Հա

Հասարակական

04/09/2021 - 11:00

Մահացել է հայ անւանի արձակագիր, դրամատուրգ, գրականագէտ, գրաքննադատ եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչեանը

Սեպտեմբերի 3-ին Երեւանում մահացել է հայ անւանի արձակագիր, դրամատուրգ, գրականագէտ, գրաքննադատ եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչեանը:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 3-ին Երեւանում մահացել է հայ անւանի արձակագիր, դրամատուրգ, գրականագէտ, գրաքննադատ եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչեանը (գրականագէտ Էդւարդ Թոփչեանի որդին, գրականագէտ, արւեստաբան ու հրապարակախօս Ստեփան Թոփչեանի եղբայրը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչեանի ամուսինը, բանասէր, թարգմանիչ Արամ Թոփչեանի եւ դիրիժոր Էդւարդ Թոփչեանի հօրեղբայրը)։ Գրում է Yerkir.am-ը:

Նա ծնւել է 1939 թ․ սեպտեմբերի 7-ին, Երեւանում, ՀՀ գրողների միութեան անդամ է 1970 թւականից։ Սովորել է Երեւանի Խանջեանի անւան թիւ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թւականին աւարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1962-1963 թւականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963-1965 թւականներին՝ «Հայաստան» հրատարակչութիւնում, 1966-1975 թւականներին՝ «Գարուն» ամսագրում, 1975-1988 թւականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-1989 թւականներին՝ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանում, որպէս Գրական բաժնի վարիչ, 1991-1995 թւականներին՝ ՀՀ ԱԺ լրատւութեան յանձնաժողովում։ 1960-1980 թւականների ընթացքում Հայաստանի, Մոսկւայի եւ միութենական տարբեր հանրապետութիւնների գրական մամուլում տպագրւած յօդւածները նրան միութենական ճանաչում են բերել։ Իր գրական գործունէութեան համար արժանացել է բազմաթիւ մրցանակների։

Հեղինակ է բազում թարգմանութիւնների ֆրանսերէնից եւ ռուսերէնից, որոնց թւում են Մոլիէրի, Լարոշֆուկոյի, Շոդերլօ դը Լակլոյի, Ապոլիների, Պրեւերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անոյի, Ռընարի, Սագանի, Դենի դը Ռուժմոնի եւ այլոց գործերը։ Հրատարակել է 500-ից աւելի գրականագիտական յօդւած մամուլում՝ նւիրւած արդի գրականութեան հարցերին։ Ալեքսանդր Թոփչեանի խմբագրական եւ հրատարակչական գործունէութեան շնորհիւ լոյս են տեսել Ռուբէն Սեւակի, Վազգէն Շուշանեանի, Հրաչ Զարդարեանի, Յարութ Կոստանդեանի, Նիկողոս Սարաֆեանի եւ այլ հայ գրողների ստեղծագործութիւնները, ինչպէս նաեւ հայ գրողների ժողովածուներ եւ անթոլոգիաներ այլ լեզուներով։

Ալեքսանդր Թոփչեանը հեղինակ է նաեւ մի շարք գեղարւեստական երկերի, որոնք լոյս են տեսել հայերէն եւ օտար լեզուներով։ Դրանց թւում են «Կիրկէ կղզին» (Երեւան, 1996), «Եւ անգամ մահից յետոյ» (Ռուբէն Սեւակի մասին, Երեւան, 2005) եւ «Բանկ Օտոման» (Երեւան, 2008, ռուսերէն՝ Մոսկւա, 2012 թ., եւ ֆրանսերէն՝ Փարիզ, 2012 թ․) վէպերը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։