Հա

Հասարակական

22/12/2021 - 12:55

Ազգային ինտելեկտուալի ձեւաւորման փնտրտուքներում. Հարցազրոյց Յովհաննէս Իշխանեանի հետ

Վերջերս լայն տարածում է գտել «Միտքս Արցախին» նախաձեռնութիւնը, որի մանրամասնութիւնները փորձեցի պարզել նախաձեռնութեան համահեղինակներից մէկի՝ երիտասարդ ռեժիսոր Յովհաննէս Իշխանեանի հետ զրոյցի ընթացքում:

«alikonline.ir» - Վերջերս լայն տարածում է գտել «Միտքս Արցախին» նախաձեռնութիւնը, որի մանրամասնութիւնները փորձեցի պարզել նախաձեռնութեան համահեղինակներից մէկի՝ երիտասարդ ռեժիսոր Յովհաննէս Իշխանեանի հետ զրոյցի ընթացքում:

 

- Յովհաննէսն ինքն իր մասին:

- Ծնւել եմ 1988թ․, Երեւանում։ Դարձայ ծրագրաւորող, ապա գրող, յետոյ լրագրող, հիմա վաւերագրական ֆիլմերի ռեժիսոր եմ, բայց էութեամբ ֆուտբոլիստ եմ։

 

- Վերջերս լայն տարածում է գտել «Միտքս Արցախին» նախաձեռնութիւնը, դա փաստօրէն ձեր մեկնարկած ֆլեշոբն է: Յովհաննէս, կը պատմե՞ս այդ մասին:

- Պատերազմից յետոյ մի քանի հոգով հիմնել ենք Ակն ընդ ական վաւերագրողների համայնքը, որի նպատակն է վերակագնել հայերի արժանապատւութիւնն ու պաշտպանել հայերի իրաւունքները ու դիմադրել թուրքական ֆաշիզմին։

Հերթական անգամ եղբօրս՝ Ռաֆայէլ Իշխանեանի ու նրա կնոջ՝ Անի Ադիգէոզալեանի հետ գարեջուր էինք խմում, Ռաֆօն ոգեւորւած պատմում էր իր այս մտքի մասին։ Առաջարկում էր, որ Ակն ընդ ականով սկսենք։

Միտքն այն է, որ Հայաստանի այսպէս կոչւած իշխանութիւնները Արցախը յանձնելու ճանապարհին հայերի մտքից, խօսակցութիւններից, կենցաղից դիտաւորեալ հանում են Արցախը ու արցախցիների դէմ համակարգւած ատելութեան քարոզ է տարւում։ Բացի դա, Արցախի մեր հայրենակիցներն իրենց Հայաստանի կողմից արդարացիօրէն լքւած են զգում, ու կարիք կայ, որպէսզի նրանց էլ զօրակցենք, ցոյց տանք, որ մենակ չեն, պարզապէս իշխանութիւնն է ժամանակաւոր զաւթւած։ Նրանց զօրակցելով, իհարկէ, մեզ էլ ենք զօրակցում, որովհետեւ նոյն ցաւն ենք կիսում ու նոյն նպատակի համար ենք պայքարում։

Արցախի դրօշը դարձաւ այն խորհրդանիշը, որի շուրջ փաստօրէն այս խորը պառակտւած ազգը համախմբւում է։

 

Ինչպէս է ազգայինի քո ընկալումը:

- Հայերի իրաւունքների պաշտպանւածութիւնն ամբողջ աշխարհում, համապատասխան տարածքներ տնտեսութիւն զարգացնելու համար եւ մեր եղբայր ժողովուրդների հետ մեր տարածքներում համերաշխ գոյակցութիւն։

 

- Յովհաննէս, վերջերս հանդիպեցի քո արտայայտած մտքին կապւած «Ազգային ինտելեկտուալ»-ի ձեւաւորման անհրաժեշտութեանը: Հետաքրքրիր է, թէ ինչ նկատի ունես ազգային ինտելեկտուալ ասելով եւ այստեղ որն է ինտելեկտուալի՝ մտաւորականութեան, արւեստագէտների առաքելութիւնն այսօր Հայաստանում, Արցախում, Սփիւռքում:

- Արւեստագէտի համար ստեղծագործելու նիւթը միջավայրն է։ Հայաստանի արւեստագէտները, որպէսզի հետաքրքիր լինեն պիտի միջավայրից բխող խնդիրների շուրջ ստեղծագործեն, ոչ թէ աշխարհում իշխող կամ աշխարհի կողմից հրամցւող խնդիրների շուրջ։ Անշուշտ աշխարհում կան հարցեր, որոնք մեր միջավայրի հետ էլ են փոխկապակցւում, սակայն եթէ քո տարածքի հարցերից չեն առաջանում մտահոգութիւնները, ապա ստեղծագործութիւնդ ջուր ծեծոցի է, առանց անյայտի հաւասարում։ Միջավայրի շուրջ մտորելը, միջավայրի հաւասարումները լուծելն էլ հէնց ազգային մտածողներ է առաջացնում։ Թէեւ տարիների ընթացքում ինչ-ինչ գործիչներ Հայաստանում էնպէս են արել, որ ազգային բառից շատերի մօտ պաշտպանական ռեֆլեքսներ են առաջանում, բայց այդ բառի գործածումը իրականութեան նկարագրումն է։ Մենք ապրում ենք մեր ազգի մէջ, ստեղծագործում ենք մեր ազգին բնորոշ հարցերի շուրջ, չեղա՞ւ ազգայնական մտորումներ։ Որեւէ վախենալու բան չկայ, բառերի պատշաճ ընտրութիւն է։

 

Ինչպէս կը բնորոշես այն խնդիրները, որոնք մեզ որպէս հասարակութիւն եւ ազգութիւն թոյլ են դարձնում:

- Ուժի հանդէպ անվստահութիւնը, ինչը նաեւ թրքահաճոյ քարոզչութեան միջոցով բաւական արմատացաւ մեր հասարակութիւնում։ Ցաւն այն է, որ Արցախի ազատագրման հրաշքից յետոյ անգամ մի շարք թրքահաճոյ գործիչներ կարողանում էին համոզել երիտասարդներին, որ մենք թոյլ ենք, որ աշխարհը մեզ հետ հաշւի չի նստում, որ մենք պէտք է զիջենք, այդ մտածողութիւնը զաւթեց Հայաստանում իշխանութիւնը, դարձաւ դաւաճան ու հայերին նետեց յուսալքութեան անդունդը։ Անդունդից դուրս գալու միջոցն է այդ մտածողութիւնը արմատախիլ անելը, դա մեր հանդէպ ներքին ֆաշիզմ է։ Այդ ֆաշիզմը 20 տարի ընդդիմութիւն էր, հայերի մէջ երբեք չպիտի լինի պարտութեան ընդդիմութիւն, դէ էլ չեմ ասում իշխանութիւն։

 

Ինչ-որ ճանապարհային քարտէզ, յաջողութեան հասնելու բանաձեւ Սփիւռքի, Արցախի, Հայաստանի երիտասարդի միջեւ կապն ամրացնելու:

- Շատ ուղիղ պատասխան չունեմ այս հարցին։ Մէկ բան չի, երկու բան չի, բազմաթիւ գործողութիւններ կարելի է անել՝ ամէնքն իր ստեղծարար միտքը բերելով։ Օրինակ մենք շատ պատահական որոշեցինք, որ այս տարի Նոր տարին կը դիմաւորենք Արցախում ու կրկին պատահական պարզւեց, որ մեզ կը միանան նաեւ սփիւռքից երիտասարդներ։

Կարեւոր է, որ անձնական, խմբային շփումները վերածւեն նպատակի շուրջ շփման, որովհետեւ վտանգ կայ, որ մշակութային հակասութիւնները կարող են խոչընդոտել շփումները, իսկ նպատակի շուրջ շփումը մշակութային հակասութիւններով չի խոչընդոտւի։ Այսինքն, մենք՝ հայերս, տարբեր մշակոյթներում ենք ձեւաւորւում, սակայն իրար հետ շարժւում ենք դէպի նոյն նպատակը։

 

ԶՐՈՅՑԸ՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։