Հա

Հասարակական

22/10/2020 - 11:30

Փորձում ենք պատմել մարդկանց մասին, որոնք օգնում են բացատրել, թէ ինչ է պատերազմը

Միջազգային լրատւամիջոցները բաւականին շատ են Արցախում: Պատերազմի առաջին օրերից այստեղ է աշխատում Ալ-Ջազիրա լրատւական գործակալութեան անգլերէն ալիքը, որը ամենօրեայ ռեժիմով ռեպորտաժներ է պատրաստում հէնց դէպքի վայրից: Լրագրող Բերնարդ Սմիթը պատմում է, որ Արցախ գալուց առաջ շատ բան չգիտէր հակամարտութեան մասին, բայց անընդհատ ուսումնասիրում էր ու խորասուզւում պատմութեան մէջ:

Միջազգային լրատւամիջոցները բաւականին շատ են Արցախում: Պատերազմի առաջին օրերից այստեղ է աշխատում Ալ-Ջազիրա լրատւական գործակալութեան անգլերէն ալիքը, որը ամենօրեայ ռեժիմով ռեպորտաժներ է պատրաստում հէնց դէպքի վայրից: Լրագրող Բերնարդ Սմիթը պատմում է, որ Արցախ գալուց առաջ շատ բան չգիտէր հակամարտութեան մասին, բայց անընդհատ ուսումնասիրում էր ու խորասուզւում պատմութեան մէջ:

Բերնարդ Սմիթը յաճախ է եղել պատերազմական գօտիներում ու թէժ կէտերում: Լուսաբանել հակամարտութիւնները Իսրայէլում, Պաղեստինում, Մադագասկարում: Եղել է Քաշմիրում, Սուդանի եւ Զիմբաբւէի մի շարք հակամարտող տարածքներում:

Մինչ Ալ-Ջազիրայի թիմին միանալը նա աշխատել է բրիտանական մեդիայում՝ Sky News-ում, BBC-ում եւ Մանչեսթերի տեղական հեռուստատեսութիւնում

 

Ի՞նչ է նշանակում լուսաբանել ճգնաժամերը, հակամարտութիւնները, պատերազմները:

Ես հաստատ չեմ փնտրում հակամարտութեան վայրեր, ինձ ուղարկում են այնտեղ: Չեմ կարող ինձ համարել պատերազմի թղթակից: Պարզապէս նորութիւնների թղթակից, որը երբեմն լուսաբանում է հակամարտութիւնները: Իհարկէ, դրանք կարող են լինել սարսափելի: Օրինակ, երբ 18 ամիս Աֆղանստանում էի:

Պատերազմներն իրոք երբեմն շատ վտանգաւոր են: Եւ անձամբ ես դա սարսափելի եմ համարում:

 

Ինչպէ՞ս պատրաստւել եւ լինել հնարաւորինս անվտանգ: Իւրաքանչիւր հակամարտութիւն տարբերւում է անվտանգութեան տեսանկիւնից

Պատերազմները տարբեր են, բայց սպառնալիքները նման են, քանի որ բռնութիւնը միշտ բռնութիւն է: Հակամարտութեան առաջին ռիկսը կրակի նշանակէտում յայտնւելն է: Եթէ ապստամբութեան, խռովութեան վկայ էք, ձեզ կարող են հարւածել քարերով, բեկորներով, բաց թողնել արցունքաբեր գազ կամ տարբեր առարկաներ նետել ձեր ուղղութեամբ: Ես եղել եմ քարերի, արցունքաբեր գազի, բեկորների եւ փամփուշտների ճանապարհին: 


Բեռնարդ Սմիթը Ստեփանակերտի ռմբապաստարաններից մէկում՝ իր պատրաստած սուրճը գործընկերներին առաջարկելիս

 

Հակամարտութեան գօտի մեկնելիս, մենք անցնում ենք մեդիա թրէյնինգներ, որոնք շատ կարեւոր են: Անպայման կրում ենք զրահաբաճկոններ եւ սաղաւարտներ, որոնք իսկապէս կարեւոր են գլուխը պաշտպանելու համար:

Զանգւածային խռովութիւնների ժամանակ յաճախ կրում ենք պաշտպանիչ բաճկոններ, որոնք պակաս ծանր են, քան զրահաբաճկոնները: Երբեմն մեզ ուղեկցում է նաեւ անվտանգութեան աշխատակիցը, որն օգնում է հսկել իրավիճակը: Եւ ամենակարեւոր գիտելիքը առաջին բուժօգնութիւնն է: Փառք Աստծոյ, որ ես դեռ ստիպւած չեմ եղել օգտագործել առաջին բուժօգնութեան հմտութիւնները, բայց այս դասընթացն ամենակարեւորն է, քանի որ կեանքեր է փրկում: 

