Հա

Հասարակական

10/10/2021 - 11:55

Յայտնի է 2021 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկրի անունը

«Աւրորա» համաշխարհային մարդասիրական ամենամեայ վեցերորդ մրցանակը շնորհւել է մարդու իրաւունքների պաշտպան, «Կանանց համերաշխութիւն յանուն ներառական խաղաղութեան եւ զարգացման» կազմակերպութեան (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիէն Լուսենգէին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնութեան ենթարկւածներին:

«alikonline.ir» - «Աւրորա» համաշխարհային մարդասիրական ամենամեայ վեցերորդ մրցանակը շնորհւել է մարդու իրաւունքների պաշտպան, «Կանանց համերաշխութիւն յանուն ներառական խաղաղութեան եւ զարգացման» կազմակերպութեան (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիէն Լուսենգէին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնութեան ենթարկւածներին:

Նա խիզախօրէն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնութեան ենթարկւած հազարաւոր կանանց յուսահատ վիճակի մասին եւ համառօրէն գործել՝ յանցագործներին բացայայտելու եւ պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ: 2021 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկրի անունը յայտարարւել է Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեան ժամանակ, երէկ՝ հոկտեմբերի 9-ին։ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն «Աւրորա» մրցանակը շնորհում է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների:

«Ջուլիէն Լուսենգէի բացառիկ ձեռքբերումները յիշեցնում են մեզ այն մասին, թէ ինչ ազդեցութիւն կարող է ունենալ մէկ մարդը նոյնիսկ անյաղթահարելի թւացող ճնշման եւ ռիսկերի հանդիպելիս: Ճանաչման արժանացնելով նրա խիզախութիւնը, նւիրումն ու անձնազոհութիւնը՝ մենք լիայոյս ենք, որ նա կարող է նաեւ ոգեշնչել մեզնից իւրաքանչիւրին՝ մտածելու այն մասին, թէ ինչ կարող ենք անել նրանց համար, ում իրաւունքները խախտւում են, եւ ովքեր մեր աջակցութեան եւ համերաշխութեան խիստ կարիքն ունեն»,- նշեց «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարութիւնների ինստիտուտի տնօրէն Լորդ Արա Դարզին:

«Կորոնավիրուսի համավարակը մեզ վերջնականապէս ցոյց տւեց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհի մի անկիւնում, որքան էլ հեռու լինի այն, ազդում է բոլորիս վրայ: Մենք չենք կարող անտարբեր մնալ այլոց տառապանքների նկատմամբ. մենք չենք կարող մեզ թոյլ տալ անհոգ լինել: Այսօր, առաւել քան երբեւէ, մենք պէտք է թոյլ տանք, որ մեզ միաւորեն եւ առաջնորդեն երախտագիտութեան եւ մարդկայնութեան համընդհանուր արժէքները, ինչպէս դրանք առաջնորդում են 2021 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիէն Լուսենգէին»,- ասաց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր, Flagship Pioneering ընկերութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն Նուբար Աֆէյեանը:

Որպէս 2021 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիէն Լուսենգէն կը ստանայ 1 մլն. ԱՄՆ դոլար պարգեւ եւ նւիրատւութեան շղթան շարունակելու հնարաւորութիւն՝ աջակցելով կազմակերպութիւնների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնւող մարդկանց: Այս տարի, հաշւի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Աւրորան» կառաջարկի նրան մրցանակի 25%-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների յաղթահարմանը: «Աւրորա»-ի համահիմնադիրներն ստանձնել են յանձնառութիւն՝ կրկնապատկելու այդ նւիրատւութիւնը՝ գումարի չափը հասցնելով 500 հազար ԱՄՆ դոլարի: Բացի դրանից, տիկին Լուսենգէն առաջադրել է երեք կազմակերպութիւն, որոնք աջակցում են համայնքներում գործող եւ կանանց կողմից ղեկավարւող կազմակերպութիւններին, զօրացնում գենդերային բռնութեան զոհերին եւ օգնում ներքին տեղահանւած անձանց՝ վերաինտեգրւելու իրենց համայնքներ, որոնց եւ նա կը նւիրաբերի ֆինանսական միջոցներ՝

