Հա

Հասարակական

02/01/2022 - 10:25

2021 թւականի 5 ամենատարօրինակ գիտափորձերը

Ամէն տարի գիտնականներն անցկացնում են իսկապէս անհասկանալի գիտափորձեր, եւ 2021-ը բացառութիւն չէր: Պետրայի բաժակներում սեփական աչքերով արհեստական ուղեղ աճեցնելուց մինչեւ յաւերժական ցրտից 24-000-ամեայ զոմբի վերակենդանացնելը եւ տարւայ եւս մի քանի ամենաարտասովոր գիտափորձերը ներկայացնում է Live Science պարբերականը:

«alikonline.ir» - Ամէն տարի գիտնականներն անցկացնում են իսկապէս անհասկանալի գիտափորձեր, եւ 2021-ը բացառութիւն չէր: Պետրայի բաժակներում սեփական աչքերով արհեստական ուղեղ աճեցնելուց մինչեւ յաւերժական ցրտից 24-000-ամեայ զոմբի վերակենդանացնելը եւ տարւայ եւս մի քանի ամենաարտասովոր գիտափորձերը ներկայացնում է Live Science պարբերականը: Գրում է News.am-ը:

 

Արհեստական ուղեղ աչքերով

Օգոստոսին գիտախումբը հրապարակել էր նորութիւն, որը միեւնոյն ժամանակ ե՛ւ ուշագրաւ էր, ե՛ւ սարսափազդու: Հետազօտողները յայտարարել են, որ լաբորատորիայում յաջողութեամբ աճեցրել են երկու աչք ունեցող մարդկային փոքրիկ ուղեղ: Գիտնականները ստեղծել են մինի ուղեղը ցողունային բջիջները նեարդային հիւսւածքի վերածելու միջոցով, այնուհետեւ բջիջների աճը խթանելով ռուդիմենտային «օպտիկական բաժակներ» ստանալու համար, որոնք լցւած են լուսարձակող բջիջներով:

Բարեբախտաբար այդպիսի օրգանոիդները չունեն բաւականաչափ նէյրոնային խտութիւն գիտակցութիւն ձեռքբերելու համար: Սակայն դրանք չափազանց օգտակար են ուղեղի զարգացման փուլերն ուսումնասիրելու եւ հեռանկարում կուրութիւն առաջացնող ցանցաթաղանթի հիւանդութիւնների դէմ դեղորայք ստեղծելու համար:

 

Ագռաւներ եւ զրոյի հայեցակարգ

Այս տարի գիտնականները նաեւ անցկացրել են գիտափորձ, որն ապացուցում է, որ ագռաւները բաւականին խելացի են զրոյի հայեցակարգը հասկանալու համար: Զրոյի հայեցակարգը, որը, ենթադրաբար, ստեղծւել է մարդկանց կողմից 5-րդ դարում, պահանջում է աբստրակտ մտածողութիւն: Ուստի բաւականին անսպասելի էր, երբ Journal of Neuroscience-ի յունիսեան համարում լոյս էր տեսել յօդւածը, որն ապացուցում է, որ ագռաւները տարբերում են զրոն միւս թւերից:

Գիտափորձերի ժամանակ թռչունների ուղեղի ակտիւութեան սքանաւորումը ցոյց է տւել, որ ագռաւները սովորել են հասկանալ զրօ թիւը, սակայն դրա պատճառը հանելուկ է: Գիտնականներին զարմացրել է, որ ե՛ւ մարդու, ե՛ւ ագռաւների ուղեղը կարող են հաշւարկել զրոն: Այդ հետազօտութիւնն ապացուցում է, որ էւոլիւցիան կարող է շարժւել տարբեր ուղղութիւններով միեւնոյն գործառոյթներով ուղեղ ստեղծելու համար:

 