Այնպէս որ, պիտի վստահ լինեմ, որ յիշում եմ իմ առաջին բուժօգնութեան դասընթացները:

 

Ղարաբաղեան հակամարտութիւնը անվտանգութեան տեսանկիւնից տարբեր է, այնպէս չէ՞:

Մեզ համար, երբ ռեպորտաժներ ենք անում Ղարաբաղից ու Ստեփանակերտից, սպառնալիքը օդից է: 

Պէտք է յիշել, որ երբ սկսւում է օդային հրետակոծութիւնը, հարկաւոր է անմիջապէս փնտրել ապաստարան եւ որքան հնարաւոր է մօտ գտնւող: Մեզ այստեղ չեն կրակել, դրա ռիսկը մեզ չի սպառնացել, անվտանգութեան սպառնալիքը եղել է օդից: Դրան մենք առերեսւեցինք: Եւ պէտք էր իմանալ, թէ որտեղ անմիջապէս պատսպարւել:

 

Ի՞նչն է կարեւոր հակամարտութիւնների լուսաբանման ընթացքում՝ մարդկային պատմութիւնները, զոհերը, վիճակագրութիւնը, թւերը: Որպէս դէպքի վայրում աշխատող լրագրող՝ անձամբ ի՞նչ էք փնտրում:

Միշտ փորձում ենք գտնել մարդկային պատմութիւններ, քանի որ դա օգնելու լաւագոյն միջոցն է, յատկապէս հեռուստատեսութեան դէպքում:

Դա է պատմութիւնը պատմելու լաւագոյն ձեւը, քանի որ պատերազմում չկայ ոչ մի գլամուրային ու գրաւիչ բան: Դա իրականում վտանգաւոր ու սարսափելի է, մարդիկ են սպանւում: 

Մենք փորձում ենք պատմել մարդկանց մասին, որոնք օգնում են բացատրել, թէ ինչ է պատերազմը: 

Լեռնային Ղարաբաղում փնտրում եմ նրանց, ում տունը խոցել է ռումբը, որպէսզի նրանք պատմեն, թէ ինչ է տեղի ունեցել: Նրանց պատմութիւնները կօգնեն մեզ ներկայացնել տեղի ունեցածը: Եթէ ​​մարդը տանն էր, երբ իր տունը ռմբակոծւեց կամ այստեղ է ապրում վերջին պատերազմից անցած 26 տարիների ընթացքում, մենք օգտագործում ենք նրա ասածները: Եւ այդպէս պատմութիւն կառուցում:


Բեռնարդ Սմիթը Ստեփանակերտում աշխատելիս

 

Պատերազմական գօտում աշխատող որոշ լրագրողներ, յատկապէս տեղական լրագրողներն, ասում են, որ կանեն ամէն ինչ իրենց պատմութեան համար: Պատմութիւնն ընդդէմ անվտանգութեան է: Ո՞րն է աւելի կարեւոր: Լրագրողը կարո՞ղ է վտանգի տակ դնել կեանքը իսկապէս լավ պատմութիւն գտնելու ու գործողութիւն վաւերագրելու համար:

Ոչ, կեանքը շատ կարճ է: Այնպէս որ, իմ եւ ինձ հետ աշխատող թիմի տեսակէտից՝ ամենակարեւորը մեր կեանքն ու մեր անվտանգութիւնն են: 

Իհարկէ, պատմութիւնների համար պէտք է ռիսկի դիմել, բայց դրանք միշտ հաշւարկւած ռիսկեր են: Օրինակ, թէկուզ զրահաբաճկոն ու սաղավարտ կրելով են հաշւարկւում: Այս հակամարտութեան ժամանակ վիրաւորւեցին դէպքերը լուսաբանող լրագրողներ, որոնք դա չէին արել: Միջազգային լրագրողների ստացած վնասւածքները հնարաւոր է պակաս լուրջ լինէին, եթէ նրանք կրէին բազային պաշտպանիչ հանդերձանք:

Իհարկէ, մենք այդքան ներգրաււած չենք պատմութեան մէջ, որքան տեղացի լրագրողները: Մենք պատմութեան մի մասը չենք: Հասկանալի է, որ նրանք կարող են աւելի մեծ ցանկութիւն եւ կիրք զգալ`պատմութիւն պատրաստելիս: 