- Կոնգոյացի կանանց հիմնադրամ,

- Կոնգոյի համերաշխութեան լիգա,

- «Մայրերի ընկերութիւն՝ յանուն զարգացման եւ խաղաղութեան»:

«Ջուլիէն Լուսենգէի եւ նրա կազմակերպութիւնների՝ կանանց աջակցութեանն ուղղւած բացառիկ աշխատանքը, ինչպէս նաեւ նրա քաջութիւնն ու հաստատակամութիւնը՝ հակադրւելու տեղական հզօր ուժերին յանուն կանանց պաշտպանութեան, գթասրտութեան, բարութեան եւ նւիրումի լաւագոյն օրինակն են: «Աւրորա»-ի ամենակարեւոր նպատակներից մէկը նման հերոսներին քաջալերելն է, եւ մենք երախտապարտ ենք, որ ունենք այդ հնարաւորութիւնը»,- ասաց «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ, Մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի նախկին յատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին:

SOFEPADI կազմակերպութեան գործունէութեան մի մասը կազմում են հիւանդանոցն ու շարժական կլինիկաները, որոնք համապարփակ բժշկական եւ հոգեբանական օգնութիւն են տրամադրում սեռական բռնութեան զոհերին: 2010-2020 թթ. բժշկական կենտրոնն ընդունել եւ բուժել է 6.284 մարդու, որոնցից 567-ը՝ ներքին տեղահանւած անձինք: SOFEPADI-ն նաեւ խրախուսում է սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը եկամտաբեր գործունէութեամբ, արհեստների ուսուցմամբ եւ դպրոցներում ներգրաւմամբ, իսկ փրկւածներին տրամադրում է իրաւաբանական խորհրդատւութիւն եւ ներկայացուցիչ դատարանում:

««Աւրորա»-ն համաշխարհային շարժում է, որի հիմքում «Երախտագիտութիւնն՝ ի գործ» գաղափարն է: Շնորհիւ հարիւրաւոր մարդկանց, որոնք արդէն միացել են մեզ, այն ազդեցութիւնը, որին կարողացել է հասնել «Աւրորա»-ն, բառացիօրէն փոխում է աշխարհը: Մեզ համար պատիւ է ճանաչման արժանացնել Ջուլիէն Լուսենգէի նման հերոսների եւ կարողանալ ներկայացնել եւ խթանել նրանց աշխատանքը՝ ամբողջ աշխարհից մեր աջակիցների եւ նւիրատուների օգնությամբ»,- նկատեց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան եւ Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը:

Մեկնարկից ի վեր՝ «Աւրորա» մրցանակը փոխել է պատերազմից, հակամարտութիւններից եւ մարդասիրական այլ ճգնաժամերից տուժած աւելի քան 1 մլն. մարդու կեանք: Գործողութիւնների վրայ հիմնւած այս բարեգործութիւնը, որի նպատակն է հասնել շոշափելի արդիւնքի, հնարաւոր է դառնում աջակիցների շնորհիւ, որոնց նւիրատւութիւններն ընձեռում են հնարաւորութիւն՝ շարունակելու աջակցել մերօրեայ հերոսներին: «Աւրորա»-ն բարձր է գնահատում իր առաքելութեանն ուղղւած իւրաքանչիւր յանձնառութիւն եւ կոչ է անում իւրաքանչիւր անհատի՝ միանալու եւ աջակցելու մարդասիրական ջանքերին:

Միեւնոյն ժամանակ շարունակւում են 2022 թ. «Աւրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը իւրաքանչիւր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը յաղթահարել է անձնական մեծագոյն մարտահրաւէրներ ուրիշներին օգնելու համար: 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։