 «Բրազիլական ընկոյզի» ֆենոմենի բացայայտումը

Ապրիլին հետազօտողները վերջապէս բացայայտել են մարդկութեան ամենակարեւոր հարցերից մէկի պատասխանը՝ ինչու են մի քանի տեսակի ընկոյզ պարունակող փաթեթում բրազիլական ընկոյզները միշտ յայտնւում վերնամասում: Գիտափորձի ժամանակ գիտնականները թափահարել են փաթեթը, որտեղ եղել է գետնանուշի ու բրազիլական ընկոյզի խառնուրդ՝ կատարելով փաթեթի եռաչափ ռենտգենեան սքանաւորում իւրաքանչիւր թափահարումից յետոյ: Պարզւել է, որ վերջնարդիւնքում թափահարութիւնները շրջել են աւելի խոշոր ընկոյզները՝ բերելով դրանք ուղղահայեաց դիրքում, ինչից յետոյ իւրաքանչիւր յաջորդող թափահարումը ստիպել է դրանց վեր բարձրանալ: Գիտնականները համարում են, որ իրենց հետազօտութիւնը կօգնի ինժեներներին ստեղծել աւելի արդիւնաւէտ միջոցներ ուրիշ խառնուրդներում, այդ թւում՝ բժշկութիւնում ու շինարարութիւնում կիրառւող խառնուրդներում չափսով պայմանաւորւած դիսպերսիան կանխարգելելու համար:

 

Ջրի վերածումը մետաղի

Հնագոյն ժամանակներում եւ մինչեւ 17-րդ դարը ալքիմիկոսները տարւած էին փիլիսոփայական քարով, որն առասեպելական նիւթ է եւ ենթադրւում էր, որ ունակ է կապարը վերածել ոսկու: Յուլիսին գիտնականները յայտնել են գիտափորձի մասին, որը նման է ալքիմիկոսների երազանքի իրագործմանը. մի քանի վայրկեանում նրանց յաջողւել է ջուրը վերածել փայլուն ոսկէ մետաղի: Հետազօտողները կարողացել են դա կեանքի կոչել՝ խառնելով ջուրը նատրիումի եւ կալիումի հետ: Այդ մետաղները տալիս են աւելորդ էլեկտրոնները ջրին եւ, հետեւաբար, ստիպում են ջրի էլեկտրոններին ազատ շրջել՝ դարձնելով այն մետաղեայ: Գիտնականների կողմից ստեղծւած «մետաղեայ ջուրը» կարող է գիտնականներին օգնել հասկանալ, թէ ինչ է գտնւում մոլորակների ներսում բարձր ճնշման տակ, որտեղ այդպիսի գործընթացը տեղի է ունենում բնական ճանապարհով:

 

Կենդանի զոմբիներ յաւերժական ցրտից

Յունիսին Current Biology պարբերականում լոյս է տեսել յօդւած, որում գիտնականները նկարագրել են փլէյսթոցենի դարաշրջանի յաւերժ ցրտից վաղուց մահացած էակների կլոնաւորման եւ վերածննդի գործընթացը: Այդ «զոմբիները» բազմաբջիջ միկրոօրգանիզմներ են: Հալչելուց յետոյ փոքր էակները սկսել են անսեռ բազմացում պարթենոգենեզի օգնութեամբ՝ ստեղծելով իրենց իսկ ճշգրիտ կլոնները: Յատկանշական է, որ այդ էակների շուրջ գրունտի հետազօտութիւնը ցոյց է տւել, որ դրանք սառեցւել էին 24 հազար տարի առաջ եւ ողջ են մնացել՝ յայտնւելով կրիպթոբիոզի մէջ: Գիտնականները յոյս ունեն ուսումնասիրել այդ գործընթացը, որպէսզի կարողանան աւելի շատ տեղեկութիւններ ստանալ կրիոկոնսերւացիայի եւ այն մասին, թէ ինչպէս կարելի է այն ադապտացնել մարդկանց համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։