Հա

Հասարակական

20/07/2021 - 14:30

«Տիեզերքի մթութիւնը աստղերի փայլով է խորացւում». NASA-ի իրանահայ աստղաֆիզիկոս, գիտնական Վարուժան Գորջեանի հետքերով

 

Երբ առաջին անգամ իմացայ Վարուժան Գորջեանի մասին, մեծ էր ապրածս հպարտութեան զգացումը, քանի որ միանգամից միաձուլւեցին ՆԱՍԱ-ի եւ հայ գիտնականի անունները: Իսկ երբ իմացայ նրա իրանահայ լինելու մասին, աչքերում եղած փայլը հանգիստ չտւեց ինձ մինչեւ նրա հետ հեռակայ հարցազրոյցի աւարտը: Դա 10 տարի առաջ էր, երբ ՆԱՍԱ-ի «մեր» տղաների հետ հարցազրոյցների շարք իրականացւեց «ԱԼԻՔ»-ի միջոցով:

«ԱԼԻՔ», Հատիս - Երբ առաջին անգամ իմացայ Վարուժան Գորջեանի մասին, մեծ էր ապրածս հպարտութեան զգացումը, քանի որ միանգամից միաձուլւեցին ՆԱՍԱ-ի եւ հայ գիտնականի անունները: Իսկ երբ իմացայ նրա իրանահայ լինելու մասին, աչքերում եղած փայլը հանգիստ չտւեց ինձ մինչեւ նրա հետ հեռակայ հարցազրոյցի աւարտը: Դա 10 տարի առաջ էր, երբ ՆԱՍԱ-ի «մեր» տղաների հետ հարցազրոյցների շարք իրականացւեց «ԱԼԻՔ»-ի միջոցով:

Իսկ այսօր, երբ տարիներ են անցնում մեր այդ ծանօթութիւնից ու նորից ես հետեւում նրա աշխատանքներին հասկանում ես, որ հպարտանալու առիթները կարող են չսահմանափակւել միայն պահերով: Այն կարող է տիեզերքի խորութեամբ ձգւել ժամանակի կողքին ու անհատականութիւնների մասին յստակ դիմագիծ գծել մտքերում:

Պրոֆ. Վարուժան Գորջեանի մասին պատմող այս յօդւածը վերջերս է լոյս տեսել «Քալթէք»-ի գիտական պարբերականում: Պէտք է խոստովանել, որ յօդւածը թարգմանելու ժամանակ յաճախ յայտնւելով բարդ իրավիճակում երկար որոնումների կարիք զգացւեց, որպէսզի այն՝ խորքում նստած գիտական լեզւով բացատրւող երեւոյթների իրականութիւնից հեռու բան չստացւի:

Ինչ խօսք, «Քալթէք»-ի յօդւածից յետոյ, յայտնւեցի եւս մէկ հաճելի փաստի առաջ: Դա Վարուժանի հարազատ եղբօր՝ Զարեհ Գորջեանի մասին էր, ով շուրջ 25-ամեայ աշխատանքային փորձ ունի նոյն՝ ՆԱՍԱ-ում (Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւն), եւ, որ մինչ օրս Մարսի ու Վեներայի եւ միւս բոլոր մոլորակների ու Արեգակնային համակարգի մասին մեր ունեցած պատկերաւոր յիշողութիւնը կազմւած է նրա անիմացիոն ու համակարգչային աշխատանքների հիման վրայ: Զարեհի պատրաստած անիմացիոն վաւերագրական տեսաֆիլմը 2019-ին արժանացել է «ԷՄՄԻ» մրցանակի:

... 

Տիեզերքի խորութեան մասին ճշմարտութիւնն ամէն իրիկուն իւրաքանչիւրիս երեսին է նայում, պարզապէս պէտք է հայեացքները միաձուլւեն, ասում է աստղագէտ Վարուժան Գորջեանը ՆԱՍԱ-ի պարբերականին տւած հարցազրոյցում: «Այն մատչելի է բոլորիս, աստղադիտակ պէտք չէ, այն զգալու համար պարզապէս պէտք է նայել վերեւ»:

«Դուք կարող էք շատ բան իմանալ տիեզերքի մասին դուրս գալով տնից կէս գիշերին ու պարզապէս նայել վերեւ»,- ասում է JPL-ի հետազօտող-գիտնական Գորջեանը, ով հանդիսանում է Caltech-ում (Կալիֆորնիայում գործող պոլիտեխնիկ համալասրան) ՆԱՍԱ-ի կապը:

Գորջեանը բացատրում է, որ այդ խաւարը հէնց այն իրականութեան հզօր հետքն է, ինչը խօսում է տիեզերքի անսահմանափակութեան կամ անսահման մեծ լինելու մասին: Այլ կերպ ասած, տիեզերքն այնքան էլ յաւերժական ու անսահմանափակ թւով աստղերով ու օբիեկտներով բնակեցւած չէ ինչպէս պատկերացնում էին հին ժամանակներում աստղագէտները, եթէ ​​տիեզերքը լինէր այնպիսին, որ լցւած լինէր վերջ չունեցող աստղերով, ապա նոյնիսկ ամենահեռաւոր ու պայծառ օբիեկտների շողացող լոյսն արդէն իսկ հասած կը լինէր մեզ՝ Երկրին: Արդիւնքում, գիշերային երկինքը շողացող աստղային օբիեկտների լոյսից բոցավառ պատ կը դառնար: Տրամաբանութիւնը՝ անտառում յայտնւած մարդու օրինակն է, ով շրջում ու ամենուր ծառեր է տեսնում:

Այն փաստը, որ փոխարէնը մեզ դիմաւորում է գիշերային մթութիւնը, երբ հայեացք ենք բարձրացնում, այդ ժամ էլ խաւարն յուշում է, որ տիեզերքի մասին եղած ենթադրութիւններից մէկը, հաւանաբար, սխալ է:

Դիտարկումը յայտնի է որպէս՝ Օլբերսի պարադոքս, ինչն իր անւանումն ստացել է 17-րդ դարի գերմանացի աստղագէտ Հենրիխ Վիլհելմ Օլբերսի աշխատանքի շնորհիւ: «Այժմ գիտնականներն այն կարծիքին են, որ տիեզերքն, ամենայն հաւանականութեամբ, սահմաններ չունի»,- ասում է Գորջեանը: «Այնուամենայնիւ հաշւի առնելով տւեալ պարադոքսը, պէտք է հասկանալով ընդունել, որ տիեզերքը հաստատ ժամանակի տարածոթեան մէջ ունի տարիքային սահմանում, ինչը մեզ յուշում է Մեծ պայթիւնի մասին: Տրամաբանական կը լինի ասել, որ այս բոլորին սկիզբ էր պէտք»:

Գորջեանը յաճախ է բարձրաձայնում Օլբերսի պարադոքսի մասին, յատկապէս, երբ նա հասարակութեան լեզւով տիեզերքի ու աստրոֆիզիկայի հրաշալիքների մասին ներկայացնելիս է լինում: Տարածք, որտեղ նա փայլում է իր անսովոր տաղանդով: Սա մեծագոյն պարգեւ էր լարային տեսութեանը բառացի պարզաբանում տալու համար: Նոյն ուղղութեամբ իրականացւող՝ տիեզերքը հանրութեանն առնչակից դարձնող ծրագրի շրջանակում Գորջեանին առաջարկել են բացատրել սեւ խոռոչների մասին տարբեր փորձառութիւններով ու կենսափորձ ունեցող անձանց, այդ թւում 5 տարեկան երեխայի:

Գուրջեանը տիեզերքով հմայւած էր դեռ մանկութիւնից: Ծնողները նրան պատմել են, թէ ինչպէս էր նա, տղայ ժամանակ, ուրախութիւնից Լոնդոնի «Պլանետարիում»-ի պատերին թռչկոտում, երբ ընտանիքով մոլորակների ցուցասրահ էին այցելել: Գուցէ անյարմար չստացւի, եթէ պատանի Վարուժանին նոյնպէս տրեկկի համարենք (արկածային արշաւների սիրահար):

