Հա

Հասարակական

15/01/2022 - 12:50

«Ջէյմզ Վեբ»-ի հայելիների երկու կողմը կամ՝ 12 միլիարդ դոլար՝ 13 միլիարդ լուսային տարի տարածութեան համար

Տիեզերական աստղադիտակները միայն տիեզերքն ուսումնասիրելու եւ հասկանալու գործիք չեն, դրանք իրենց ժամանակաշրջանի գիտական ձեռքբերումների ու ճարտարւեստի (տեխնոլոգիայի) խորհրդանիշն են ու արգասիքը: Իսկ «Ջէյմզ Վեբ»-ը, որի մասին փորձելու ենք համացանցից ու մեդիայից հաւաքագրած նիւթերով ու տեղեկատւութեամբ կիսւել ընթերցողի հետ, աստղագիտութեան եւ տիեզերագիտութեան ասպարէզում յեղափոխական գործիք է, որը նպատակաուղղւած սեւեռւելու է տիեզերքի ճանաչման սահմանների ընդլայնման գործին:

Նիւթը կազմւած է ՆԱՍԱ-ի պաշտօնական հրապարակումների հիման վրայ

 

«ԱԼԻՔ», Հատիս - Տիեզերական աստղադիտակները միայն տիեզերքն ուսումնասիրելու եւ հասկանալու գործիք չեն, դրանք իրենց ժամանակաշրջանի գիտական ձեռքբերումների ու ճարտարւեստի (տեխնոլոգիայի) խորհրդանիշն են ու արգասիքը: Իսկ «Ջէյմզ Վեբ»-ը, որի մասին փորձելու ենք համացանցից ու մեդիայից հաւաքագրած նիւթերով ու տեղեկատւութեամբ կիսւել ընթերցողի հետ, աստղագիտութեան եւ տիեզերագիտութեան ասպարէզում յեղափոխական գործիք է, որը նպատակաուղղւած սեւեռւելու է տիեզերքի ճանաչման սահմանների ընդլայնման գործին:

 

Տիեզերական աստղադիտակները (Երկիր մոլորակի մթնոլորտից դուրս) շնորհիւ «Hubble» տիեզերական աստղադիտակի ստեղծողի, յեղափոխութիւն արձանագրեցին աստղագիտութեան ու տիեզերագիտութեան ասպարէզում:

Ճարտարւեստների (տեխնոլոգիաների) առաջխաղացման եւ գիտութեան նոր ձեռքբերումները մարդկանց հասանելի դառնալու հետ մէկտեղ տիեզերքն իր բոլոր խորքերով ճանաչելու ծարաւն ու նպատակները անհասանելի պատկերից հեռանկարային նպատակի վերածւեց, ինչին հասնելու առաջին քայլերը պիտի համարել տիեզերական աստղադիտակների զարգացան երեւոյթը:

 

«Ջէյմզ Վեբ»՝ ամենախոշոր բիւջէով կառուցւած աստղադիտակ

«Ջէյմզ Վեբ» տիեզերական աստղադիտակի կառուցումը տիեզերագիտութեան առաջընթացի գագաթնակէտն է համարւում, եւ եթէ աստղադիտակը յաջողութեամբ հասնի Լագրանժ-2 հեռաւորութեան նպատակակէտին եւ պաշտօնապէս սկսի գործել, տիեզերքը հասկանալու սահմանները կընդլայնւեն այնքանով՝ ինչքանով երազել է իր իմացածը պատկերի տեսքով տեսնել իւրաքանչիւր աստղագէտ:

 

«Ջէյմզ Վեբ» vs «Հաբէլ»

Որո՞նք են տարբերութիւնները «Ջէյմզ Վեբ»-ի եւ «Հաբէլ»-ի տիեզերական աստղադիտակների միջեւ:

Հեռաւորութիւնը Երկիր մոլորակից՝ «Հաբէլ»՝ 570 կմ., «Ջէյմզ Վեբ»՝ 1,5 միլիոն կիլոմետր: 

Տեսողութիւնը՝ «Հաբէլ»՝ տեսանելի լոյս, ուլտրամանուշակագոյն, ինֆրակարմիր (0,1-2,5 մկմ.), «Ջէյմզ Վեբ»՝ տեսանելիից մինչեւ չափազանց նւազ արտայայտւած ալիքներ, չափաւոր ինֆրակարմիր (0,6-28,5 մկմ.):

Տիեզերական օբիեկտների դիտարկման ունակութիւնը՝ «Հաբէլ» Վաղ շրջանի (մանկուկ) գալակտիկաներ, «Ջէյմզ Վեբ» նորածին գալակտիկաներ

Քաշը՝ «Հաբէլ»՝ 12246 կգ., «Ջէյմզ Վեբ»՝ 6500 կգ.

Հիմնական հայելու տրամագիծը՝ «Հաբէլ»՝ 2,4 մետր, «Ջէյմզ Վեբ»՝ 6,5 մետր

Չափսը՝ «Հաբէլ»՝ 13,2 * 4,2 մետր, «Ջէյմզ Վեբ»՝ 22 x 12 մետր (թենիսի մրցադաշտի հաւասար)

Հիմնական աստղադիտակի չափսը՝ «Հաբէլ» դպրոցական աւտոբուսներին հաւասար, «Ջէյմզ Վեբ»՝ համարժէք է Boeing 737-ի կէսին:

Ջերմաստիճանը՝ «Հաբէլ»՝ 21 աստիճան ցելսիուս, «Ջէյմզ Վեբ»՝ մինուս 230 աստիճան ցելսիուս

«Հաբէլ»-ը կշռում է մօտ 12 տոննա եւ գտնւում է 559 կմ. բարձրութեան վրայ: Այն վայրկեանում 8 կմ. արագութեամբ սլանալով պտտւում է Երկիր մոլորակի շուրջը 96-97 րոպէն մէկ՝ երբեմն անցնելով Իրանի երկնքով։ Այս արագութեան բերումով էլ այն յաճախ բաց է թողնում հեռաւոր օբիեկտների վրայ երկարատեւ սեւեռւելու առիթը, ինչը լուսանկարելու եւ երկարատեւ էքսպոզիցիան (նկարելուն հարկաւոր լուսաւորումը) ապահովելու միակ հնարաւորութիւնն է: 

Օգտագործելով «Hubble» տիեզերական աստղադիտակը` ՆԱՍԱ-ին յաջողւեց ուսումնասիրել յայտնի պուլսատիւ աստղերը (փոփոխւող պայծառութեամբ կապտագոյն երանգով լուսաւոր օբիեկտներ), ինչպէս նաեւ հսկայական սեւ խոռոչներ, որոնցից ամենայայտնին «Հաբէլ»-ի օգնութեամբ յայտնաբերւեց Ծիր Կաթին գալակտիկայի (մեր Արեգակն այստեղ է) կենտրոնում, որից յետոյ գիտնականները արձանագրեցին, որ նման սեւ խոռոչներ կան գալակտիկաների մեծ մասի կենտրոնում:

«Հաբէլ»-ը միակ աստղադիտակն է, որին կարելի էր վերանորոգել երկնքում: Այն մինչեւ 2020 թւականը վերանորոգւել է հինգ անգամ: Աստղադիտակը գործել է շուրջ 30 տարի եւ ենթադրւում է, որ այն կը շարունակի գործել մինչեւ 2030-2040 թւականները:

«Hubble»-ը գունաւոր լուսանկարներ չի գրանցում: Նրա գրանցած պատկերները գունաւոր ներկայացնելու համար այն (ռադիօ-պատկերը) պէտք է վերամշակման ենթարկւի ՆԱՍԱ-ի եւ Եւրոպայի ԷՍԱ-ի մշակման տաղաւարներում՝ օգտագործելով հաղորդչային երանգները։

«Hubble»-ն ունի առաջադէմ տեսախցիկ, որն ունակ է ուսումնասիրելու յայտնաբերւած հեռաւոր մոլորակների կլիման, տիեզերքի քարտէզագրումը եւ ուսումնասիրել աստղերը: Նշւած տեսախցիկը փոխարինել է նախորդին վերջին վերանորոգումների ժամանակ: Իսկ նախորդ տեսախցիկով գիտնականները ուսումնասիրում էին ցածրալոյս առարկաները, որոնք մինչ օրս համարւում են ամենաբարձր որակով գրանցւած պատկերներ:

 

«Ջէյմզ Վեբ». Տիեզերական աստղադիտակների նոր դարաշրջան

Ահա ամենակարեւոր նախագծերից մէկը, որին երկար են սպասել աստղագէտների մեծ մասը, քանի որ այն կարող է կարեւոր իրադարձութիւն լինել տիեզերքի սահմաններն ու ծագումն ընկալելու համար:

Աստղադիտակը պէտք է գործարկւէր 2007 թւականին եւ այժմ, 14 տարի ուշացումից յետոյ, վերջապէս այն ուղեւորւել է դէպի ձգողութեան չէզոք ուղեծիր:

Այս բազմամեայ դադարի պատճառը այն է, որ «Ջէյմզ Վեբ» աստղադիտակը չի կարող վերանորոգւել, ինչպէս «Hubble»-ը, իսկ ամենափոքր խնդրի դէպքում ՆԱՍԱ-ի ծախսատար նախագիծը ընդմիշտ չեղարկւելու էր:

«Ջէյմզ Վեբ»-ին է ամրացւած 5 շերտանի արեւային վահան, որն անհրաժեշտ է աստղադիտակը արեւի ճառագայթներից պաշտպանելու համար: Արժէ նշել, որ այդ ճառագայթների մեծ մասը չէզոքացւում է Երկիր մոլորակի մթնոլորտի միջոցով, իսկ որքան հեռու է տիեզերական սարքաւորումը Երկիր մոլորակի մակերեւոյթից, այնքան աւելի շատ է այն ենթարկւում ճառագայթների ազդեցութեանը:

Այս աստղադիտակին ամրացւած խիստ զգայուն մասնիկների ու գործիքների պատճառով նշւած վահանի առկայութիւնը խիստ անհրաժեշտ է «Ջէյմզ Վեբ»-ին, ինչը աստղադիտակին հնարաւորութիւն կը տայ ուսումնասիրելու ամենահեռաւոր անցեալից մեզ հասնող թոյլ ազդանշանները։ 

«Ջէյմզ Վեբ» տիեզերական աստղադիտակի մէկ այլ խնդիրն այն է, որ այն պէտք է աշխատի չափազանց ցածր ջերմաստիճաններում, քանի որ մեր մոլորակի ուղեծիրի տարածութեան պայմաններն այնպիսին են, որ ցանկացած օբիեկտի դէպի արեւ նայող կողմը շատ բարձր ջերմաստիճան է հաւաքում, իսկ միւս կողմը՝ ջերմաստիճանի կտրուկ անկում է ունենում:

Ուստի այս օբիեկտները, յատկապէս «Ջէյմզ Վեբ» տիեզերական աստղադիտակը, որն ունի շատ զգայուն մասեր, պէտք է իրավիճակին յարմարւելու կարողութիւն ունենան։ 

Ինչպէս նշել ենք արդէն, գիտնականները «Հաբէլ» տիեզերական աստղադիտակի արագասլաց երթը պայմանաւորում են աստղադիտակի կայունութեան հետ: Այնպէս, որ այն պէտք է պտտւի Երկիր մոլորակի շուրջ 90 րոպէն մէկ՝ Երկիրին մօտ լինելու պատճառով, սակայն «Ջէյմզ Վեբ»-ի դէպքում այդ խնդիրը լուծում է գտել հեռաւորութեան հաշւին: Այն գտնւում է Երկիր մոլորակից հեռու՝ Լագրանժեան երկրորդ կէտում, ունի աւելի կայուն դիրք, քան «Հաբէլ»-ը տիեզերքի խորութեան մէջ սեւեռւելու համար: «Վեբ»-ը կարող է գրանցել դանդաղ ու երկար լուսաւորումով կադրեր: Իսկ սա յատկութիւն է, որով մեծանալու են պատկերների ճշգրտութիւնը:

«Ջէյմզ Վեբ»-ի կարողութեան ու ճշգրտութեան մասին առասպելի է նմանում այս նշումը, որ այն ի զօրու է Լուսնի հեռաւորութիւնից Երկրի վրայ տեսնել ու յայտնաբերել մեղւի շարժումը:

 

Թարմացւող «օրիգամին» ամբողջապէս իրացւել է

Այս շաբաթ (երկուշաբթի) «Ջէյմզ Վեբ» տիեզերական աստղադիտակը լիովին բացեց իր հիմնական հայելին աւարտին հասցնելով երկու շաբաթ տեւողութեամբ կատարւող խոշոր գործողութիւնների շարքը: Այս ամէնը պէտք է կատարւէր անսխալ կերպով, որպէսզի տասնամեակներ շարունակ կառուցւող հսկայական տիեզերական աստղադիտակը պատրաստ լինէր գործարկման համար։ 

«Ջէյմզ Վեբ»-ն ունի երկու հորիզոնական կայմ, ներառեալ երեք կտորից կազմւած ոսկեգոյն վեցանկիւն հայելիներ իր հիմնական հայելու երկու կողմերում, որոնց գիտնականները պարտաւորւած ծալել էին Արեան հրթիռում տեղաւորելու նպատակով: 

 Թեւքերը (կայմը) բացելուց ընդամէնը մէկ օր անց յաջողութեամբ բացւեց նաեւ հայելու աջ թեւը։ Երկու թեւքերի բացւելով մեծ վեցանկիւն հայելին, որը կազմւած է 18 ոսկեզօծ հայելիներից եւ ունի 5,5 մետր տրամագիծ, հնարաւորութիւն ունեցաւ ամբողջութեամբ տեղակայւել իր դիրքում: Այն հաւաքելու է մինչեւ 13 միլիարդ լուսային տարի հեռաւորութիւնից մեզ հասնող ինֆրակարմիր լոյսի հետքերը։

 

Ո՞րն է «Ջէյմզ Վեբ» տիեզերական աստղադիտակի առաքելութիւնը եւ ինչո՞վ է այն տարբերւում «Հաբէլ»-ից

«Ջէյմզ Վեբ»-ը գործարկելու եւ դէպի տիեզերք արձակելու կարեւորութիւնը պայմանաւորւած է նրանով, որ ունեցած հնարաւորութիւնների ու ճարտարւեստի շնորհիւ տիեզերական դիտարկման իմաստը հիմնայատակ փոփոխութիւններ է կրելու:

Զարգացում, որը եղանակ է թելադրելու։ Աստղադիտակի արեւապաշտպան ծածկը՝ թենիսի կորտի չափով է, իսկ 6,5 մետրանոց առաջնային հայելին, ինչպէս նաւը շշի մէջ, տեղադրեցին հրթիռի տիեզերանաւի ներսում, որն արձակւել է շուրջ երեք շաբաթ առաջ: JWST աստղադիտական հրթիռից անջատւեց արձակումից 30 րոպէ անց: Այժմ այն հաւաքելով մէկ կիլոմետր՝ երեք վայրկեանում կտրել է նախատեսւած տարածութեան 90 տոկոսը (կամ քիչ աւելի): Յատկանշական է, որ «Ջէյմզ Վեբ»-ը վայրկեանում 350 մետր է սլանում, ինչը 50 մետրով գերազանցում է գնդացիրից արձակւած գնդակի արագութեանը: 

«Ջէյմզ Վեբ»-ը գալիս է համալրելու իր նախորդ սերնդի տիեզերական աստղադիտակներին, ինչպիսիք էին «Kepler»-ը, «Spitze»-ը եւ, իհարկէ, «Hubble» տիեզերական աստղադիտակները: 

