Հա

Հասարակական

22/10/2020 - 15:00

Առաջին անգամ պատերազմ լուսաբանողի փորձից

Օդում թռչող ԱԹՍ-ներն ու պարբերաբար շատ մօտ լսւող հրետակոծութեան ձայները չեն, որ վերջին օրերին յետ են կանգնեցրել այս կամ այն իրադարձութիւնը լուսաբանելու մտքից, այլ անընդհատ հետապնդող վտանգի զգացողութիւնը։

«Հրադադարի» առաջին օրը՝ հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում էի, որոշել էինք նկարահանել քաղաքի թիւ 10 դպրոցում. ուսումնական հաստատութիւնը ադրբեջանական զինուժի հրթիռների ու ռումբերի թիրախ է սեպտեմբերի 27-ից առ այսօր։

«alikonline.ir» - Օդում թռչող ԱԹՍ-ներն ու պարբերաբար շատ մօտ լսւող հրետակոծութեան ձայները չեն, որ վերջին օրերին յետ են կանգնեցրել այս կամ այն իրադարձութիւնը լուսաբանելու մտքից, այլ անընդհատ հետապնդող վտանգի զգացողութիւնը։

«Հրադադարի» առաջին օրը՝ հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում էի, որոշել էինք նկարահանել քաղաքի թիւ 10 դպրոցում. ուսումնական հաստատութիւնը ադրբեջանական զինուժի հրթիռների ու ռումբերի թիրախ է սեպտեմբերի 27-ից առ այսօր։

Ըստ ամենայնի, պատճառը դպրոցին շատ մօտ մի կարեւոր քաղաքացիական ենթակառուցւածք է, որը պարբերաբար փորձում է շարքից հանել հակառակորդը՝ զուգահեռաբար աւիրելով տարածքի շէնքերն ու ուսումնական հաստատութիւնը։ 

Դպրոց տանող ճանապարհին մեզ ու մեր ուղեկիցներին պարբերաբար զանգահարում էին ու յայտնում, որ որեւէ հրադադար չկայ. հարաւում ու հիւսիսում թէժ մարտեր են, պէտք է ապաստարան իջնել, Ստեփանակերտին էլ կը հարւածեն։ Բաւականին լարւած վիճակում մօտեցանք դպրոցին, չէինք հասցրել կանգնել, երբ պայթիւնի ուժգին ձայն լսւեց, ինչն էլ ազդարարում էր, որ հաւանական հրթիռակոծութեան դէպքում՝ թիրախում նաեւ դպրոցն է լինելու ու մենք։ Խուճապի չմատնւեցինք, արագ լքեցինք տարածքը։ Երկու օր անց ի վերջոյ այնտեղ նկարահանում իրականացրեցի։

Ես պատերազմական գործողութիւններ լուսաբանող սկսնակ լրագրող եմ, սա իմ առաջին լուրջ փորձն է, այնպէս որ չեմ վախենայ ասել, որ Արցախում իւրաքանչիւր օր աշխատել եմ գերլարւած մթնոլորտում։ 

Պատերազմի շունչն ակնյայտ զգացել եմ Հադրութ քաղաքին մօտենալով ու միաժամանակ ռազմաճակատից կիլոմետրերով հեռու գտնւելով։ Որոշել էինք պատմել թիկունքային աշխատանք կատարող Տումեցի Սպարտակի մասին (անվտանգութեան նկատառումներից ելնելով ես իմ հերոսների անձնական տւեալները ամբողջութեամբ չեմ ներկայացնում)։ Սպարտակին չէին տարել ռազմաճակատ, սակայն նա օգնութիւն էր ցուցաբերում զինծառայողներին եւ քաղաքացիական բնակչութեանը՝ տեղափոխում սնունդ եւ հագուստ, մտնում թէժ կէտեր, ինչպէս օրինակ Հադրութ քաղաք ու այնտեղից դուրս բերում երեխաների, կանանց եւ ծերերի։

Սպարտակի հետ ճանապարհ ենք ընկնում։ Ստեփանակերտից դուրս ես գալիս եւ զգում պատերազմի իրական շունչը։ Սկզբում աւելի շատ ես տեսնում զինւորական մեքենաներ, փողոցի աջ ու ձախ կողմերում՝ ծառերի տակ դիրքաւորւող զինծառայողներ, շարունակում ես երթեւեկել՝ գիւղերը լքւած են, խանութները՝ փակ, տղամարդիկ են միայն, բոլորը զինւած։ 

Աւելի ես խորանում՝ տարբեր հատւածներում զինտեխնիկայ է՝ հրետանի, զրահամեքենաներ, տանկեր։ Յետոյ արդէն տեսնում ես խոցւած զինտեխնիկայ ու տեղ-տեղ գետնի մէջ «մեխւած» հրթիռներ։

Ինչքան մօտենում ես առաջնագծին, այնքան աւելի է ուժգնանում հրետանու ձայնը, ամբողջ ճանապարհին օդում պտտւում են ԱԹՍ-ները։

Երբ տեղ ես հասնում, հասկանում ես, որ երկար ժամանակ չունես, ամէն ինչ պէտք է անել հնարաւորինս արագ ու լսել ոչ միայն զրուցակցիդ խօսքն, այլեւ հրետանու եւ ԱԹՍ-ների ձայները։

Արցախում եղած ժամանակ նաեւ հասկացայ՝ եթէ ուզում ես անվտանգ նկարահանում իրականացնել, ապա ապաստարաններից դուրս գալ չես կարող։ 

Շուշիում Վազգէն Սարգսեանի արձանի դիմաց «տանկիստ» Արմէնին էինք նկարահանում, ամբողջ ընթացքում ԱԹՍ-ի թոյլ ձայնն էր լսւում երկնքում։ Արմէնը պատմում էր, որ 1994-ի պատերազմի ժամանակ հարսանիքի է գնացել, խօսքն աւարտեց ու նկատեցինք, որ ԱԹՍ-ն մօտենում է. սուր սւոցը յուշում էր, որ այսպէս կոչւած «կամիկաձէ» անօդաչուն անցել է յարձակման։ Արմէնը մի քանի անգամ խաչակնքւեց՝ կրկնելով՝ «Աստւած մեզ հետ է», յետոյ իրար նայեցինք ու հասկացանք՝ գետնին պառկելու ժամանակն է։ Մեր գլխաւերեւով անցաւ անօդաչուն, բայց չհասցրեց խոցել իր թիրախը, քանի որ չէզոքացւեց ՀՕՊ-ի հարւածից։

Արցախցիներն այս օրերի ընթացքում պաշտպանական լաւ մեթոդներ էին մշակել, որոնք փոխանցում էին մեզ, դրան գումարած ստացել եմ մի փոքր փորձ, սիրով կը կիսւեմ ընթերցողի հետ.

Այսպէս. 

  1. Եթէ պայթիւնի կամ հրետակոծութեան ձայն ես լսում, բայց հասկանում, որ դա ինչ-որ շէնքի կամ այլ թիրախի խոցման ձայն է, ապա հրթիռները քեզնից հեռու են ընկել, հակառակ դէպքում՝ ձայնը կը լսես կենդանի մնալուց յետոյ։ Ամէն դէպքում հարկաւոր է պատսպարւել եւ առնւազն կէս ժամ սպասել։
  2. Օդում սուր ու արձագանքով պայթիւնի ձայն լսելիս արագ փախչիր ու պատսպարւիր, ունես 5-6 վայրկեան. ըստ ամենայնի «Սմերչի» հռթիռն է գլխավերեւումդ՝ 100-200մ բարձրութեան վրայ պայթել ու ցած են ընկնում ռումբերը։
  3. Առաջնագծի գիւղերին մօտենալիս ԱԹՍ-ն քեզ «հետապնդելու է» գրեթէ միշտ, նկարահանումներ հարկաւոր է անել ծածկ ունեցող տարածքներում կամ տների ներսում՝ հեռու մնալով պատուհաններից։
  4. ԱԹՍ-ի ձայնի առկայութեան ժամանակ ոչ մի պարագայում նկարահանումներ մի կազմակերպիր երեքից աւելի մարդկանց մասնակցութեամբ։ ԱԹՍ-ն փնտրում է զինտեխնիկայ, սակայն տեսնելով մի տեղ հաւաքւած մարդկանց, հաւանականութիւնը շատ է, որ կը հարւածի։
  5. Նկարահանումներն անելուց առաջ ոչ միայն եւ ոչ այնքան փնտրիր տեղանք, որտեղ արագ կը կարողանաս պատսպարւել հրետակոծութիւնից, այլ ճշտիր՝ որքանով է նկարահանման վայրը հեռու զօրամասից, պահեստից, քաղաքացիական կենսական նշանակութիւն ունեցող ենթակառուցւածքից. հակառակորդն այդ ենթակառուցւածքներն է թիրախաւորում՝ աւիրելով 500մ շառաւղով ամէն ինչ։

Արցախում անցկացրած օրերի ընթացքում բազմաթիւ պայմանաւորւածութիւններ եմ ձեռք բերել. Տումեցի Սպարտակի հետ որոշել ենք գնալ իրենց գիւղ ու թոնրի խորոված պատրաստել, Շուշիից Էդիկի հիւրատանն էլ մէկ շաբաթ կը հանգստանանք, իսկ Շոշ գիւղից Արտակենց քարուքանդ եղած տունը համատեղ ուժերով կը վերանորոգենք։ Շատ են պայմանաւորւածութիւները, նախապայմանը մէկն է՝ խաղաղութիւն պէտք է տիրի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։