Հա

Հասարակական

04/09/2021 - 11:35

Աւետիք Իշխանեանի երեւակայական հարցազրոյցը քաղաքական-հասարակական գործիչ Ալֆրէդ Լենդրոշի Բաշիբոզուկեանի հետ

Մի՞թէ չէք տեսնում, թէ ինչպէս է մեզ վերաբերւում Ռուսաստանը։ Դաւադրաբար դաշինք կազմելով թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, այդ երկիրը կործանեց Ղարաբաղը, այսօր էլ կործանման եզրին է հասցրել Հայաստանը։ Մեր ողջ պատմութեան ընթացքում ռուսները մեզ խաբել են եւ հայկական պատմական հողերը բաժանել թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Վերջապէս պէ՞տք է, որ մենք դասեր քաղենք պատմութիւնից, թէ՞ շարունակելու ենք մնալ ռսի սապոգի տակ։

- Յարգելի պարոն Բաշիբոզուկեան, շնորհակալ եմ հարցազրոյցի հրաւէրն ընդունելու համար։

- Խնդրեմ։

 

- Պարոն Բաշիբոզուկեան, դուք ձեր խօսքում մշտապէս պնդում էք այն մասին, որ Հայաստանը պէտք է դուրս գայ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, պահանջի հեռացնել ռուսական ռազմական բազան, շրջւի դէպի արեւմուտք, անդամակցի ՆԱՏՕ-ին։ Իրատեսակա՞ն էք համարում այս ամէնը։

- Իհարկէ՝ այո։ Մի՞թէ չէք տեսնում, թէ ինչպէս է մեզ վերաբերւում Ռուսաստանը։ Դաւադրաբար դաշինք կազմելով թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, այդ երկիրը կործանեց Ղարաբաղը, այսօր էլ կործանման եզրին է հասցրել Հայաստանը։ Մեր ողջ պատմութեան ընթացքում ռուսները մեզ խաբել են եւ հայկական պատմական հողերը բաժանել թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Վերջապէս պէ՞տք է, որ մենք դասեր քաղենք պատմութիւնից, թէ՞ շարունակելու ենք մնալ ռսի սապոգի տակ։

 

- Շնորհակալութիւն։ Նայելով ձեր կենսագրութեանը, դուք ԽՍՀՄ տարիներին եղել էք կոմկուսի անդամ, դասաւանդել մարքսիզմ-լենինիզմ, ձեր դիսերտացիայի թեման եղել է «Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրական պայքարում», որտեղ դուք փաստօրէն Ռուսաստանին համարում էք հայ ժողովրդի փրկիչ, թղթակցել էք «Կոմունիստ», «Լենինեան ուղիով», «Կոմսոմոլեց» թերթերին։ Եթէ չեմ սխալւում եւ դուք եւ ձեր զաւակները ստացել էք ռուսական կրթութիւն։ Կարելի՞ է ասել, որ ձեր նախկին հայացքները դուք հիմնովին վերանայել էք։

- Այո, ԽՍՀՄ տարիներին անձնական առաջընթացի համար պէտք է ընդունէիր այդ երկրի գաղափարախօսութիւնը։ Եւ հայրս, ինքը լինելով կոմկուսի անդամ, մտածելով իր զաւակի ապագայի մասին, ինձ ուղարկեց ռուսական դպրոց, յետոյ ծանօթութեամբ ընդունել տւեց համալսարանի Արեւելագիտական ֆակուլտետ։ Դեռեւս ուսանողական տարիներին ես ակտիւ կոմերիտական էի, դարձայ ՊԱԿ-ի գործակալ։ Համալսարանն աւարտելուց յետոյ, նոյնպէս հօրս ծանօթների միջոցով դարձայ դիսերտանտ եւ պաշտպանեցի ձեր յիշատակած թեմայով դիսերտացիա։ Սկսեցի դասաւանդել, ինչպէս հայոց պատմութիւն, այնպէս էլ մարքսիզմ-լենինիզմի հիմունքներ։ Շուտով պէտք է աշխատանքի անցնէի ՀԿԿ Կենտկոմ, որպէս պրոպագանդայի բաժնի վարիչ, այն էլ սկսւեց այդ անիծեալ ղարաբաղեան շարժումը։

 

- Փաստօրէն ձեր հայրը նոյնպէս եղել է կոմունիստ, այսինքն`ռուսամէտ։

- Այո, պապս եղել է դաշնակցական, բայց Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, հրապարակային հրաժարւել է դաշնակցութիւնից, ԿԳԲ-ին մատնել իր նախկին կուսակցական ընկերներին, ընդունւել կոմկուսի շարքերը եւ որդու, այսինքն` հօրս անւանակոչել Լենդրոշ։Կարծում եմ, որ կը համաձայնէք, թէ որքան ճիշտ է կողմնորոշւել հայրս։

 

- Քանի որ խօսեցիք ձեր հօր անւան մասին, կարո՞ղ էք բացատրել նաեւ, թէ ինչպիսի ծագումնաբանութիւն ունի ձեր ազգանունը։

- Խնդրեմ, իմ նախնիները արեւմտեան Հայաստանից են։ Քանի որ նրանք ապրել են Օսմանեան կայսրութեան լծի տակ, իմ պապերը այն ժամանակ նոյնպէս ճիշտ են կողմնորոշւել եւ թուրք աղաներին հաճոյանալու համար փոխել ազգանունը։ Նրանք ցանկացել են նաեւ կրօնափոխ լինել, սակայն Մալաթիայի վիլայեթի ամիրան նրանց յետ է պահել այդ մտադրութիւնից, բացատրելով, որ նրանք որպէս հայ քրիստոնեայ են պէտք իրենց։ Եւ մեր գերդաստանի տղամարդիկ սերնդէ-սերունդ եղել եմ գիւղի ռեսերը։ Նրանք հաւատարմօրէն ծառայել են թուրքերին, մատնելով ֆիդայիներին եւ բարգաւաճել։ Ցաւօք, թուրքերը չգնահատեցին բաշիբոզուկեանների ծառայութիւնները եւ 1915թ․ մեր գերդաստանը նոյնպէս ցեղասպանութեան զոհ դարձաւ։ Պապս մի կերպ փրկւեց եւ ինչպէս ասացի, 1918թ․ դարձաւ արդէն դաշնակցական։

