Հա

Հասարակական

11/07/2021 - 12:40

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը

Տէր Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը` Վարդավառն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնում է յուլիսի 11-ին:

Տէր Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը` Վարդավառն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնում է յուլիսի 11-ին:

Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից երրորդն է: Մեր Տէր Յիսուս Քրիստոս, համաձայն Աւետարանի, Ս. Պետրոս, Ս. Յակոբոս եւ Ս. Յովհաննէս առաքեալների հետ բարձրանում է Թաբոր լեռն՝ աղօթելու: Աղօթքի պահին Յիսուս նրանց առաջ պայծառակերպւում է. «Դէմքը փայլեց, ինչպէս արեգակը. եւ Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպէս լոյսը» (Մատթէոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջեւ Քրիստոս խօսում է շուրջ հազար տարի առաջ վախճանւած Մովսէսի եւ հրեղէն կառքով երկինք համբարձւած Ս. Եղիա մարգարէի հետ: Ս. Ղուկաս աւետարանիչը պատմում է, որ նրանք խօսում էին Քրիստոսի երկրային կեանքի վերջին օրերի դէպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղէմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլւած՝ Ս. Պետրոս առաքեալը բացականչում է. «Վարդապետ, լաւ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղաւարներ շինենք, մէկը`Քեզ, մէկը` Մովսէսի եւ միւսը` Եղիայի համար»: Մինչ Նա խօսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, եւ ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, Դրան լսեցէք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքեալներին` Յիսուս նրանց պատւիրում է ոչ ոքի չյայտնել տեսածի ու լսածի մասին`մինչեւ Աստծոյ Որդու փառաւորւելը:

Ս. Յովհան Ոսկեբերանը երեք բացատրութիւն է տալիս, թէ ինչու Տիրոջը յայտնւեցին Ս. Մովսէս եւ Ս. Եղիա մարգարէները. երկուսն էլ ունեցել են Աստծոյ տեսիլքը՝ Մովսէսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրայ (Գ Թագաւորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կեանքը եւ մահը: Մովսէսը մահացաւ` այդպէս էլ չտեսնելով խոստացւած երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացաւ հրեղէն կառքով: 

Յիսուսի պայծառակերպութեան ժամանակ Մովսէսի` նախանձայոյզ օրէնսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխւած նախանձախնդիր օրինապահի յայտնւելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրէնսդիրը եւ չի դրժում Աստծոյ Ուխտը: Նա է Տէրը երկրի եւ երկնքի, ողջերի ու մեռեալների, քանզի Մովսէսին մեռեալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տօնը յայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տօնի ժամանակ ժողովրդական սովորոյթներից է միմեանց վրայ ջուր ցողելն ու աղաւնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկութիւնը, Նոյի աղաւնուն: Սովորութիւն է նաեւ ծաղիկներով զարդարւելը, ինչն Աստւածորդու փառքի երեւման առթիւ մեծ ուրախութեան արտայայտութիւն է:

«Վարդավառ» ժողովրդական անւանումը, հաւանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորութիւնից:

Ս. Գրիգոր Տաթեւացին տօնի «Վարդավառ» անունը բացատրում է Յիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպէս վարդը մինչեւ բացւելը թաքնւած է իր պատեանի մէջ եւ բացւելով` երեւում է բոլորին, այնպէս էլ Յիսուս մինչեւ այլակերպութիւնն Իր մէջ կրում էր աստւածային էութիւնը եւ պայծառակերպւլով` յայտնեց Իր Աստւածութիւնը:

Վարդավառի տօնին նախորդում է շաբաթապահք: Իսկ յաջորդ օրն, ինչպէս տաղավար բոլոր տօներից յետոյ, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցեալների հոգիների համար մատուցւում է ս. պատարագ եւ կատարւում հոգեհանգիստ:

Պայծառակերպութեան տօնով հաստատւեց այն ճշմարտութիւնը, որ Յիսուս Աստծոյ Որդին է: Աստծոյ պատգամն է առաքեալներին եւ ողջ աշխարհին. «Նրան լսեցէք»:

 

Յարակից լուրեր

  • Վարդավառի եկեղեցական-ազգային տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
    Վարդավառի եկեղեցական-ազգային տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 11 յուլիսի 2021-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը նշուեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ
    Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը նշուեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ

    Կիրակի, 11 Յուլիս 2021-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, տօնախմբուեցաւ մեր Տիրոջ եւ Փրկիչին Յիսուս Քրիստոսի եւ հայ եկեղեցւոյ հինգ տաղաւարներէն երրորդը՝ Պայծառակերպութեան կամ Այլակերպութեան Ս. Տօնը:

  • Պայածառակերպութեան տօնը Թեհրանի հայոց թեմում
    Պայածառակերպութեան տօնը Թեհրանի հայոց թեմում

    Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը այս տարի տօնակատարեց յուլիսի 11-ին, բայց ցաւօք, Թեհրանում համաճարակային սահմանափակումների պատճառով, բոլոր եկեղեցիներում տօնական ս. եւ անմահ պատարագը մատուցւեց դռնփակ կարգով։ Անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովուրդն անմասն չմնաց ս. եւ անմահ պատարագի արարողութիւնից: Արարողութիւնը եկեղեցիների ինստագրամային էջերով մատուցւեց հանրութեանը։

  • Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Թեհրանում
    Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Թեհրանում

    Այս տարի Յիսուս Քրիստոսի պայծառակերպութիւնը տօնւեց կիրակի, յուլիսի 19-ին, ցաւօք երկրում տիրող համաճարակի պայմաններից ելնելով, առանց հաւատացեալ ժողովրդի, անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովրդին, անմասն չթողնելով, որոնք մտօք եւ իսնտագրամով հետեւում էին արարողութեան։

  • Այսօր Վարդավառ է
    Այսօր Վարդավառ է

    Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ յուլիսի 19-ին, նշում է Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը, որը ժողովրդի շրջանում յայտնի է որպէս Վարդավառ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։