Հա

Հասարակական

10/11/2021 - 13:15

Միգուցէ՞ մի փոքր աւելի քիչ խանգարենք երիտասարդներին

Ես չեմ հաւատում այն մտքին, որ ասում են, թէ մենք չունենք ակտիւ, նախաձեռնող եւ գործունեայ՝ իր ազգի, ժողովրդի, համայնքի ապագայով մտահոգւող երիտասարդութիւն։ Ես այդ միտքը կտրականապէս մերժում եմ, ե՛ւ որպէս երիտասարդի, որը տեսնում, շփւում, անմիջական կապի մէջ է երիտասարդների հետ, ե՛ւ որպէս նախկին սկաուտապետի, որը աշխատել է երիտասարդ խմբերի շրջանակում։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Ես չեմ հաւատում այն մտքին, որ ասում են, թէ մենք չունենք ակտիւ, նախաձեռնող եւ գործունեայ՝ իր ազգի, ժողովրդի, համայնքի ապագայով մտահոգւող երիտասարդութիւն։ Ես այդ միտքը կտրականապէս մերժում եմ, ե՛ւ որպէս երիտասարդի, որը տեսնում, շփւում, անմիջական կապի մէջ է երիտասարդների հետ, ե՛ւ որպէս նախկին սկաուտապետի, որը աշխատել է երիտասարդ խմբերի շրջանակում։

Աւելին, կարծում եմ, որ այսօր մեր համայնքում կայ հոյակապ երիտասարդութիւն։ Խիզախ, ստեղծագործող, փայլուն նոր գաղափարներով, առանց բարդոյթների, ճիշտը սխալից տարբերող, համայնքի, ազգի ճակատագրով մտահոգւած։

Ուրիշ հարց է, թէ ինչո՞ւ երիտասարդները ազգային եւ համայնքային կեանքի տարբեր աշխատանքներին «բաւարար չափով» ընդգրկւած չեն եւ համաչափ քայլեր չեն ձեռնարկում՝ արձագանգելու հայութեանը սպառնացող վտանգներին:

Անկեղծ ասած, ես այդ հարցի համար չունեմ պատրաստի պատասխան։ Բայց ցանկանում եմ, որ միասին փորձենք հասկանալ երիտասարդներին յուզող հարցերը։

Աւագ սերնդի իմ ընկերների հետ զրոյցների ընթացքում, բազմիցս եմ լսել այն մասին, թէ օրինակ յեղափոխութեան տարիներին նրանք ինչպէս էին սկատուական եւ երիտասարդական տարբեր խմբերով պահակութիւն իրականացնում համայնքի տասնեակ միութիւնների անվտանգութիւնն ապահովելու համար։

Չեմ ուզում թաքցնել, ամէն անգամ լսելով այդ օրերից ինչ-որ դրւագ, ոգեւորութեան ժայթքում եմ ապրել։ Երազել եմ, ապրել երիտասարդների համընդհանուր խիզախութեանը եւ ոգեւորութեանը բնորոշ ռոմանտիզմով, արկածայնութեան եւ խորհրդաւորութեան դրսեւորման այդպիսի մթնոլորտում:

Կարծում եմ, որ այդ թւականներին իրանահայ երիտասարդների որոշ շրջանակների մօտ կար` ընդվզման եւ խիզախելու ոգին:

Հնարաւոր է, որ դրա մէջ որոշակի՝ «ֆանատիկութիւն» լինէր, բայց նաեւ մեծ չափով՝ դրական մօտեցում, ազգային դիմադրութիւն՝ հակադրում խաղի թելադրւած կանոններին:

Ու, կարծում եմ, որ դրանք, նաեւ դրական երեւոյթներ են: Շատ կարեւոր գաղափարներ, դրական փոփոխութիւններ, որ հասարակութեան մէջ առաջ են քաշւել, գործել են, եկել են ֆանատիկ մարդկանց միջոցով:

Միայն, թէ չգիտեմ, օրինակ քանիսի մօտ է, այդ կիրքն այսօր վառ մնացել ու պահպանւել:

Այնուամենայնիւ, ակնյայտ է, որ այսօր երիտասարդներից շատերը «փախչում են» ազգային, հանրային-հասարակական գործունէութիւնից նոյնիսկ այն դէպքում, երբ նրանց համար ինչ-որ հրաշքով առանց «վարչականների» համակրանքը շահելու, աշխատելու հեռանկար է բացւում: Երիտասարդը, տեսնելով գրեթէ մշտական՝ «ուժային խաղերը», անկեղծ ասած, առաջին հերթին խուսափում է այդ միջավայրից։

Բայց, միայն դա չէ փորձութիւնը: Երիտասարդները նաեւ դիտարկւում են զուտ որպէս դեկորացիա՝ մեծահասակների գործունէութեանը, նախաձեռնութիւններին յաւելեալ գրաւչութիւն եւ դրական լիցք հաղորդող: Սա նոյնպէս յուսադրող չէ, իսկ ազդեցիկ որոշումները՝ մեծահասակներինն է։

Աւելին, մեծ է նաեւ կրաւորականների եւ փնթփնթանների ճահճի վտանգը: Անգործունեայ մարդկանց, որոնք, գրեթէ ոչ մի բան առաջ չեն տանում, երիտասարդ միտքը հնացած կաղապարների մէջ են խցկում, խաղեր տալիս, արածը չեն նկատում։

Իսկ ամենօրեայ կեանքի դժւար իրավիճակների, նոր կեանքի մարտահրաւէրների եւ տարբեր դժւար հանգամանքների առջեւ կանգնած երիտասարդը, լաւագոյն դէպքում, եթէ այնքան «պնդաճակատ» լինի ու թել առ թել քրքրւելով գոյատեւի՝ անցկացնելով «աշխատելու 7 պարուրները», ապա, մի քանի տարի յետոյ, նրան եւս կը սպառնայ միեւնոյն փոսի, միեւնոյն ճահճի մէջ գլորւելն ու ձանձրալի բիւրոկրատիան, եւ հէնց այս կէտից սկսած, նա կը սկսի փակւել, հանրային կեանքից կտրւել:

Իսկ այդ հանգամանքը, կարծես թէ լաբիրինթոսի սկզբնակէտն է, այստեղից սկսած, բազում ցաւոտ իրողութիւններ, փակուղիներ կարդարացւեն ու կը ծածկւեն:

Ամէն դէպքում, կարծում եմ նախընտրելի է, որ երիտասարդներն ունենան շարժառիթ, ձգտեն ազգային անկումը վերելքի վերածել, թէկուզ՝ ոչ ստանդարտ գործելաոճով: Ոչինչ, որ մեծահասակներն այն լիարժէք չընկալեն, բայց մէկ է. ձգտեն կազմակերպւել, համախմբւել՝ անեն դրական փոփոխութիւններ։ Կատարեն ընդվզման քայլեր, մեծ ու փոքր շարժումներ, դուրս գան սեփական կոմֆորտ զոնից, դադարեն մտածել զուտ կենցաղային խնդիրների մասին: Չանտեսեն Հայաստանի, Արցախի, Սփիւռքի, հայութեանը սպառնացող վտանգները, գործեն յանուն հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանը։

Վերջում, խնդրանքս հայութեան տարբեր համայնքների էլիտաներին այն է, որ չդադարեն մնալ երիտասարդների կողքին:

Երիտասարդների մօտ ԱՀԱՒՈՐ մեծ է դիմադրութեան ոգին: Սովորելու, աճելու, կատարելագործւելու ցանկութիւնը: Իսկ մտածող մարդկանց օգնութեան, խորհուրդների կարիքն անսահման է: Ապրելու համար օդ ու ջրի պէս անհրաժեշտ:

Ու, որքան էլ բարդ թւայ, պէտք է անընդհատ առաջ գնալ, չյանձնւել, հասնել նպատակներին: Մենք չունենք այլընտրանք: Անհրաժեշտ է բացառել հայութեան անկումը: Մենք կոտրւելու իրաւունք չունենք, իսկ յանուն հայութեան պայքարն ապացոյցն է դրա, որ ժողովրդի ուսերը կարող են պողպատից լինել, տանել աւելին, քան հնարաւոր է, բազում պարտութիւններ կրել, չկոտրւել, չխեղճանալ, իսկ յաղթանակները հէնց այնպէս չեն լինում, յաղթելու համար պէտք է արժանապատիւ անել դա:

 

Յարակից լուրեր

  • Հասունացման պարտադրանքը
    Հասունացման պարտադրանքը

    Բոլոր ոլորտների վրայ է ազդել 44-օրեայ պատերազմն իր հետեւանքներով, շարունակելով նոր օրակարգ պարտադրել մեզ։ Արւեստագէտների, ուսանողների, հասարակական-քաղաքական գործիչների... բոլորիս անելիքը փոխւել է։ Նոր պայմանները կամայ, թէ ակամայ մեզ պարտադրել են նոր իրականութիւն, ոչի դէմ պէտք չէ ընկնել, այլ, դիմադրութիւն ցոյց տալ՝ նորին՝ աւելի լաւին հասնելու, խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու նպատակով։

  • Չդադարե՛ս դիմադրել
    Չդադարե՛ս դիմադրել

    Մեզանից շատերի կեանքն, առօրեան, աշխարահայեացքը փոխւեց պատերազմի աղէտից յետոյ։

    Բազմաթիւ հայեր դեռեւս չեն յաղթահարել պատերազմի հետեւանքները, շոկը, տրաւման: Ոմանք «անցել են առաջ»՝ մնալով հին տներով, որտեղ, առհասարակ բան չի փոխւել: Իսկ որոշներն էլ անդադար դիմադրելու, վերականգնելու ուժ են փնտրում իրենց մէջ:

  • Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին
    Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին

    Կորոնավիրուսի համավարակի բռնկման, Արցախեան վերջին պատերազմի, եւ պետականութեան լինել-չլինելու խնդիրների առջեւ կանգնած հայութիւնն իր ամբողջական իմաստով, ապրում է իր ժամանակակից պատմութեան ամենաբարդ էտապան՝ դիմակայելով անյաղթահարելի թւացող փորձութիւններ։

  • Ամենակարեւորը վճռակամութիւնն է
    Ամենակարեւորը վճռակամութիւնն է

    ՀՀ ազգային ժողովում, երէկ տեղի ունեցած միջադէպերից յետոյ, հարց է առաջանում, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ջատագով իշխանութիւնն ի զօրու չլինելով «խաղաղութիւն» հաստատել, թէկուզ, ԱԺ նիստերի դահլիճում, ինչպէ՞ս է պատրաստւում իրականացնել «տարածաշրջանային խաղաղութեան» դարաշրջան մեկնարկելու իր «առաքելութիւնը»:

  • Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ
    Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ

    Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։