Երէկ երեկոյեան Թեհրանի «Վահդաթ» դահլիճում կայացաւ «Ամին օլ Զարբ» կոչւողգործարարների գնահատման 6-րդ շրջանի հանդիսութիւնը, որը համընկնում էր Թեհրանի Առեւտրի պալատի հիմնադրման 138-րդ ամեակին:
«ԱԼԻՔ» - Երէկ երեկոյեան Թեհրանի «Վահդաթ» դահլիճում կայացաւ «Ամին օլ Զարբ» կոչւող գործարարների գնահատման 6-րդ շրջանի հանդիսութիւնը, որը համընկնում էր Թեհրանի Առեւտրի պալատի հիմնադրման 138-րդ ամեակին:
Միջոցառմանը, որը կազմակերպւել էր մասնաւոր բաժնի եւ տնտեսական ակտիւիստների մասնակցութեամբ, գնահատանքի արժանացան Իրանի գործարարութեան, արդիւնաբերութեան եւ մշակոյթի բնագաւառում 8 ականաւոր դէմքեր, նրանց յանձնւելով «Ամին օլ Զարբ»-ի շքանշանը եւ գնահատագիր: Գործարարների ընտրութեան չափանիշերն էին՝ զբաղւածութիւն ստեղծելը, նորարարութիւնը, բարի համբաւ ունենալը եւ սոցիալական պարտականութիւնների իրականացումը:
Ուրախութեամբ տեղեկացանք, որ կազմակերպւած միջոցառմանը գնահատւեց իրանահայ հանրայայտ գործարար «Յակոբեան» ընկերութեան գլխաւոր տնօրէն եւ հիմնադիր՝ Սմբատ Յակոբեանը: Միջոցառման աւարտին յատուկ գնահատանքի արժանացան երկու գերազանց համարւող գործարարներ, որոնց շնորհւեց «Ամին օլ Զարբ»-ի շքանշանը, որին էլ արժանացաւ Սմբատ Յակոբեանը: Յատկանշական է, որ Իրանում կովիդի համաճարակի առաջին իսկ օրերին «Յակոբեան» ընկերութիւնը, բարեգործական քայլով սկսեց արտադրել եւ նւիրաբերել յատուկ հիւանդանոցային հագուստներ:
Կազմակերպւած հանդիսութեանը, Սմբատ Յակոբեանը «Ամին օլ Զարբ»-ի գերբը ստանալուց յետոյ իր ելոյթի ընթացքում նշեց, որ Իրանի այսօրւայ հասարակութիւնը պէտք է իրազեկ դառնայ հասարակութեան մէջ չքաւորութիւնը վերացնելու գործում գործարարների կարեւոր դերակատարութեանը եւ շեշտեց, որ երկրում անհրաժեշտ է սոցիալականացնել արդիւնաբերութիւնը եւ ժողովուրդը ընկալի, որ գործարարը կարող է կարեւոր դեր խաղալ աշխատանքի ստեղծան հարցով: