Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:
Ըստ կրթադաստիարկչական մասնագէտների, տարրական շրջանի ուսմունքը, մարդկանց կրթական եւ յառաջադիմութեան մէջ, ամենագլխաւոր դերակատարութիւն ունեցող շրջանն է համարւում:
Մանուկները տարրական շրջանում են սովորում թէ ինչպէս պիտի սովորեն եւ այդ սովորելուց ինչպիսի հաճոյք ստանան սակայն հեռավար ուսուցումով աշակերտը զրկւում է այդ հաճոյքից եւ երբ նրանք ուսմունքից հաճոյք չեն ստանան, կտրւում են դասից ու սովորելուց, քանզի հեռավար ուսուցումը այն բաւարար ցանկութիւնը չի առաջացնում տարրական աշակերտի մօտ:
Աշակերտները տարրական շրջանում իրենց հինգ զգայարաններից օգտւելով պիտի սովորեն, նրանք պիտի տեսնեն, լսեն, շօշափեն եւ զգան այն ամենը ինչ որ իրենց շուրջն է մինչ դեռ հեռավար ուսուցումը օգտւում է միայն աշակերտի լսողա-տեսողութիւնից եւ միւս երեք զգայարաններից օգտւելը նկատի առնւած չէ որն զրկում է աշակերտին իր ամբողջ զգայարաններով սովորելու կարողականութիւններից:
Հեռավար ուսուցմամբ չի կարելի որոշ հմուտութիւններ ուսուցանել ու կատարեալ կերպով զարգացնել աշակերտութեան մէջ, ինչպէս օրինակ ընթերցանութիւնը որն օգնում է երեխային ապագային լաւ եւ ինքնավստահ դասախօս դառնալուն, ընթերցանութեան հմտութիւնը զարգանում է ուսուցչի շրթունքի, դէմքի միմիկայի եւ ապրումների դրսեւորման ձեւերից որը հնարաւոր է դասարանային պարապմունքներով միայն եւ ոչ թէ տնում՝ առանձնաբար:
Դպրոցում աշակերտների խմբային խաղերը, միմիանց հետ կռւելը, կողք-կողքիքի լինելը եւ հաւաքական աշխատանքները, աշակերտութեան մէջ զարգացնում է համագործակցութեան ազգային ոգի, առաջացնում մրցակցութեան ու զարգանալու ձգտում ու միասնական պայքարի աննկուն կամք որոնք անհնար է հեռավար ուսուցմամբ փոխանցել աշակերտութեան, քանզի երկար ժամանակի վրայ, հեռավար ուսուցմամբ աշակերտը մեկուսանում եւ աստիճանաբար հեռանում է վերոնշեալ մարդկային բարի յատկութիւններից եւ առանձնաբար գիտութիւններ ձեռք բերելով, նրա մէջ առւել զարգանում է, «ես»ը քան «մենք»ը եւ դառնում է եսակենտրոն որն հասարակագիտութեան տեսակէտից համարւում է անբարոյ յատկութիւն: Յուսանք այս անիծեալ վարակի վերացմամբ, թէ մեր բոլորի եւ թէ ի մասնաւորի մեր աշակերտութեան կեանքը կմտնի բնական հունի մէջ:
Նոր Ջուղա
5.10.2020 թ.