Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իրանահայ հանրայայտ ճարտարապետ Շերլի Աւետեանին պարգեւատրեց Մեսրոպ Մաշտոցի անւան շքանշանով։
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ
Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իրանահայ հանրայայտ ճարտարապետ Շերլի Աւետեանին պարգեւատրեց Մեսրոպ Մաշտոցի անւան շքանշանով։
Պարգեւատրման միջոցառման ելոյթներին կարելի էր մի շնչով հետեւել եւ դիտել: Պատճառներից մէկն այն էր, որ այնտեղ, բոլորի մօտ ակնյայտ կոնսենսուս էր ձեւաւորւել առ այն, որ Շերլին միանշանակ բարձր գնահատականի արժանի է: Համընդհանուր համաձայնութեան մթնոլորտն իրօք աննախադէպ էր:
Անկասկած, Շերլի Աւետեանը բոլորիս հպարտութեան առիթն է, իր կերպարով ռոլ մոդել, մասնաւորապէս նոր սերնդի, կանանց եւ աղջիկների համար, եւ փաստ է, որ իր գործունէութեամբ բոլորովին այլ՝ նոր նշաձող սահմանեց:
Օրինակ, համայնքային առումով դարձաւ այն եզակի կանանցից մէկը, որն իր աշխատանքով արժանացաւ հայկական մշակոյթի պահպանման ուղղութեամբ՝ բարձրագոյն շքանշանի, եւ այսուհետ նրա հեղինակած գրքի շնորհիւ, Իրանում բառիս բուն իմաստով, կորստի վտանգի առջեւ չեն կանգնի հայկական եկեղեցիները:
Այդ օրը հնչած ելոյթներում, դիպուկ, միեւնոյն ժամանակ մտածելու տեղիք տւող բնորոշում էր Շերլիին «մտաւորականուհի» որակելը:
Եկէք արձանագրենք, որ նա իրանահայ ժամանակակից մտաւորականութեան լաւագոյն օրինակներից մէկն է: Իսկ եթէ փորձենք դիտարկել հարցը, թէ ովքեր են մտաւորականներն առհասարակ, եւ որոնք են յատկապէս նրանց յատկանիշները, ապա կարելի է նախ սկսել մտաւորականութեան բառի արմատով, որը «մտորել», «մտածել» բառերին է վերադառնում: Հետեւաբար, կարելի է պնդել, որ դա աւելի շուտ հոգեվիճակ է, քան մասնագիտութիւն, իսկ յետոյ պարզ է, որ մտաւորականները որոշակի արժեհամակարգ կրող անձինք են, որոնք իրենց նախաձեռնողականութեամբ արձագանգում են հասարակութեան մէջ ընթացող կարեւորագոյն զարգացումներին, այսինքն իրենց ներուժն ուղղում են հրապարակայնօրէն, ու ոչ միայն, հասարակութեան լուսաւորութեան գործին։
Իրականում, այդքան էլ բարդ չէ ուրւագծել մտաւորականի իդէալական տեսակը, որը նաեւ բարձրաձայնում, շօշափում է կարեւոր թեմաներ, առաջ է քաշում արդիւնաւէտ իդէաներ, քայլեր է կատարում, զարգացնում է իր թէզերը, հասարակութեանը եւ լայն զանգւածներին է ներկայացնում իր պնդումների համար համապատասխան փաստարկների ամբողջութիւն եւ տրամաբանութիւն, իսկ յաճախ նաեւ նպաստելով հասարակութեան մէջ ընթացող քննարկումներին կամ դիսկուրսներին, երբեմն, թէկուզ ամենաանյուսալի ցածր մակարդակի բարձրացմանը, ինչը շատ կարեւոր է:
Սակայն, կարծում եմ, մտաւորականի ամենակարեւոր առանձնայատկութիւններից վտանգը, սպառնալիքն առաջինը զգալու, «հոտոտելու» ունակութիւնն է: Ընդունակութիւնը՝ մտահոգւելու որոշ ճգնաժամային միտումների մասին այն պահին, երբ այլք առանց տարօրինակ բան տեսնելու, զբաղւում են իրենց առօրեայ գործերով:
Կրկին, յիշեցնելով Շերլիին որպէս օրինակ, ապա, ակնյայտ է, որ նրան մտահոգել են հայկական եկեղեցիների հնարաւոր ոչնչացման սպառնալիքը, եւ հէնց դա վերածւել է հետագայում նրա մասնագիտական գործունէութեան ընդլայնման մոտիւացիայի:
Այնուամենայնիւ, իրողութիւն է, որ հասարակութիւնն, երբեմն թիւր կարծիք եւ ակնկալիքներ ունի մտաւորականութեան նկատմամբ: Օրինակ բազում մարդկանց թւում է, որ ինտելեկտուալները պէտք է վերածւեն հերոսների կամ փրկիչների, ինչն առհասարակ արդար սպասում չէ, իրականութիւնից կտրւած, եւ հէնց սկզբից մերժելի թէզ, որովհետեւ փրկիչներ ունենալու ձգտումն ինքնին կործանիչ է, նաեւ ինչ-որ տեղ հնացած կաղապար եւ միֆականացում:
Հնացած կաղապար այն առումով, որ մերօրեայ հաղորդակցային աննախընթաց հասանելիութեան պայմանները մտաւորականութեանն ինչպէս եւ բոլոր մարդկանց ստիպել է դառնալ հասանելի, եւ գործել հանրութեանը մատչելի:
Թէեւ, այստեղ կայ նաեւ հարցի միւս կողմը, որոնք հիմնական քննադատութիւններ են ուղղւած մտածող մարդկանց, այն է՝ անատամ, կամ անպտուղ գործունէութիւնը, ինչը ցանկալի չէ, իսկ երկարատեւում, դա եւս կարող է աղէտաբեր լինել:
Կարծում եմ, առնւազն երկու իրավիճակներն էլ անցանկալի են՝ «առաքեալութեան», «հերոսների» կամ այսպէս ասած, «զուտ մտահոգ» մտաւորականութեան:
Այնուամենայնիւ, հակասութիւնների մի մասը հնարաւոր է լուծւեն, եթէ, օրինակ, ինտելեկտուալի, մտքի մարդու կամ ուղղակի մտահոգ հայի ամենօրեայ մտորումների խորքում տեղ գտնեն այն հարցադրումները, որոնք կապւած կը լինեն հայերին սպառնացող վտանգների կանխարգելմանն ուղղւած այլընտրանքների որոնմանը եւ համապատասխան քայլերի կատարմանը:
Իրականում, ինտելեկտուալը պէտք է կարողանայ լինել մտահոգւած եւ միեւնոյն ժամանակ ունենայ բաւականաչափ սթափութիւն եւ խիզախութիւն մի բան անելու իր ազգի, հայրեինիքի եւ ժողովրդի համար:
Սակայն, փաստ է, որ այս ամէնն ասելն իհարկէ աւելի հեշտ է, քան ազդեցիկ քայլեր անելը: Շերլիին, այնուամենայնիւ, յաջողեց իրագործել այն: