Տէրունի տօնով մենք յիշատակում ենք 40-օրական Յիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրէական օրէնքի` ամէն մի արու զաւակի ծնունդից յետոյ, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զաւակի համար օրհնութիւն ստանում քահանայից: Այսպէս եւ Ա. Աստւածամայրը 40-օրական Յիսուսի հետ գալիս է Տաճար:
Տէրունի տօնով մենք յիշատակում ենք 40-օրական Յիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրէական օրէնքի` ամէն մի արու զաւակի ծնունդից յետոյ, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զաւակի համար օրհնութիւն ստանում քահանայից: Այսպէս եւ Ա. Աստւածամայրը 40-օրական Յիսուսի հետ գալիս է Տաճար: Այս մասին յիշատակում է Ղուկաս աւետարանիչը: «Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն` Նրան Երուսաղէմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրւած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչւի: Եւ Տիրոջ Օրէնքում ասւածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24):
Ըստ Աւետարանի Սիմէոն անունով մի բարեպաշտ մարդ Աստծուց խոստում է ստանում, որ մահ չի տեսնի, քանի դեռ իր ձեռքերի մէջ չի առնի մարդկութեան Փրկչին: Երբ Յիսուս ծնողների ուղեկցութեամբ մօտենում է տաճարին, արեւելեան դուռը, որ տասնեակ տարիներով փակւած էր դղրդիւնով բացւում է: Լսելով այդ ահաւոր դղրդիւնը` մարդիկ ճրագներով ու ջահերով դուրս են գալիս Մեսիային ընդառաջ: Երեքհարիւրամեայ Սիմէոնը, որ ծերութիւնից կուրացել էր, սկսում է տեսնել: Նա հասկանում է, որ տաճար է եկել Ինքը` Փրկիչը, եւ ընդառաջ է գնում Նրան: Ս. Աստւածածնի ձեռքերից վերցնելով մանուկ Յիսուսին` նա գոհութիւն ու փառաբանութիւն է յայտնում Տիրոջը, որ հնարաւորութիւն ընձեռեց տեսնել Փրկչին: Այստեղից էլ առաջացել է տօնի անւանումը` Տեառնընդառաջ` Տիրոջն ընդառաջ: Տեառնընդառաջն անշարժ տօն է եւ նշւում է փետրւարի 14-ին` Յիսուսի Ծննունդից 40 օր յետոյ: Եւ քանի որ ըստ եկեղեցական տօնացոյցի օրը փոխւում է երեկոյեան ժամերգութիւնից յետոյ, Տեառնընդառաջի տօնախմբութիւններն էլ, ինչպէս միւս տօների պարագայում, սկսւում են նախորդ օրը: Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ կատարւում է նախատօնակ: Այն աւետում է Տէրունի տօնի սկիզբը:
Նախատօնակի արարողութեան աւարտին կատարւում է Անդաստանի արարողութիւն, որի ընթացքում օրհնւում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին յաջորդում է մոմերի օրհնութեան արարողութիւնը: Եկեղեցու կանթեղներից վերցւած կրակով եկեղեցիների բակերում վառւում են խարոյկներ, իբրեւ Քրիստոսի լոյսի խորհրդանիշ:
Եկեղեցու ճրագներից վառւած մոմեր տանելով` մարդիկ իրենց բակերում եւս խարոյկ են կազմակերպում: Ժողովրդական այս սովորութիւնը քրիստոնէրութեան աստւածաբանութեան հետ կապւած չէ, սակայն Հայ Առաքելական Եկեղեցին դարեր ի վեր պահպանել է որպէս ժողովրդական գեղեցիկ աւանդոյթ:
Աղբիւր` Panorama.am