի՝ յայտնում են ԻՒՆԻՍԵՖ-ից:

Պայթիւնից տուժել են աւելի քան 163 պետական եւ մասնաւոր դպրոցներ, ինչի հետեւանքով 70000 աշակերտ զրկւել է կրթութիւն ստանալու, 7600 ուսուցիչ՝ աշխատելու եւ կրթելու հնարաւորութիւնից։ Նոյն խնդրի առաջ են նաեւ տեխնիկական եւ մասնագիտական ուսուցում տրամադրող 20 կրթօջախի 7300 ուսանողները։

Երեխաների կրթութեան ապահովումը ԻՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթութիւններից է: Կրթութիւնը, գիտելիքը, ԻՒՆԻՍԵՖ-ը համարում է ոչ միայն երեխայի լաւ ապագայի երաշխիք, այլեւ հնարաւորութիւն՝ խթանելու տրաւմայի ենթարկւած երեխաներին՝ վստահել սեփական կարողութիւններին, վերականգնել հաւատը վաղւայ օրւայ նկատմամբ: Պայթիւնից 20 կմ շառաւիղով սահմանազատւած տարածքում մօտ 600000 երեխայ է ապրում, որոնք կարող են կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ հոգեբանական խնդիրներ ունենալ։

Կրթութեան եւ բարձրագոյն կրթութեան նախարարութեան նախնական տւեալով՝ այս տարածքի դպրոցների 80%-ը տարբեր աստիճանի վնասներ է կրել։ ԻՒՆԵՍԿՕ-ի եւ միւս գործընկերների հետ հրատապ կարգով ռեսուրսներ են հաւաքագրւել՝ գոնէ հոկտեմբերին դպրոցները վերանորոգելու եւ վերաբացելու համար:

«Աղէտների ժամանակ կրթութիւնը կարող է կենսական ուժ ունենալ այն երեխաների համար, որոնց կեանքը տակնուվրայ է եղել՝ նրանց համար անվտանգ միջավայր ապահովելով եւ քաոսի մէջ «սովորականի» զգացում արթնացնելով,- նշել է Լիբանանում ԻՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Եոկօ Մոկուոն։ - Ուստի, մենք շատ անհանգստացած ենք փլուզւած դպրոցների պատճառով եւ այն հետեւանքների, որ կարող են կրել երեխաները դրա արդիւնքում»։

Պայթիւնն էլ աւելի է դժւարացրել կորոնավիրուսի հետեւանքով արդէն իսկ բարդացած դասապրոցեսի կազմակերպումը: Փլուզւած տներից տեղափոխւած ընտանիքների համար կրթական պարագաների եւ համացանցի հասանելիութեան խնդիրներ են ծագել, որոնք 2020/2021 ուս․ տարւայ համար հրատապ լուծման կարիք ունեն: Սա աւելի է երկարացնում երեխաների՝ կրթութիւնից դուրս մնալու ժամանակահատւածը եւ նոյնիսկ կրթութիւնը չշարունակելու վտանգ առաջացնում։ Պայթիւնից տուժած եւ սոցիալական բարդ վիճակում գտնւող ընտանիքները հիմնականում բաւարար միջոց չունեն երեխաներին դպրոց ուղարկելու համար։

ԻՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ աշխատում է տուժած տարածքներում. դպրոցները վերանորոգւում եւ վերակահաւորւում են, տրամադրւում են անվտանգութեան ուղեցոյցներ, ուսուցիչները վերապատրաստւում են, որպէսզի կարողանան նաեւ հոգեբանական աջակցութիւն տրամադրել։ Համակարգւում է ուսուցիչների եւ երեխաների համար կրթական պարագաների եւ վաղ մանկական ուսումնառութեան փաթեթների մատակարարումը։ ԻՒՆԻՍԵՖ-ն աշխատում է նաեւ հեռավար կրթութիւնը նորարար լուծումներով կազմակերպելու ուղղութեամբ, ինչպէս նաեւ համացանցը եւ անհրաժեշտ սարքաւորումները երեխաներին հասցնելու ուղղութեամբ։

Երեխաներին ուղղւած ԻՒՆԻՍԵՖ-ի աջակցութիւնը նաեւ ներառում է.

  • 18 խմբաքանակ (ընդհանուր առմամբ 67 տոննա ծաւալով) կենսական նշանակութեան հումանիտար աջակցութեան պարագաների մատակարարում (տեղում գնւող պարագաները ներառւած չեն),
  • գործընկերների հետ համատեղ աւելի քան 155 շինութեան ջրամատակարարման վերականգնում, փլուզւած համայնքներում 870 ջրի բաքերի տեղադրում,
  • 2400 մարդու խմելու եւ կենցաղային օգտագործման ջրի տրամադրում, ընտանիքներին 4485 հիգիենայի փաթեթի եւ 462 մանկական հաւաքածուի տրամադրում,
  • 1406 երեխաների, ծնողների եւ խնամակալների հոգեբանական աջակցութեան տրամադրում,
  • առանց ծնողական խնամքի մնացած երեք երեխայի համար այլընտրանքային խնամքի կազմակերպում,
  • մինչեւ հինգ տարեկան 308 երեխայի համար անհրաժեշտ սննդային յաւելումների մատակարարում,
  • նոր արեւային սառնարաններ պէտք է տեղադրւեն Ռաֆիկ Հարիրի հիւանդանոցում՝ վերականգնելու պատւաստանիւթերի պահեստաւորման համար օգտագործւող երկու սառը սենեակները,
  • 23 վնասւած բուժհաստատութիւնների վերանորոգման կարիքների գնահատում,
  • բնակիչներին բաժանւած աւելի քան 430000 կտորէ դիմակ,
  • առաջնային բուժհաստատութիւններին անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների խմբաքանակի տրամադրում, պատւաստման ծառայութիւնների իրականացում,
  • ի թիւս այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարւել է 3,5 միլիոն բժշկական դիմակ, 8070 դէմքի վահանակ, 124821 բժշկական համազգեստ, 11145 ակնոց, 7646 ջերմաչափ եւ 2,6 միլիոն զոյգ ձեռնոց,
  • զբաղւածութիւն է ապահովւել աւելի քան 1900 երիտասարդի համար, այդ թւում՝ մաքրման, թեթեւ վերանորոգման, խոցելի ընտանիքների համար սննդի պատրաստման եւ մատակարարման գործում։

Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելուն զուգահեռ, առաջիկայ երեք ամիսների ընթացքում երեխաների եւ ընտանիքների առաջնային կարիքներին արձագանքելու, երեխաներին եւ խնամակալներին տրամադրւող սոցիալ-հոգեբանական աջակցութիւն իրականացնելու, անվտանգութիւնն ապահովելու, առաջնային ծառայութիւնները վերականգնելու եւ դեռահասների ու երիտասարդների համար կարեւոր հմտութիւնների զարգացումն ապահովւեու համար ԻՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է 50 միլիոն ԱՄՆ դոլար: 

Միացէ՛ք մեզ, օժանդակէք Լիբանանում տուժած երեխաներին եւ ընտանիքներին, հանգանակէք՝ https://help.unicef.org/beirut-explosions:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։