Հա

Հասարակական

21/05/2022 - 14:25

«Կապիտալի կարեւոր ձեւերից մէկը սոցիալականն է, որն իրանահայերը կուտակել են իրենց բարի համբաւի շնորհիւ». Սերգէյ Բարսեղեան

Հինգշաբթի` մայիսի 19-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ նոյն կազմակերպութեան ձեւաւորած «Նոր միտք» նախագծի հանդիպումը, որի բանախօսն էր իրանահայ հանրայայտ լրագրող Սերգէյ Բարսեղեանը:

Տեղի ունեցաւ «Նոր միտք» նախագծի երկրորդ հանրային միջոցառումը

 

«alikonline.ir» - Հինգշաբթի` մայիսի 19-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ նոյն կազմակերպութեան ձեւաւորած «Նոր միտք» նախագծի հանդիպումը, որի բանախօսն էր իրանահայ հանրայայտ լրագրող Սերգէյ Բարսեղեանը:

Դիսկուրս-քննարկումը մեկնարկեց «Նոր մտքի» անդամ, դոկտ. Շանթ Բաղրամեանը: Նա անդրադարձաւ նախագծի նպատակներին, շեշտեց, որ նախագիծը փորձում է ձեաւորել կառուցողական մթնոլորտ ամենատարբեր թեմաների առնչութեամբ քննարկումներ ծաւալելով, մասնագէտների եւ տարբեր անձանց ներգրաւման աշխատաքներով, այնուհետեւ, ներկայացրեց բանախօսի կենսագրական տւեալները:

Իրանահայ ճանաչւած լրագրող Սերգէյ Բարսեղեանն իր զրոյցը մեկնարկեց պատմելով, իրանական մամուլում անցած ճանապարհի, փորձութիւնների եւ փորձառութիւնների վերաբերեալ յուշերով: Նա կարեւորեց իրանահայութեան աւանդը երկրի տարբեր ոլորտների զարգացման եւ առաջընթացի, ինչպէս նաեւ՝ կարեւոր կառոյցների ձեւաւորման եւ համակարգի շարունակականութեան ապահովման ուղղութեամբ: Նա նշեց, որ իրանահայերի պատմութիւնը, մասնաւորապէս՝ իրանահայութեան հեղինակութիւնը եւ դրական համբաւը, որն արդիւնքն է տասնամեակների նւիրման, ճշտապահութեան եւ ճշտախօսութեան` ձգւել է Իրանի պատմութեան ամբողջ երկայնքով եւ շարունակում է մնալ իրանահայերի մեծագոյն հասարակական կապիտալն այս երկրում:

Բանախօսը շեշտեց, որ կապիտալի կարեւոր ձեւերից մէկը հէնց սոցիալական կապիտալն է. սա կապիտալի այն տեսակն է, երբ մարդիկ կեանքի ընթացքում ձեւաւորում են որոշակի կապեր կամ դրական իմիջից այլ մարդկանց հետ շպումներում, որոնց միջոցով կարող են ռեալիզացնել իրենց գործերը եւ իրանահայութեան սոցիալական կապիտալն անհրաժեշտ է լաւագոյն միջոցներով իրացնել:

Նրա խօսքով՝ յաճախ սոցիալական այդ կապերը ճիշտ կազմակերպելու եւ դրանք յաջողութեամբ շրջանառութեան մէջ դնելու արդիւնքում մարդը կարողանում է ձեւաւորել նոր կապեր, որոնք նպաստում են նրա հասարակական ազդեցութեան բարձրացմանը:

Ըստ Սերգէյ Բարսեղեանի՝ հայերն Իրանի համար արժէք են ներկայացնում, միեւնոյն ժամանակ իրանահայերի համար Իրանը շարունակ եղել է, որպէս բարձր արժէք՝ իր պատմութեամբ, մշակոյթով, որտեղ հայութիւնը գոյատեւել, առաջ է շարժւել. ապրել ու արարել է:

Հանդիպման ընթացքում մասնակիցների եւ բանախօսի միջեւ ձեւաւորւեց անմիջական քննարկման մթնոլորտ: Անդրադարձ կատարւեց, հասարակութեան մօտ կարեւոր արժէքների վերականգման վերաբերեալ քայլերի կատարման անհրաժեշտութեանը, մասնաւորապէս՝ ընտանիքի ինստիտուտի դերակատարութեանը, հասարակութեան արժեհամակարգային կայուն հենքի ապահովման համար, արւեստի եւ մշակոյթի զարգացման ուղղութեամբ քայլերին:

Քննարկմանը մասնակիցներն իրենց յուզող հարցերը կիսեցին բանախօսի հետ: Քննարկեցին առանցքային հասրակական թեմաներ՝ իրանահայերի եւ ընդհանուր առմամբ՝ սփիւռքահայերի ինտեգրման, զարգացման, ազգային շահին նպաստելու եւ այլ թեմաների վերաբերեալ քննարկումներ:

 

Լուսանկարները՝ Հ.Մ.Ա.Կ.-ի հանրութեան հետ կապի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։