Մեր պարագայում՝ մենք քննարկում ենք մեր թիմի հետ, գնահատում ենք իրավիճակը սեփական փորձով ու անցած ճանապարհով, եւ եթէ որեւէ մէկը չի ուզում գնալ դէպքի վայր, մենք չենք գնայ: Ոչ մէկի վրայ ճնշում չենք գործադրում, չենք շտապում: Ինքներս ենք գնահատում ռիսկերը եւ մեր գլխամասային գրասենեակի հետ խորհրդակցելուց յետոյ որոշում՝ պէ՞տք է տւեալ պահին գնանք ինչ-որ տեղ, թէ՞ ոչ:

 

Հակամարտութիւնն ունի երկու կողմ, դուք լուսաբանում էք մի կողմից: Ինչպէ՞ս էք պահպանում հաւասարակշռութիւնը, երբ լրագրողը, որը աշխատում է հակամարտութեան միւս կողմում, գտնւում է ճնշման տակ:

Հաւասարակշռութիւնը պահպանելը շատ դժւար է, բայց շատ կարեւոր: Երբեմն դա անելը դժւար է, քանի որ մի կողմը ակնյայտօրէն տառապում է միւս կողմի ագրեսիայից: Երբեմն երկուսն էլ մեղաւոր են, այդ դէպքում հաւասարակշռութիւն գտնելը բարդ է: 

Կոնկրետ այս պատմութեան դէպքում ես Բաքւում գործընկեր ունեմ: Ալ-Ջազիրայի մօտեցումը, հաւանաբար, լաւագոյնն է: Այն թոյլ է տալիս վստահ լինել, որ երկու կողմերի տեսակէտները որպէս մեծ պատկերի էլեմենտներ ներառւած կը լինեն մեր ամենօրեայ ռեպորտաժներում: Եւ մենք դա ենք անում: 

Մի կողմում գտնւող լրագրողին (ինչպէսեւ ցանկացած լրագրողի) կարող է հիասթափեցնել, երբ իր նիւթերը կիսւում կամ պարզապէս տրւում են մէկ ուրիշին: Բայց իմ պատրաստած ռեպորտաժներում կը տեսնէք, որ օգտագործւել են նիւթեր Ադրբեջանից, իսկ իմ գործընկերն օգտագործել է նիւթեր Հայաստանից՝ դրանք հաւասարակշռելու համար: 

Մեր հեղինակութիւնը կախւած է հաւասարակշռւած լինելուց, եւ մենք գիտենք, որ այդ հարցում բաւականին յաջող ենք աշխատում ենք, քանի որ երկու կողմից էլ ստանում ենք քննադատութիւն: Ինչը նշանակում է, որ եթէ ոչ ոք գոհ չէ, ապա գուցէ մենք ճիշտ բան ենք անում:


Բեռնարդ Սմիթը իր օպերատոր Ջամիլ Բասիլի հետ հիւրանոցի համարում նկարահանւած նիւթը մոնտաժելիս

 

Կարեւոր է ստուգել փաստերը, թւերն ու կարծիքները: Ինչպէ՞ս էք կարողանում ստուգել փաստերը, երբ ամենօրեայ ռեժիմով աշխատում էք ճշգրիտ պատկեր ներկայացնել:

Փաստերի ստուգման համար մենք ապաւինում ենք ձեզ նման տեղական լրագրողներին, որոնց հետ համագործակցում ենք մեզ հետ տեղում աշխատելու համար: Փորձում ենք գտնել հնարաւորինս փորձառու մարդկանց: Իհարկէ, մենք օգտագործում ենք վստահելի լրատւական գործակալութիւնների՝ Reuters, AP եւ AFP լուրերը: Երբ դրանք օնլայն նիւթեր են հրապարակում, մենք փորձում ենք ստուգել, եւ խնդրում Ձեզ ստուգել տեղական աղբիւրները: 

Պարզ է, որ մենք չենք խօսում հայերէն, թուրքերէն կամ ադրբեջաներէն, այնպէս որ ինչ-որ մէկը դրանք ստուգում է: Երբ համոզւում ենք, որ աղբիւրները հաւաստի են, սկսում ենք աշխատել այդ տեղեկատւութեան հետ: 

