Կորոնավիրուսային վարակի նոր եւ աւելի ագրեսիւ շտամ կարող է յայտնւել ցանկացած պահի. Այս մասին նախազգուշացրել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն Թեդրոս Գեբրէյեսուսը:
«alikonline.ir» - Կորոնավիրուսային վարակի նոր եւ աւելի ագրեսիւ շտամ կարող է յայտնւել ցանկացած պահի. Այս մասին նախազգուշացրել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն Թեդրոս Գեբրէյեսուսը, ըստ Panorama.am-ի՝ գրում է IZ.ru-ն։
«Այն զգացումը, որ համաճարակն աւարտւել է, միանգամայն հասկանալի է, բայց դա սխալ է։ Ցանկացած պահի կարող է յայտնւել կորոնավիրուսի նոր եւ նոյնիսկ աւելի վտանգաւոր տարբերակ, մինչդեռ մեծ թւով մարդիկ մնում են անպաշտպան»,- ասել է նա Ժնեւում կայացած ճեպազրոյցում։
Գեբրէյեսուսը երկրներին կոչ է արել զգօն լինել։ Նա նաեւ ընդգծել է, որ ներկայումս, չնայած աշխարհում պատւաստանիւթերի բաւարար քանակին, շատ երկրներում պատւաստումների պահանջարկ չկայ։
Նա ներկայացրել է մայիսի 30-ից յունիսի 5-ը կորոնավիրուսից մահացածների վիճակագրութիւնը։ Դրանից բխում է, որ այդ ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացել է աւելի քան 7 հազար մարդ։
«Համաճարակը չի աւարտւել, եւ մենք դրա մասին կը խօսենք այնքան ժամանակ, քանի դեռ այն չի աւարտւել»,- եզրափակել է ԱՀԿ ղեկավարը։