Արձակումից յետոյ աստղադիտակը անցնում է աւելի քան 1,5 միլիոն կիլոմետր՝ հասնելու ձգողականութեան կայուն կէտին, որը կոչւում է L2 (Lagrange 2): Այս կէտը գտնւում է Երկիր մոլորակի եւ Արեգակի ձգողական յարաբերակցութեան չէզոք ուղեծրում, որը հնարաւորութիւն կը տայ JWST-ին պահպանելու դանդաղ շրջան հեռաւոր կէտերի վրայ խորանալու համար: 

«Ջէյմզ Վեբ»-ն ի տարբերութիւն «Հաբէլ»-ի տիեզերքի անխոչընդոտ տեսադաշտ կունենայ, ինչը ամենամեծ առաւելութիւնն է: Սակայն աստղադիտակի հեռաւորութիւնը մեզ թոյլ չի տայ, որ պէտք եղած դէպքում տեխնիկական միջամտութիւն կամ վերանորոգումներ կատարել, ինչպէս կատարւեց «Հաբէլ»-ի դէպքում: 

«Ջէյմզ Վեբ»-ն իր դիտարկման առաքելութիւնը կը սկսի L2-ում տեղակայւելուց վեց ամիս անց եւ L2 կէտում գիտութեանը կը ծառայի 5-ից 10 տարի:

Գիտնականները յոյսեր են փայփայում, որ աստղադիտակը նրանց կը մօտեցնի աշխարհի ծագման վաղ շրջանին: Տեղեկութիւններ, որոնք նախկինում չենք ունեցել, իսկ մեզ կարող էր տրամադրել միայն ժամանակի մեքենան։ Նոյն պատճառով է, որ «Ջէյմզ Վեբ»-ը ներկայացւում է որպէս ժամանակի մեքենայ, քանի որ նրա որսածը լինելու է Մեծ պայթիւնից 300 միլիոն տարի հեռաւորութեան իրավիճակը, կամ պարզ լեզւով՝ 14 միլիարդ տարի առաջւայ դէպքերի պատկերը: Ակնկալւում է, որ այն նոր պատկերացումներ կը տայ մեզ տիեզերքի էութեան ու տարածւելու պատմութեան բոլոր փուլերի մասին, յատկապէս առաջին փոշու եւ գազային ամպերի ձեւաւորումից մինչեւ Արեգակնային համակարգի ձեւաւորումն ու միգամածութիւնների ծնունդը: 

NASA-ն, Եւրոպական տիեզերական գործակալութիւնը (ESA) եւ Կանադայի տիեզերական գործակալութիւնը (CSA), որոնք իրականացրել են աստղադիտակի ստեղծման նախագիծը, ընդգծում են, որ JWST-ը լրացնելու է «Hubble»-ին, այլ ոչ թէ փոխարինում նրան:

«Հաբէլ» տիեզերական աստղադիտակն կարողացաւ դիտարկել գալակտիկաների մանկութեան շրջանը, իսկ «Ջէյմզ Վեբ»-ի միջոցով հնարաւոր է տեսնել այդ գալակտիկաների ծնունդը:

«Ջէյմզ Վեբ»-ը մեզ թոյլ կը տայ յետ նայել եւ առաջին անգամ տեսնել տիեզերքի առաջին օբիեկտները: Մենք կը կարողանանք բացայայտել նաեւ այլ աստղերի շուրջ պտտւող այն մոլորակները, որոնք գտնւում են կեանքի գօտի կոչւող ուղեծիրում: Մենք կարող ենք նաեւ ուսումնասիրել մոլորակների մթնոլորտում ովկիանոսների, մթնոլորտի կամ քիմիական նիւթերի առկայութիւնը:

Սակայն «Վեբ» աստղադիտակը չի կարող մեզ յստակ ասել, որ այդ մոլորակներում կեանք գոյութիւն ունի թէ ոչ. Բայց, գծելով աշխարհի աւելի ճշգրիտ պատկերն ու քարտէզը, այն կարող է ապացոյցներ ներկայացնել արտաարեգակնային ովկիանոսների գոյութեան մասին: Սա օգնելու է նախագծել եւ աւելի լայնածաւալ հետազօտութիւններ կատարել ստացւած տւեալների վերաբերեալ: «Վեբ»-ն ուսումնասիրելու է ինֆրակարմիր ալիքների երկարութիւնները, ինչը շատ կարեւոր է նոր ձեւաւորւած աստղերն ու մոլորակները տեսնելու համար, յատկապէս, եթէ նրանք գտնւում են տիեզերական փոշեկոյտերի թիկունքում, որը կլանում է տեսանելի լոյսը, բայց ինֆրակարմիր ալիքներն անցնում են այդ փոշու ամպերի միջից եւ տեսնում դրա թիկունքում եղած չեղածը: 

«Ջէյմզ Վեբ» աստղադիտակը կարող է վերաշարադրել մեր ողջ գիտելիքները. այն անհաւատալիօրէն կարող է փոխել մեր պատկերացումներն աշխարհի ծագման ու գալակտիկաների ծնունդի մասին:

 

Ինչպէ՞ս է բացայայտելու «Ջէյմզ Վեբ»-ը հեռաւոր ու նւազ լոյսով օբիեկտները

JWST հայելին կարող է հաւաքել 6 անգամ աւելի շատ լոյս, քան «Hubble»-ը, իսկ նրա տեսադաշտը 15 անգամ գերազանցում է «Hubble»-ին: 

«Ջէյմզ Վեբ» տիեզերական աստղադիտակի առաջնային նպատակը Մեծ պայթիւնից կամ «այսպէս կոչւած մութ դարաշրջանի աւարտից» պահեր որսալն ու այն ուսումնասիրելն է: Այն շրջանի մասին է խօսքը, երբ տիեզերքը լուսաւորւեց նորաստեղծ աստղերի առաջին լոյսով։ Աստղադիտակը պէտք է կարողանայ դիտել Մեծ պայթիւնից 100-250 միլիոն տարի անց։ Բացի այդ, ինչպէս «Hubble»-ն էր անում, այն կուսումնասիրի գալակտիկաների ծնունդն ու ձեւաւորումը, սեւ խոռոչների ազդեցութիւնը եւ առհասարակ կեանքի ծագումը: 

Գիտնականները յոյս ունեն՝ «Ջէյմզ Վեբ»-ը կօգնի հասկանալ տիեզերքի չափերն ու երկրաչափութիւնը, մութ նիւթն ու մութ էներգիան, ինչպէս նաեւ տիեզերքի վերջնական ճակատագիրը: 

JWST բարձր լուծաչափը (ցուցադրւող պիքսելների քանակը) թոյլ կը տայ չափագրել Ծիր Կաթինի եւ հարեւան գալակտիկաների իրավիճակը, ինչպէս ասւում է ESA-ի հրապարակումներում: 

Տիեզերական այս աստղադիտակի կարողութիւնները հնարաւոր կը դարձնի դիտարկելու մոլորակային համակարգերի ձեւաւորումը:

 

ՆԱՍԱ-ի յաջորդ նախագիծը «Ջէյմզ Վեբ»-ից յետոյ

NASA-ն այլ աստղադիտակներ կառուցելու յաւակնոտ ծրագրեր ունի: Օրինակ, ՆԱՍԱ-ն նախատեսում է ֆինանսաւորել Լուսնի կիսախաւար հովտում աստղադիտակ կառուցելու նախագիծը: Լուսնի մութ կողմը Լուսնի այն հատւածն է, որն ունի իւրայատուկ տեսարան դէպի տիեզերքի միւս կողմը: Այդ տարածութեան վրայ Երկիր մոլորակի խիտ մթնոլորտը եւ երկրից արտանետւող ռադիոալիքները որեւէ խանգարող ազդեցութիւն չեն ունենալու։ 