 

- Իսկ ինչպէ՞ս դասաւորւեց ձեր կեանքը 1988թ․ յետոյ։

- Արդէն զգալով ԽՍՀՄ փլուզումը, ես փորձեցի ջերմ յարաբերութիւններ հաստատել «Ղարաբաղ» կոմիտէի հետ։ Այդ յարաբերութիւնների շնորհիւ, 1990թ․ ԳԽ ընտրութիւններին, ՀՀՇ-ն իմ դէմ թեկնածու չառաջադրեց։ Ընտրւելով պատգամաւոր, որպէս կոմունիստ, բայց եւ զգալով քաղաքական փոփոխութիւնները, առաջինը ես հանդէս եկայ Լեւոն Տէր-Պետրոսեան ԳԽ նախագահ ընտրւելու կողմնակից եւ հրաժարւեցի կոմկուսի անդամակցութիւնից։ Այդ ժամանակ անդամակցեցի ՀՅԴ-ին, սակայն մէկ տարի անց հրաժարւեցի անդամակցութիւնից։ Իմ քայլը գնահատւեց նոր ղեկավարութեան կողմից եւ ես անցայ պետական, դիւանագիտական աշխատանքի։

 

- Դուք, չնայած ԽՍՀՄ տարիներին ստացած պատմական գիտությունների թեկնածուի կոչումին, ներկայանում էք, որպէս քաղաքական գիտութիւնների դոկտոր։

- Արդէն 1993թ․ ես պաշտպանեցի դոկտորական դիսերտացիա «Լեւոն Տէր-Պետրոսեանի դերը Հայաստանի ապագաղութացման եւ անկախութեան հարցում» թեմայով եւ ստացայ պատմա-քաղաքական գիտութիւնների դոկտորի գիտական աստիճան։

 

- Դուք ասացիք, որ ունեցել էք պետական պաշտօն, եղել դիւանագէտ։ Այսօր դուք հանդէս եք գալիս, որպէս անկախ փորձագէտ, նաեւ քաղաքական գործիչ։ Ե՞րբ էք հրաժեշտ տւել ձեր պաշտօնին։ Արդեօք դա եղել է սկզբունքային որոշում եւ հրաժարական, թէ՞ ձեզ հեռացրել են։

- Ի՞նչ հրաժարականի մասին կարող է խօսք լինել։ Ես նշանակւած էի դեսպան։ Բացի բարձր աշխատավարձը, իբր դեսպանատան համար ախպարներից գումարներ էի հանգանակում, Հայաստանից եկած փախստականներին անձնագիր, տարբեր տեղեկանքներ տալու համար նոյնպես գումար շորթում, որպէս դիւանագէտ զբաղւում էի մաքսազերծ ապրանքների առաքումով եւ դրանց վաճառքով։ Սակայն, հերթական իշխանափոխութիւնից յետոյ, Հայաստանի նոր ղեկավարութիւնը ինձ զրկեց դեսպանի պաշտօնից, նշանակեց իր մարդուն, եւ ես անցայ ԱԳՆ-ի կադրային բանկ։

 

- Իսկ յետոյ՞։

- Յետոյ, բնականաբար, ես չվերադարձայ Հայաստան։ Ես եւ իմ ընտանիքը դարձանք այն երկրի քաղաքացի, որտեղ ես դեսպան էի եղել։ Այդ օրւանից ես դարձայ անկախ քաղաքագէտ եւ հիմնեցի իմ քաղաքագիտական կենտրոնը։ Եւ ինչպէս տեսնում էք՝ չեմ սխալւել։ Այսօր ես յամարւում եմ Հայաստանի լաւագոյն քաղաքագէտ-վերլուծաբանը, տարւայ մի մասն անցկացնում Հայաստանում։ Երբ Հայաստանի գլխին զգում եմ կախւած վտանգը, «գործերով» մեկնում եմ իմ երկրորդ հայրենիքը։

 

- Յարգելի պարոն Բաշիբոզուկեան, նկատել եմ, որ յաճախ ձեզ դիմում են Ալֆրէդ Լենդրոշովիչ։ Այդ դիմելաձեւը ձեզ համար այլեւս տհաճ չէ՞։

- Սա հնարաւոր ապագայի համար է։ Չէ՞ որ հնարաւոր է, որ նորից ռուսական կայսրութեան մէջ կամ ազդեցութեան տակ յայտնւենք։ Ա՛յ, այդ ժամանակ ես արդէն, մեր ռուս փրկիչներին կներկայանամ որպէս Լենդրոշովիչ եւ նրանց կը ներկայացնեմ իմ եւ հօրս փառաւոր անցեալը։

 

- Իսկ մտադիր չէ՞ք փոխել ձեր թուրքական ազգանունը։

- Յարգելիս, իսկ եթէ Հայաստանն անցնի թուրքական տիրապետութեան տա՞կ։

 

- Շնորհակալութիւն պարոն Ալֆրէդ Լենդրոշովիչ Բաշիբոզուկեան, անկեղծ հարցազրոյցի համար։

 

Երեւակայական հարցազրոյցը վարեց Աւետիք ԻՇԽԱՆԵԱՆԸ

Aravot.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։