Իրանում ծնւած հայ ընտանիքի զաւակ, ով իր աւագ եղբօր՝ Զարեհի հետ պարսկերէն կրկնօրինակւած «Աստղային ճանապարհ» սերիալի երկրպագուներից էր: Քոյրերն ու եղբայրները շոուն անւանել էին «Mr. Spock», կամ «Spock show», սիրելի գլխաւոր հերոսի անունով: Գորջեանն ասում է, որ հերոսն իրեն հրապուրել էր դրսեւորած գիտական ​ունակութիւնների պատճառով: Նաեւ այն պատճառով, որ, լինելով կիսով չափ մարդ, կիսով՝ վուլկան (հին հռոմէական դարբնութեան եւ կրակի աստւած), Spock-ը իւրայատուկ կերպար էր մարմնաւորում: Գորջեանը կարեկցում էր կերպարին, յատկապէս այն բանից յետոյ, երբ ընտանիքի հետ հաստատւեցին Լոս Անջելէսում, երբ ընդամէնը 10 տարեկան էր: Դա այն ժամանակ էր, երբ Իրանում Իսլ. յեղափոխութիւնն իր կարգերն էր հաստատել արդէն:

 

«Սպակով միաւորւած կերպարը հէնց այն էր, ինչ ես էի ցանկանում լինել»,- ասել է Գորջեանը NASA-ի թերթին տւած հարցազրոյցում: «Ես նոյն այդ երկու՝ միմեանցից տարբերւող մշակոյթների միահիւսւած ցանցում էի յայտնւել: Spock-ը միաժամանակ ունէր այդ երկու՝ մարդկային եւ կրակի ու երկաթի կողմերը, իսկ ինձ մօտ խառնուրդն աւելի շատ էր այդ միահիւսւած մշակոյթների բերումով»:

Տիեզերքի հանդէպ սիրոյ պատճառով երիտասարդ Գորջեանը սկսեց երազել տիեզերագնաց դառնալու մասին: «Շատ երեխաներ նոյնն էին ցանկանում, ու մեծ մասի մօտ ստացւում էր այն: Իսկ ես երբեք այնքան մօտ չէի զգում իմ այդ երազանքին»,- ասում է նա ծիծաղելով:

Այս երազանքը Գորջեանին մղեց դէպի «Քալթէք» համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոն, որտեղ նա շրջապատւած զգաց իրեն նոր ընկերներով, ում հետ կապը շարունակւում է մինչ օրս: «Մենք թւով հինգն ենք, ու բոլորովին վերջերս նորից հաւաքւեցինք՝ նշելու այդ ընկերութեան 30-ամեակը: Այն օրերի պատւին, երբ միասին սկսեցինք Caltech-ի մեր ուղեւորութիւնը»,- ասում է նա աչքերի փայլը չթաքցնելով:

Գորջեանն իր մասնակցութիւնը «Caltech’s Summer բակալաւրիատի հետազօտական կրթաթոշակ» ծրագրին համարում է գիտութեան ասպարէզ մտնելու ճանապարհին վերցրած իր առաջին լուրջ քայլը: Նա աշխատել է աստղաֆիզիկոս Ջորջ Իւրկովսկու հետ` ուսումնասիրելով գալակտիկաների էւոլիւցիան, ինչպէս նաեւ տիեզերաբան Թոնի Ռեդհէդի` ուսումնասիրելով տիեզերական միկրոալիքային վառարանաֆոնի նւազ ճառագայթումները, որը Մեծ պայթիւնից մնացած ջերմութեան ստորագրութիւնն է կրում իր վրայ:

«Ամենից շատ տպաւորւած էի Վարուժանի խանդավառութեամբ ու դրսեւորած նւիրւած կեցւածքից: Այդ առաջին ամռանը մենք միասին աշխատելու շնորհիւ մեծ յաջողութիւններ ունեցանք»,- ասում է աւագ գիտաշխատող-աստղաբան Ռեդհէդը:

Caltech-ից յետոյ Գորջեանը UCLA-ից ստանում է աստղագիտութեան եւ աստղաֆիզիկայի գիտութիւնների թեկնածուի կոչում: Ասպիրանտուրայում էր դեռ, երբ սկսեց ուսումնասիրել ակտիւ գալակտիկական միջուկները: Ակտիւ գալակտիկական միջուկը (AGN) գերհզօր սեւ անցքերի (խոռոշ) գեր-էներգետիկ հետքն է, ինչը տեղակայւած է լինում գալակտիկաներից մեծ մասի սրտում: AGN-ի էներգիան առաջանում է գերակշռող սեւ խոռոչի մէջ պարուրաձեւ գազի ներթափանցման արդիւնքում, ինչն անսահման տաքութեան բերումով ճառագում է: Այս AGN-ների ենթաբազմութեան մէջ մասնիկների հզօր երկւորեակ շիթերին յաջողւում է դուրս գալ Սեւ խոռոշների բեւեռներից լուսային տարիների ծաւալով տարածւածութեամբ: Ամենահին ու ամենաէներգետիկ AGN-ն յայտնի է որպէս Քւազար:

UCLA-ում Մեթիւ Մալքանի (PhD 83-տարեկան) հետ մշակած դասախօսական ծրագրի շրջանակներում Գորջեանը ցուցադրում է Հաբըլ տիեզերական աստղադիտակի միջոցով արւած լուսանկարները՝ AGN-ների լիցքի մասին դրանց պատկերաւոր էութիւնը փոխանցելով ուսանողներին: «Այդպէս AGN-ները դարձան իմ սովորական, ամենօրեայ գիտութեան տարերքը»,- ասում է Գորջեանը:

Ասպիրանտի կոչումն ստանալուց յետոյ, Գորջեանը վերջապէս պատրաստ էր իրականացնելու իր մանկութեան երազանքը: Նա դիմում է NASA-ի տիեզերագնացների կորպուսին՝ մասնակցելու տիեզերագնացների պարապմունքներին, ինչը վերապահւած էր գիտական, ճարտարագիտական ​​եւ բժշկա-գիտական աւագ փորձագէտներին միայն: Սակայն այդ ժամանակ նրա տեսողութիւնը, որը սկզբից էլ կատարեալ վիճակում չէր, նրան կտրեց քննութիւններից ու Վարուժանի որակազրկման պատճառ դարձաւ: Գորջեանը, սակայն, նշում է, որ առանձնապէս չվհատւեց իրադարձութիւնների այդ շրջադարձից:

Մէկ է, նա ինչպէս միւս կտրւած ընկերների դէպքում էր, դատապարտւած էր շարունակելու իր մասնագիտական կեանքը: «Ես ընդամէնը վեց տարի էի ծախսել ասպիրանտուրայի վրայ: Եթէ ​​իմ դիմումը վաւերացրած լինէին, դա կարող էր նշանակել, որ տեղափոխւելու եմ Հիւսթոն՝ եւս եօթ տարի տիեզերագնացների վերապատրաստման պարապմունքներին մասնակցելու՝ նախքան տիեզերք դուրս գալը: Այնպէս որ, մտածեցի. «Գիտէք, հէնց այդ պատճառով էլ ուրախ եմ, որ կտրւեցի քննութիւններից»,- ասում է Գորջեանը:

Գորջեանը նաեւ հասկացաւ, որ այն, ինչը նա համարում էր միջոց, արդէն իսկ դարձել է նպատակ: Աստղագիտութեամբ զբաղւելը նրան մեծ ուրախութիւն էր պատճառում: «Եթէ ինձ ընդունելու լինէին, կը գնայի այդ դժւար ճանապարհով»,- ասում է Գորջեանը: «Բայց այս կերպ ես կարող էի աւելին խորանալ տիեզերքում ու աստղագիտութեամբ զբաղւելու իմ տարերքի մէջ շարունակելով այն, ինչն ինձ անսահման դուր է գալիս»:

Այսպիսով, Գորջեանը մնաց Կալիֆորնիայում եւ ընդունեց JPL-ի աշխատանքի առաջարկը որպէս՝ յետդոկտորանտ գիտաշխատող: Նա համագործակցելու էր գիտնական Մայքըլ Վերների հետ, ով հետագայում կը դառնար NASA-ի ինֆրակարմիր Spitzer տիեզերական աստղադիտակի գլխաւոր գիտաշխատողը: «Իմ մասնագիտութիւնն արդէն փոխւել ու դարձել էր ինֆրակարմիր աստղագիտութիւնը»,- ասում է Գորջեանը: «Այն ժամանակ JPL-ն ու Caltech-ը, IPAC-ի եւ Spitzer Science Center-ի միջոցով, անսահման խորաթափանց էին դարձել տիեզերքում ու աստղաֆիզիկայի ոլորտում»:

Երկու տարի յետդոկատում աշխատելուց յետոյ Գորջեանն լիաժամ աշխատանքի է ընդունւում JPL-ում` որպէս Caltech- ի գիտա-դասախօսական կազմի լիարժէք անդամ: «Դա 2000 թւականին էր»,- ասում է նա: «Այս տարի լրանում է իմ` Caltech-ին աշխատակցելու 20-ամեակը: Ես ունեմ իմ 20 տարւայ քորոցը միւս գործընկերներիս կողքին»:

Գորջեանն այդ քսան տարւայ մեծ մասն անց է կացրել AGN-ներ ուսումնասիրելիս Spitz-ով (աստղադիտարան), որն իր առաջնային առաքելութիւնն աւարտեց նախորդ տարւայ՝ 2020-ի յունւարին: «Թւում է, թէ իւրաքանչիւր գալակտիկա ունի իր գերհզօր սեւ անցքը, իսկ AGN-ի փուլը դրա կարեւորագոյն կողմն է, ուստի AGN-ներն են, որ ամէն ինչ կապում են գալակտիկաներին ու շուրջ հաւաքում»,- ասում է Գորջեանը: «Ինձ թւում է, որ դրանք գտնւում են շատ հետաքրքիր իմաստնային շղթայի առանցքում»:

JPL-ում (ՆԱՍԱ-ի ինժեներական-ռոբոտիկ հետազօտութիւնների ու ռոտորային շարժիչների կենտրոն) Գորջեանը շատ շուտ իր ուրոյն դիրքին արժանացաւ միւս գիտնականների կողքին, ովքեր նրան կրթել էին, երբ նա դեռ բակալաւրի ուսանող էր: Նրա ռենտհեդներից (նախագծի մենթոր) մէկը թերթին պատմեց, որ այդ դասախօսներից մէկը, ում հետ սերտօրէն համագործակցել է Գորջեանը, պրոֆ. Ռեդհէդն էր, ում ղեկավարած լաբորատորիայում էր աշխատում ինքը՝ Գորջեանը: «Մենք ուսումնասիրում ենք ամենատարօրինակ «Բլազարներին» (արագ փոփոխւող քւազարներ), որոնք վերջին չորս տասնամեակների ընթացքում աստղագէտների տարակուսանքի պատճառ են դարձել»: «Թւում է, թէ այն գտնւում է պարուրաձեւ գալակտիկայում, բայց դրանց բլազարային յատկութիւնները դրսեւորւում են էլիպսաձեւ գալակտիկաներում գտնւող քւազարների յատկութիւն»:

Գորջեանն ունի եւս մէկ հարազատ կապ JPL-ի հետ. եղբայրը, ով նրա ՆԱՍԱ-ին միանալու ժամանակ՝ 10-ամեայ վետերան էր JPL-ում: Զարեհը: Զարեհը JPL-ի Science Data Visualization Group-ի ծրագրաւորող եւ համակարգչային գիտութիւնների փորձագէտ է, որտեղ նա, ի միջի այլոց, զբաղւած է Մարսից եւ Վեներայից հաւաքագրած տւեալները տեսանիւթի վերածելու պատասխանատու գործով: «Մենք բաւականին յաճախ ենք հանդիպում միմեանց»,- ասում է Գորջեանը: «Կար ժամանակ, երբ մեր գրասենեակները գտնւում էին նոյն յարկաբաժնում: Երբ մենք աւելի երիտասարդ էինք, ոմանք կարծում էին, որ մենք նոյն մարդիկ ենք, այնպէս որ նրանք ինձ հետ զրոյցներ կանէին մտածելով եղբօրս հետ են խօսում»:

Վերջին 15 տարիների ընթացքում Գորջեանը, JPL-ում իր աստղագիտական ​​պարտականութիւններից բացի, սերտօրէն ներգրաււած է NASA/IPAC մենթորների արխիւային հետազօտական ​​ծրագիր՝ NITARP-ին: Նշւած ծրագիրը միջնակարգ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին է միացնում Գորջեանի պէս պրոֆեսիոնալ աստղագէտներին, ինչի շրջանակում կողմերը համագործակցելու առիթներ են ունենում հետազօտական ​​նախագծերի շուրջ աշխատանքներում:

««Գիտութիւն» առարկայի ուսուցիչներից շատերն են համալսարաններում ուսանել բնագիտութիւն ճիւղը, բայց նրանք պատրաստւած չեն գիտութեամբ զբաղւելու գործընթացներում ներգրաւած լինելուն: Նրանց մեծ մասը երբեք գիտաժողովների ու համագումարների մասնակիցը չի եղել»,- նկատել է տալիս Գորջեանը, ով այժմ NITARP-ի փոխտնօրէնի հանգամանքն է զբաղեցնում: «Սա նման է այն բանի, որ մարդիկ բասկետբոլ են ուսումնասիրել, բայց երբեք բասկետբոլ չեն խաղացել, ու հիմա պէտք է երեխաներին բասկետբոլ սովորեցնեն»:

Տարիներ շարունակ NITARP-ի շրջանակներում ուսուցիչներն ու գիտնականները միմեանց հետ հանդիպումներ են ունենում ՆԱՍԱ-ի կազմակերպած տարեկան գիտաժողովներում, որը հանդիսանում է ոլորտի առաջատար համաժողովներից ամենանշանակալիցը: «Այս հանդիպումները տեղի են ունենում այնտեղ՝ ուր գիտութիւնը հաղորդակցւելու առիթներ ունի, որտեղ գիտնականները համագործակցում են միմեանց հետ, այնտեղ՝ ուր կարեւոր ու նոր տեղեկութիւններով են փոխանակւում փորձագիտական խմբերը»,- ասում է Գորջեանը: «Մենք ուսուցիչներին ցոյց ենք տալիս, թէ ինչպիսին են լինում այդ գիտաժողովները, մասնաւորապէս, էկրանային սեմինարները, այնուհետեւ մենք արձանագրութիւն ենք կազմում մեր սեփական նախագծերի շուրջ ծաւալւած խնդիրների ու առաջարկների մասին: Սա խաղալիք նախագիծ չէ. դա գիտական իրականութեան մասին լուրջ միջոցառում է»:

Ծրագրի շրջանակներում ուսուցիչներն ու աշակերտները քառօրեայ գիտարշաւի հրաւէրով այցելում են «Քալթէք»՝ անմիջականօրէն աշխատելու գիտնականների լաբորատորիայում նրանց նախագծերի վրայ: Այս ուղեւորութիւնը ներառում է նաեւ այցելութիւն JPL: Գորջեանն ասում է, որ քննարկում-անալիտիկ պարապմունքների ընթացքում, նա եւ իր հետազօտող գիտնական Լուիզա Ռեբուլը (NITARP-ի գլխաւոր տնօրէն) փորձում են տպաւորութիւն գործել ուսուցիչների ու ուսանողների վրայ պարզելու համար՝ որ գիտութիւնը չի սահմանափակւում միայն գրքի վերջում տրւած պատասխաններով: «Մի անգամ մի ուսուցիչ դիմեց ինձ, երբ մենք տւեալներն էինք վերլուծում. «Ճի՞շտ էին դրանք»: պատասխանեցի «Չգիտեմ: Եթէ ​ գիտենայինք այդ մասին, ապա չէի անելու այդ գիտափորձը»,- յիշում է Գորջեանը: «Տւեալների մէջ խորանալու համար տարբեր տեխնիկաների կիրառման գաղափարը նրա համար է, որ որեւէ ֆիզիկական երեւոյթի մասին աւելին իմանաս... այդ ամբողջ գործընթացն արւում է խնդիր յարուցող երեւոյթները չէզոքացնելու համար»:

NITARP ծրագրի շարունակութիւնը եւ ուսուցիչների դրական արձագանգները վկայում են այն մասին, որ սա յաջողւած գաղափար է: «Վարուժանի եւ Լուիզայի հետ համագործակցութիւնն ինձ իսկապէս օգնեց գտնել աշակերտների հետ աշխատելու ուղիներ, որոնք նրանց աւելի ազատ եւ նրբանկատ են դարձնելու առարկայով ներկայացւած տւեալների հարցում»,- ասում է Դէյւիդ Ստրասբուրգերը, «Լորենս» ակադեմիայի աւագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը:

«Փաստերից մէկը, ինչը NITARP ծրագիրը իսկապէս աշխոյժ փորձ է դարձնում ուսուցիչների համար, դա գիտութեանը ֆիզիկապէս մարմնաւորելն է»,- աւելացնում է Ստրասբուրգերը: «Սրանք պահածոյացւած նախագծեր չեն: Ահա թէ որն է Վարուժանի վերաբերմունքը. «Մենք փորձելու ենք շարունակել դա, եւ յուսով եմ ՝ այն կաշխատի: Բայց, եթէ չաշխատեց, ապա դա համարէք եւս մէկ հետազօտութեան արդիւնք:

Դա աշակերտներին օգնում է գիտակցելու, որ գիտութեամբ զբաղւելը իսկապէս տարբերւում է գիտութեան դասընթացներին մասնակից լինելուց»: Ստրասբուրգերը ասում է, որ Գորջեանի ճարտար լեզուն մի կողմից, եւ յարգալից կերպով բարդ գիտական ​​հասկացութիւնների փոխանցումը միւս կողմից օգնում է ուսուցիչներին ու աշակերտներին հաճելիօրէն ընկալել թեման: «Նա տպաւորիչ կերպով կարողանում է զրուցել տարբեր մակարդակի մարդկանց հետ: Նա հանդիպում է նրանց այնտեղ, որտեղ գտնւում են նրանք՝ իրենց ընկալումներով ու գիտակցութեան հարթութեան վրայ»:

Գորջեանն ասում է, որ գիտականօրէն ​​հաղորդակցւելը, այդ էլ ոչ-գիտական խօսքի տարածութեան մէջ, հմտութիւն է պահանջում, ինչն էլ նա նպատակային մղումով մշակել է տարիների ընթացքում: «Դա նման է շատ բաների. Կրկնութիւնը եթէ ճիշտ ես ընկալում, ապա ձեզ աւելի լաւն է դարձնում»,- ասում է Գորջեանը: «Իսկ այս պարագան դա նոյն բանի կրկնութիւնը չէ, քանի որ իւրաքանչիւր մարդ, ում հետ զրուցում ես, ունի տարբեր գիտակցութիւն, կամ կարծիքների թիւր ու մէկ-մէկ հնամաշ դարձած հասկացութիւնների շարք, այնպէս որ հաղորդակցւելիս պէտք է հաշւի առնել այդ փաստը»:

Գորջեանը գիտութիւնով հաղորդակցւելու փաստը դիտում է որպէս անձնական պատասխանատւութեան դրսեւորման փորձ, որը գալիս է մարդու էութիւնից, նրա տիեզերական էութիւնից, ինչը վարձայատոյց է լինում հէնց տիեզերքն ընկալելու հաճոյքով: «Դա չսահմանափակւող արտօնութիւնների տարածութիւն է, իսկ դրան առնչւել է պէտք փղոսկրէ աշտարակի օրինակով, այն է՝ ընկալել կը յաջողւի միայն նրանց, ովքեր ցանկանում են յայտնւել այդ բարձրութեան վրայ»,- ասում է Գորջեանը: «Այն բանի դիմաց, ինչը մենք անում ենք այստեղ որպէս՝ աշխատանք, վճարում են մեր հարկատուները: Ես կարծում եմ, որ իրական պատասխանատւութիւն կայ՝ հասարակութեանը օգնելու եւ իրազեկելու առումով, թէ ինչի դիմաց են վճարում նրանք: Դրա մասին մտորելն ինձ միշտ դրթում է արժանաւոյնս հաղորդակցւել հասարակութեան հետ»:

Այն նաեւ օգնում է հասկանալ, որ մարդկանց մեծամասնութիւնը զարմանալիօրէն հետաքրքրւած է տարածութիւնների մասին գաղափարների ընկալումներով: «Այնտեղ (հասարակութեան մէջ) առկայ գիտութիւններից երկուսը առաւել մեծ հետաքրքրութիւն են արթնացնում մարդկանց մօտ՝ Դինոզաւրերը եւ տիեզերքը»,- ասում է Գորջեանը: «Եթէ մենք, որպէս աստղագէտներ, կարողանանք օգնել մարդկանց կապ հաստատել աւելի մեծ տարածութեան հետ, ապա կարծում եմ, որ դա կը լինի մեր նպատակային առաքելութիւններից մէկը ու արժէ շարունակելով ուսումնասիրութիւնները օգտակար լինել գիտութեանը եւ վերջին հաշւով մարդկանց»: 

 
Վարուժան Գորջեանը 2018-ի Wired տեսահոլովակում 5 տարեկան երեխային բացատրում է սեւ խոռոշի մասին: Լուսանկարը / Wired © Condé Nast
 

«Ձգողութիւնը այն է, ինչը մեզ պահում է Երկրի վրայ»,- ասում է Գորջեանը երեխային: «Սեւ անցքերի մասին գլխաւոր բանը, որ պէտք է յիշել, ճիշտ այնպէս, ինչպէս Երկիր մոլորակն է ձեզ պահում իր վրայ, նոյնպէս սեւ փոսն է ձեզ իր կողմը ձգում»: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։