Տիեզերական աստղադիտակների ոլորտում ներկայումս մշակւում է Wide Field Infrared Surveying Telescope (WFIRST) կոչւող աստղադիտակը, որը կը գործարկւի մինչեւ 2025 թւականը: Այս աստղադիտակի հայելին կը լինի մօտ 2,4 մետր՝ «Հաբէլ»-ի հայելու չափով: Իսկ այն այլ առաջադրանք է ունենալու: WFIRST աստղադիտակը նախատեսւած է երեք հիմնական խնդիրների՝ արտաարեգակնային մոլորակների յայտնաբերման, Մութ նիւթ/էներգիայի, եւ վերջապէս աստղերի ու մոլորակների ձեւաւորման մասին փաստերի պարզում եւ հաւաքագրում:

WFIRST աստղադիտակը եւս կը տեղակայւի «Ջէյմզ Վեբ»-ի հեռաւորութեան վրայ:

 

Կարո՞ղ ենք նայել հեռաւոր անցեալին: Կարո՞ղ է արդեօք JWST-ը տեսնել Մեծ պայթիւնը

«Հաբէլ»-ը մեզ թոյլ է տալիս դիտարկել որոշ երիտասարդ գալակտիկաներ, երբ տիեզերքը 500 միլիոն տարեկան էր: Իսկ «Ջէյմզ Վեբ»-ը մեզ կը պատմի մինչեւ Մեծ պայթիւնից 300-հազար տարի անցի մասին:

Այսպիսով, երեք հարիւր հազար տարւայ եւ 500 միլիոն տարւայ միջեւ ընկած ժամանակահատւածը մեզ համար երկիմաստութեան աուրա (լուսաբակ) է: «Ջէյմզ Վեբ» տիեզերական աստղադիտակը կառուցւել է այս հեռաւորութիւնը դիտելու համար: Հիմնական խնդիրն ու առաջադրանքն այն է, թէ երբ են առաջացել առաջին գալակտիկաները: 

Իսկ այդ առաքելութիւնը կարող էր իրականացւել նման ծաւալներով հայելիով զինւած աստղադիտակը: Եւ վերջապէս 6,5 մետր լայնութեամբ հայելիով աստղադիտակ ուղարկելը տիեզերք հեշտ գործ չէ։ 

Ահա թէ ինչու աստղադիտակը պէտք է նախագծւէր այնպէս, որ ծալւի հրթիռի մէջ, ինչպէս 11 միլիարդ դոլար արժողութեամբ բարձր տեխնոլոգիական օրիգամիի կտորը: Բացի այդ, քանի որ աստղադիտակը կարող էր գործել միայն բացարձակ սառնութեան ջերմաստիճանում (մինուս 223 աստիճան Ցելսիուս), նրան անհրաժեշտ էր թենիսի դաշտի չափի հինգշերտ արեւապաշտպան՝ այն արեւի ջերմութիւնից մեկուսացնելու համար: Արեւապաշտպան երեսկալը նոյնպէս պէտք է կարողանայ մէկ անգամ տեղում ծալւել, այնուհետեւ առանց խնդիրների բացւել, ինչը եւս մէկ ինժեներական մեծ ձեռքբերում էր: 

«Ջէյմզ Վեբ»-ի մասին նշւած է, որ այն կարող է ընդամէնը 20 ժամ աշխատելով թիրախի վրայ պարզել դրա էութիւնն ու արձանագրել այն փաստը, որ այնտեղ կեանք կայ թէ ոչ:

Որոշ աստղագէտներ կանխատեսում են, որ շուտով նրանք կա՛մ կը գտնեն համոզիչ ապացոյցներ այլ մոլորակային կեանքի մասին, կա՛մ կը պարզեն թէ նման նպատակներ հետապնդող ծրագրերի համար, որ ուղղութեան վրայ պիտի աշխատել: Յատկապէս, երբ տիեզերքի սահմաններն են անասելի արագութեամբ ընդլայնւում:

Այնուամենայնիւ, «Ջէյմզ Վեբ»-ը գիտնականների վերջին ձեռքբերումն է այլ մոլորակների վրայ կեանք գտնելու համար, որն այժմ, ինչպէս ասում են, կարող է ցոյց տալ այլմոլորակայինների վրայ կեանքի հաւանականութիւնը 20 ժամ դիտարկմամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։