Print this page
12/05/2022 - 09:10

Ստորագրւել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նիստի ռազմավարական փաստաթուղթը

Աշխատանքային այցով ՀՀ-ում գտւնող ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբեանի գլխաւորած պատւիրակութիւնն՝ երէկ մայիսի 11-ին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նիստին:

«alikonline.ir»- Աշխատանքային այցով ՀՀ-ում գտւնող ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբեանի գլխաւորած պատւիրակութիւնն՝ երէկ մայիսի 11-ին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նիստին, հաղորդում է Paven.ir-ը:

Նիստը գումարւել է նախարար Ալի Աքբար Մեհրաբեանի եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի համանախագահութեամբ: Կայացած է միջկառավարական յանձնաժողովի նիստի արդիւնքում ստորագրւել է փոխըմբռնման յուշագրեր եւ ռազմավարական փաստաթուղթ:

Յուշագիրը ստորագրւել է տարանցման, փոխադրումների եւ առեւտրի դիւրացման, երկու երկրների միջեւ առեւտրի եւ էներգետիկայի ոլորտում աւելի լայն համագործակցութեան, Արաքսի ոլորտում բնապահպանական համագործակցութեան զարգացման եւ սահմանամերձ գետերից աղտոտւածութեան հեռացման եւ համագործակցութեան զարգացման, բժկական եւ այլ ոլորտներում:

Նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը նշել է. «Նախեւառաջ, ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանում։ Ուրախութեամբ պէտք է փաստենք, որ օբիեկտիւ պատճառներով պայմանաւորւած որոշակի դադարից յետոյ այսօր Երեւանում գումարւում է Հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նիստը։ Յատկանշական է, որ նիստը ընթանում է երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-րդ տարում։

Բարեկամ Իրանի հետ փոխադարձ յարգանքի ու վստահութեան վրայ կառուցւած երկկողմ յարաբերութիւնները մեծ կարեւորութիւն ունեն Հայաստանի Հանրապետութեան համար, քանի որ Իրանը ոչ միայն հարեւան պետութիւն է, այլ նաեւ առեւտրային կարեւոր, յուսալի եւ վստահելի գործընկեր մեզ համար։ Մենք պէտք է համատեղ ջանքեր գործադրենք երկու երկրների յարաբերութիւններում առկայ մեծ ներուժը ամբողջապէս իրացնելու ուղղութեամբ: Ակնյայտ է, որ երկկողմ համագործակցութեան ընդլայնումը դրական ազդեցութիւն կունենայ հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդների համար։

Վստահաբար կարող եմ նշել, որ մեր երկու երկրների կառավարութիւնները դրսեւորում են քաղաքական անհրաժեշտ կամք եւ հետեւողականութիւն՝ զարգացնելու մեր միջպետական յարաբերութիւններն ամենատարբեր ոլորտներում։

Հաշւի առնելով Իրանի հետաքրքրւածութիւնը ԵԱՏՄ ինտեգրման հարցում՝ Հայաստանը մշտապէս ջանքեր է գործադրում խթանելու այդ գործընթացը, ինչպէս նաեւ բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դէպի ԵԱՏՄ շուկա: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամութիւնը ապահովելու եւ ծաւալելու Իրանի հետ այս ուղղութեամբ ակտիւ փոխգործակցութիւն։

Անդրադառնալով երկկողմ համագործակցութեանը՝ կը ցանկանայի նշել, որ մեծապէս կարեւորում ենք էներգետիկ եւ տրանսպորտի բնագաւառներում փոխադարձ պայմանաւորւածութիւնների արձանագրումը, մասնաւորապէս՝ գազ- էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի երկարաձգման, Հիւսիս-Հարաւ էներգետիկ քառակողմ կապի եւ Պարսից ծոց - Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կեանքի կոչման ուղղութեամբ: Պէտք է նշեմ նաեւ, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցութիւնների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ Հայաստանի Հանրապետութեան երկաթուղային կապի հաստատումը գտնւում է մեր օրակարգային կարեւորագոյն հարցերի շարքում։

Կը շեշտեմ նաեւ, որ երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների ծաւալների աւելացման, սահմանային եւ մաքսային վարչարարութեան լաւարկման ուղղութեամբ համագործակցութիւնը իր հերթին կը նպաստի հարեւան եւ բարեկամ երկու երկրների յարաբերութիւնների ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Յարգելի՛ ներկաներ,

Ցանկանում եմ կարեւորել այն փաստը, որ մեր փորձագիտական խմբերի աշխատանքի արդիւնքում մշակւել են մի շարք ոլորտներում մեր երկու երկրների փոխգործակցութեան հետագայ ուղենիշները: Արձանագրւել է առեւտրի, արդիւնաբերութեան, առողջապահութեան, կրթութեան, մշակոյթի, զբօսաշրջութեան, գիւղատնտեսութեան եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցութիւնը զարգացնելու երկկողմ պատրաստակամութիւնը:

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել երկու երկրների փորձագիտական պատւիրակութիւններին կատարւած նախապատրաստական արդիւնաւէտ աշխատանքի համար:

Ուրախ եմ արձանագրել, որ առցանց եւ դէմ առ դէմ հանդիպումների ընթացքում երկու կողմերի պատւիրակութիւնների միջև կայացել են աշխատանքային կառուցողական քննարկումներ, որոնց արդիւնքում ձեւաւորւել է այսօր ստորագրւելիք համապարփակ փաստաթուղթը:

Պէտք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իրենց յարաբերութիւններում մշտապէս առանձնայատուկ կարեւորութիւն են տալիս գործարարների միջեւ համագործակցութեան խթանմանը, եւ այս ուղղութեամբ յատկանշական է, որ միջկառավարական յանձնաժողովի նիստի շրջանակներում նաեւ տեղի է ունենալու հայ եւ իրանցի գործարարների համաժողով։ Վստահ եմ, որ տնտեսական այս կարեւոր միջոցառումը եւս հարթակ կը դառնա հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման եւ ամրապնդման համար։

Խորապէս համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնները արդիւնաւէտ կերպով կը շարունակեն համագործակցութիւնը՝ այսօր ստորագրւելիք փաստաթղթում արձանագրւած պայմանաւորւածութիւնների կեանքի կոչման ուղղութեամբ:

Ամփոփելով թոյլ տւէք վստահութիւն յայտնել, որ ստորագրւող փոխըմբռնման յուշագիրը կը բացի նոր հնարաւորութիւններ երկու երկրների համապարփակ եւ բարձր մակարդակի յարաբերութիւններում՝ ի բարօրութիւն հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդների»:

Նիստից առաջ հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի համանախագահներ Մհեր Գրիգորեանը եւ Ալի Աքբար Մեհրաբեանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկւել են երկու երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում համագործակցութեան զարգացման հնարաւորութիւններին առնչւող հարցեր:

 

Յարակից լուրեր