Հա

Հասարակական

30/01/2021 - 12:40

Այսօր Սուրբ Սարգիս Զօրավարի տօնն է

Այսօր՝ յունւարի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է երիտասարդների բարեխօս Ս. Սարգիս զօրավարի յիշատակութեան օրը:

«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է երիտասարդների բարեխօս Ս. Սարգիս զօրավարի յիշատակութեան օրը:

Ս. Սարգիս Զօրավարն ամենասիրւած սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակւել է յանուն քրիստոնէական հաւատքի: Արիութեան համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգւում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտւելով կայսեր յօժարութիւնից` իր իշխանութեան տակ գտնւող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհեանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնէութիւնը։

Երբ Յուլիանոս Ուրացողի թագաւորութեան օրօք (360-363) սկսւում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստւածային յայտնութեամբ հրաման առնելով հեռանալ կայսրութեան սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնեայ Հայաստանում, ուր թագաւորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Յուլիանոսը մեծ զօրքով շարժւում է Պարսկաստանի վրայ, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել յարձակման վտանգից, յորդորում է Սարգսին ծառայութեան անցնել Շապուհի մօտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զօրագնդերի հրամանատար: Զօրականներից շատերը, տեսնելով փայլուն զօրավարի բարեպաշտութիւնն ու վարքով վկայած նւիրումն առ Աստւած, իր աղօթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարւում էին հեթանոսութիւնից եւ դառնում քրիստոնեայ: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել:

Զօրավարն անմիջապէս մերժում է` ասելով. «Երկրպագելի է մէկ Աստւած` Ամենասուրբ Երրորդութիւնը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնէ աստւածներ չեն, հողեղէն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խօսքերից յետոյ Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը յարձակւում է Ս. Սարգսի եւ նրա որդու վրայ:

Առաջինը նահատակութեան պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկւում է եւ աներեր մնալով իր հաւատքի մէջ` գլխատւում: Նահատակւելուց յետոյ Ս. Սարգսի մարմնի վրայ լոյս է ծագում: Քրիստոնէական հաւատքի համար նահատակւում են նաեւ Ս. Սարգսին հաւատարիմ տասնչորս զինւորները: Հաւատացեալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրւած սրբերից է, եւ պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զօրավարի տօնը Հայաստանում ընդունւած է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղօթքով, այլեւ ժողովրդական սովորոյթներով, որը մեզանում նւիրական աւանդութիւն է: Ս. Սարգիս Զօրավարը երիտասարդների արագահաս բարեխօսն է: Նրա միջնորդութեամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղօթքները հասցնի առ Աստւած:

Ս. Սարգսի տօնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազայայտնութիւնը: Այդ օրւայ յիշատակելի սովորութիւններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս Զօրավարի ձիու պայտի հետքին: Ըստ աւանդոյթի` Ս. Սարգիսը պէտք է հրեշտակների ուղեկցութեամբ անցնի, եւ ում մատուցարանի մէջ դրւած ալիւրի կամ փոխինդի մէջ թողնի մաքրութիւն, անաղարտութիւն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանայ տւեալ հաւատացեալի երազանքը: Երիտասարդները տօնի առթիւ միմեանց բացիկներ եւ քաղցրաւենիք են նւիրում:

Յարակից լուրեր

  • Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօնը
    Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօնը

    Կիրակի, 31 յունւարի 2021 թ.-ի առ. ժամը 11-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում, Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, նշելու համար սոյն եկեղեցու կառուցման եւ անւանակոչութեան տօնը:

  • Ս. Սարգիս զօրավարի եւ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօները նշւեցին երկօրեայ արարողութիւններով
    Ս. Սարգիս զօրավարի եւ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօները նշւեցին երկօրեայ արարողութիւններով

    Ուրբաթ եւ շաբաթ՝ 2021 թւականի յունւարի 29 եւ 30-ին, Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ու մասնակցութեամբ եկեղեցական դասի, Ս. Սարգիս զօրավարի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ:

  • Ս. Սարգսի տօնի ոգեկոչում Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում
    Ս. Սարգսի տօնի ոգեկոչում Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում

    Ամէն տարի Մեծ պահքից 15 օր առաջ յիշատակւում է Ս. Սարգսի տօնը։ Սուրբ Սարգիսը պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ, 6 եւ 7 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հսկումի արարողութիւն եւ շաբաթ 8 փետրւար 2020 թ.-ին մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. արարողութեանը նախագահեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը:

  • Այսօր Սուրբ Սարգսի տօնն է
    Այսօր Սուրբ Սարգսի տօնն է

    Այսօր սիրոյ բարեխօս Սուրբ Սարգիս Զօրավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինւորների տօնն է, որն այս տարի նշւում է փետրւարի 8-ին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։