Հա

Հասարակական

09/10/2021 - 09:30

Այսօր Սրբոց Թարգմանչաց տօնն է

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշէի, Մովսէս Քերթողի, Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու տօնը:

 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշէի, Մովսէս Քերթողի, Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու տօնը:

Սուրբ թարգմանիչ վարդապետների տօնը հայ ժողովրդի ամենանւիրական եւ սիրւած ազգային-եկեղեցական տօներից է: Թարգմանիչ վարդապետների յիշատակը Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչւում է «Տօն Սրբոց Թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ» եւ տօնւում է Հոգեգալստեան չորրորդ կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդը կոչւում է «Տօն մեր Սուրբ Թարգմանիչ վարդապետների՝ Սահակի եւ Մեսրոպ Մաշտոցի, եւ նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշէ Պատմիչի, Մովսէս Քերթողի, Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու», որը շարժական է եւ տօնը նշւում է հոկտեմբերի 3-ից մինչեւ նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատւածում: Թարգմանիչ ընդհանուր անւան տակ յայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ Ս. Սահակ Պարթեւին աշակերտած շուրջ հարիւր սաներ:

Սկզբնական շրջանում կային յատուկ թարգմանիչներ, որոնք արարողութիւնների ժամանակ Ս. Գրքի հատւածները բանաւոր թարգմանում էին հայերէն: Սակայն դա բաւարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգւած էր Ս. Մեսրոպ Մաշտոցը: Հայը զրկւած էր Ս. Գիրքն ընթերցելու եւ ճշմարտութիւնն ու փրկութիւնը ձեռք բերելու հնարաւորութիւնից: Նա անընդհատ մտածում էր Ս. Գիրքը հայերէնի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին՝ Ս. Սահակ Պարթեւին եւ մեծ ընդունելութիւն գտնում: Պարզւում է, որ կաթողիկոսը նոյնպէս մտահոգւած է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հաւանութիւնն է տալիս նաեւ թագաւորը՝ Վռամշապուհ Արշակունին: Ս. Մաշտոցը, իր հետ վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր եւ տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մէկը. «Մեսրոպն ապաւինեց Աստծուն պահքով ու աղօթքներով: Եւ Աստւած, որ կատարում է իրենից երկիւղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղօթքները եւ ցոյց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, եւ ոչ թէ երազի մէջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի եւ աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրայ, որը դրւած էր նրա առջեւում: Եւ գրի փորւածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձեւ տալիս վեմի վրայ. եւ գրերի տարբերութիւններն ու անունները ձեւաւորւում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմութիւն»):

Ունենալով հայ նշանագրերը՝ Ս. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում է ձեւաւորել դրանք: Ստանալով արդէն գրելու պատրաստ տառերը՝ Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետեւեալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (ՙՃանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը), որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղաւ առաջին հայատառ նախադասութիւնը՝ գրւած հայ ուսուցչի ձեռքով: Բացայայտ մի իմաստութիւն, որով բոլորի համար հասկանալի պէտք է դառնար Խօսքը եւ Գիրքն ընթերցելու անհրաժեշտութեան գաղափարը: Այս Աստւածատուր նւէրից յետոյ Ս. Մեսրոպը վերադառնում է Հայաստան՝ հետը բերելով մի անգին գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագայ դարերի մաքառման զէնքը, ինչպէս նաեւ նրա գոյատեւման առհաւատչեան: Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսւում են բացւել դպրոցներ, ուր ուսուցանւում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանութեանը: Այսպիսով, քրիստոնէութիւնը հայացւում է եւ դառնում հայի կենսակերպը:

 

Յարակից լուրեր

  • Թարգմանչաց տօն՝ առիթ զգաստութեան եւ զղջում-ապաշխարանքի
    Թարգմանչաց տօն՝ առիթ զգաստութեան եւ զղջում-ապաշխարանքի

    Մի ազգի, ժողովրդի ինքնութեան, ինքնատպութեան եւ շրջապատից տարբերելու գործօնը իր մշակոյթն է, իր գիրն ու գրականութիւնը, պատմութիւնն ու ճարտարապետութիւնը, երաժշտութիւնն ու մանրանկարչութիւնը, հոգեւոր երաժշտութիւնն ու գրականութիւնը յատկանշւած իր խորհրդի հոգեւոր բովանդակութեամբ։

  • Ատրպատականի հայոց թեմում սուրբ պատարագով նշւեց Սրբոց Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը
    Ատրպատականի հայոց թեմում սուրբ պատարագով նշւեց Սրբոց Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը

    Շաբաթ, 9 հոկտեմբերի 2021 թ.-ին, տօնն էր Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց: Կրթական նախարարութեան կողմից նախազգուշական միջոցները կորոնաժահրի համավարակին առնչւած, աշակերտական հաւաքների սահմանափակումներ պարտադրել էին բոլոր կրթօջախներին: Ուստի, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան յատուկ պատգամով հանդէս եկաւ, շնորհաւորելով թեմի կրթական բոլոր կառոյցներում գործող նւիրեալ ուսուցչական կազմերին, մանկավարժներին, մամլոյ մշակներին, մտաւորականներին, հրատարակիչներին եւ Հայ Մշակոյթի սպասարկուներին:

  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տօնակատարւեց Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը
    Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տօնակատարւեց Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը

    Շաբաթ, 9 հոկտեմբերի 2021 թ.-ին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։

    Սրբոց Թարգմանչաց տօնը՝ տօնն է նաեւ Թեհրանի համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան: Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ։

  • Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ՝ միջոցառում նւիրւած Սրբոց Թարգմանչաց տօնին
    Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ՝ միջոցառում նւիրւած Սրբոց Թարգմանչաց տօնին

    Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնին նւիրւած բանախօսական-գեղարւեստական երեկոյ եւ աշակերտական ձեռքի աշխատանքների ցուցահանդէս էր կազմակերպւել կիրակի հոկտ. 20-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ, միութեան «Սուքերեան» սրահում:

  • Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօների առթիւ Երաժշտական փառատօն եւ Թումանեանական կատարումներ՝ Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօների առթիւ Երաժշտական փառատօն եւ Թումանեանական կատարումներ՝ Նոր Ջուղայում

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ, թւականիս հոկտեմբերի 12-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Երաժշտական փառատօն եւ Թումանեանի հեքիաթների ներկայացում, նւիրւած՝ Հայ արւեստի եւ գրականութեան մեծանուն դէմքեր՝ Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։