Բայց նաեւ հիմնւում ենք այն փաստերի վրայ, որոնք փոխանցում են պատմութեանը լաւ ծանօթ մարդիկ, յարգանք ունեցող լրագրողները եւ նրանք, ում տեղեկութեանը կարող ենք վստահել: Ոչինչ չենք հրապարակում առանց համոզւելու, որ կան այդ ինֆորմացիան հաստատող կամ ճշտող տեղական աղբիւրներ:


Բեռնարդ Սմիթ, Ստեփանակերտ, 2020 թ․

 

Դուք լուսաբանում էք մոլորակի տարբեր անկիւններից եւ ամէն անգամ աւելի ու աւելի խորասուզւում դէպքերի մէջ: Մի քանի օր անց պատմութիւնը դառնում է անձնական: Ի՞նչ անել, որ պատմութիւնը չսկսի կլանել լրագրողին:

Դէ, իհարկէ, ես լրագրող եմ եւ միշտ էլ հրապուրւում եմ նոր պատմութիւններ յայտնաբերելով: Խոստովանեմ, որ նախքան Լեռնային Ղարաբաղ գալը շատ բան չգիտէի: Յիշում էի 80-ականների դէպքերը, այն ժամանակ սովորում էի համալսարանում: Այս հակամարտութիւնը հեռաւորութիւնից եմ յիշում, թէեւ, իհարկէ, այն ժամանակ էլ շատ բան չգիտէի դրա մասին: Գիտելիքներս ընդհանրական էին, եւ ես կարդում էի որքան հնարաւոր է շատ եւ աւելի խորացւած: 

Եւ իհարկէ, քանի որ ես ամէն օր այստեղ եմ եղել՝ վերապրելով այս պատմութիւնը, իմ գիտելիքներն օրեցօր աճում էին: Այնպէս որ, դա հետաքրքիր ու կլանող գործ է: Ահա, թէ ինչու եմ ես լրագրող եւ ինչու եմ անում այս գործը՝ նոր բաներ յայտնաբերելով եւ պատմելով մարդկանց այն պատմութիւնները, որոնք նրանք սովորաբար չեն լսում: 

Պէտք է ասեմ, որ Ալ-Ջազիրայում աշխատելու գեղեցկութիւնն այն է, որ մենք հնարաւորութիւն ունենք գնալ տարբեր վայրեր եւ աւելի շատ ժամանակ անցկացնել պատմութիւններ յայտնաբերելու համար, քան դա կարող են անել այլ հեռարձակողներ եւ այլ լրատւական կազմակերպութիւններ:

Դա արտօնութիւն է, եւ ես վայելում եմ դա որպէս մասնագէտ: Բայց այո, կայ պահ, երբ փոքր-ինչ ներքաշւում ենք պատմութեան մէջ, քանի որ հանգամանքներն աւելի լաւ ենք հասկանում: Մասնաւորապէս, հիմա գիտեմ, որ այս պատմութիւնը գրեթէ անլուծելի է: Դա նման է Հնդկաստանի եւ Պակիստանի, Իսրայէլի եւ Պաղեստինի իրավիճակին: Դա շատ դժւար լուծելի հարց է, համաձա՞յն էք:

Մարտահրաւէրներից մէկն այն է, որ աշխատում ենք հեռուստատեսութեան համար: Ունենք երկուսուկէս րոպէանոց ռեպորտաժներ՝ լուրերի փաթեթներում եւ շատ դժւար է դրանց մէջ ամէն ինչ ներառել: Հեռուստատեսային լրատւական թողարկումներում ասում են, որ երկուսուկէս րոպեանոց ռեպորտաժը երկար է: Իմ խմբագիրներից շատերը կը գերադասեն մէկուկէս, երկու րոպէն: 

Իսկ ամենամեծ մարտահրաւէրը սցենարն է: Երբ գրում եմ սցենարը, հաւաքում եմ ամբողջ նիւթը եւ ստիպւած յետոյ ամէն բան ֆիլտրում եմ՝ փորձելով նւազագոյնի հասցնել իմ խօսքը, որպէսզի այն տեղաւորւի երկուսուկէս րոպէում, մինչդեռ իմ տեքստը կարող է հասնել 45 րոպէի: Եւ պէտք է բոլոր տեսանկիւնները ներկայացնեմ եւ հնարաւորինս շատ տեղեկատւութիւն ներառեմ: 

Ամէն ինչ այդ կարճ ժամանակային հատւածում է: Դա այս աշխատանքի ամենադժւար մասն է:

Հարցազրոյցը Գեղամ Վարդանեանի

Media.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։