Հա

Հասարակական

21/06/2022 - 13:50

El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լաւատես է Իսպանիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում

Իսպանիայում առաջին անգամ լոյս է տեսել փաստագրական ամփոփ գիրք Հայոց Ցեղասպանութեան մասին: «Հայոց Ցեղասպանութիւն» (El Genocidio Armenio) իսպանալեզու գրքի հեղինակը՝ Մադրիդի Սան Պաբլօ համալսարանի արդի համաշխարհային պատմութեան դասախօս, իրաւաբան Ռիկարդօ Ռուիս դէ լա Սերնան, տարիներ շարունակ ուսումնասիրում է 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում երիտթուրքական կառավարութեան կողմից իրականացւած մեծ եղեռնագործութիւնը եւ պայքարում է Իսպանիայում համապետական մակարդակով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար:

«alikonline.ir» - Իսպանիայում առաջին անգամ լոյս է տեսել փաստագրական ամփոփ գիրք Հայոց Ցեղասպանութեան մասին: «Հայոց Ցեղասպանութիւն» (El Genocidio Armenio) իսպանալեզու գրքի հեղինակը՝ Մադրիդի Սան Պաբլօ համալսարանի արդի համաշխարհային պատմութեան դասախօս, իրաւաբան Ռիկարդօ Ռուիս դէ լա Սերնան, տարիներ շարունակ ուսումնասիրում է 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում երիտթուրքական կառավարութեան կողմից իրականացւած մեծ եղեռնագործութիւնը եւ պայքարում է Իսպանիայում համապետական մակարդակով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար:

Գրքի հեղինակը «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ այն գրել է յանուն արդարութեան՝ նպատակ ունենալով աւելի ճանաչելի դարձնել Հայոց Ցեղասպանութեան փաստը Իսպանիայի հասարակութեան շրջանում եւ իր հայրենակիցներին պատմել աշխարհի աչքի առջեւ տեղի ունեցած մեծ ոճրագործութեան, դրա անպատժելիութեան, նաեւ՝ Եղեռնի օրերին հայերի հերոսական դիմադրութեան ու նրանց փրկած այլազգիների մարդասիրութեան մասին:

«Այս գիրքը պարզապէս մի համեստ փորձ է փաստերը շարադրելու եւ ճանապարհ բացելու՝ Իսպանիայի լայն հասարակութեան կողմից Հայոց Ցեղասպանութիւնը աւելի լաւ հասկանալու համար»,- «Արմէնպրես»-ին յայտնեց գրքի հեղինակը:

Ռիկարդօ Ռուիս դէ լա Սերնան հայկական արմատներ չունի: Ասում է՝ հայերի հետ իր միակ առնչութիւնն այն է, որ իր հայրը շատ էր սիրում հայկական երաժշտութիւն: Այդ պատճառով ինքն էլ մանկուց հետաքրքրւած է եղել հայկական մշակոյթով: 2012 թւականին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ այցելելուց յետոյ դէ լա Սերնան որոշել է կենտրոնանալ Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան վրայ, եւ դրանից 10 տարի անց նա վերջապէս հրատարակել է իր գիրքն այդ թեմայով:

Ըստ հեղինակի՝ գրքում շարադրւած է Հայոց Ցեղասպանութեան համառօտ պատմութիւնը, մասնաւորապէս՝ 1894-96 թթ. համիդեան ջարդերը, 1909 թ. Ադանայի կոտորածը, Օսմանեան կայսրութիւնում հայերի քաղաքական բռնաճնշումների գաղափարական եւ քաղաքական արմատները, ցեղասպանութեան նախապատրաստումը (իրաւական հիմքեր, ռազմական եւ կիսառազմական ստորաբաժանումների ձեւաւորում եւ այլն) եւ ցեղասպանութեան տարբեր շրջափուլերը՝ զանգւածային ձերբակալութիւններ, գոյքի առգրաւում, տեղահանութիւններ, մահւան երթեր Սիրիայի եւ Իրաքի անապատներով, եւ ի վերջոյ՝ կոտորած:

Ռիկարդօ Ռուիսը չի մոռացել յիշատակել նաեւ 1915 թւականի ինքնապաշտպանական հերոսամարտերի ժամանակ շատ բնակավայրերում հայերի ցոյց տւած հերոսական դիմադրութեան մասին:

«Երբեմն մարդիկ կարծում են, թէ հայերը լուռ համակերպւել են իրենց ճակատագրի հետ, «ինչպէս գառը՝ մսագործի մօտ տանելիս», բայց դա այդպէս չէ: Նրանք, որտեղ կարող էին՝ կռւել ու դիմադրել են: Թերեւս, ամենայայտնի օրինակը 1915 թ. յուլիսին Մուսա լեռան դիմադրութիւնն է», - ասում է հեղինակը:

«Հայոց Ցեղասպանութիւն»-ը գրքում իսպանացի ուսումնասիրողը գրել է նաեւ հայերին պատկանող գոյքի (տներ, եկեղեցիներ, ձեռնարկութիւններ) նիւթական ոչնչացման եւ առգրաւման, ինչպէս նաեւ՝ այն անարդար օրէնքների մասին, որոնք դա հնարաւոր են դարձրել:

Ռիկարդօ Ռուիս դէ լա Սերնան իր գիրքն ամփոփել է հայերի ցեղասպանութեան՝ այդ թւում իսպանական աղբիւրներից, իսպանացի գիտնականներից եւ հեղինակներից ձեռք բերւած ապացոյցների շարադրումով՝ վերջաբանում բարձրացնելով ցեղասպանութեան անպատժելիութեան հարցը:

«Հայ ժողովուրդը ցեղասպանութեան է ենթարկւել ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Չմոռանանք, որ լրագրողները հաղորդում էին այդ մասին շատ վայրերից՝ Կոստանդնուպոլսից, Հալէպից եւ այլն: Հետագայում այն ժխտւեց եւ հիմնականում անպատիժ մնաց: Այս անպատժելիութիւնը 20-րդ դարի մեծագոյն անարդարութիւններից է»,- ասում է դէ լա Սերնան:

Հեղինակի կարծիքով՝ Հայոց Ցեղասպանութիւնը նաեւ շատ արժէքաւոր դասեր է տալիս միջազգային յանձնառութիւնների, յիշողութեան կարեւորութեան, արդարութեան, կռւելու եւ դիմադրելու անհրաժեշտութեան մասին: Այս տեսանկիւնից հեղինակը արժանին է մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր փորձեցին օգնել եւ որոշ դէպքերում՝ կարողացան փրկել հայերի:

«Նրանք չպէտք է մոռացւեն: Աւելին, նրանք պէտք է օրինակը դառնան այն բանի, թէ ինչ է ճիշտը եւ ինչ է պարկեշտը՝ մշակութային, ազգային կամ կրօնական տարբերութիւններից անդին»,- շեշտեց «Արմէնպրես»-ի զրուցակիցը:

Դէ լա Սերնայի խօսքով՝ «Հայոց Ցեղասպանութիւն»-ը գիրքը շատերն են ողջունել Իսպանիայում: Հեղինակը յոյս ունի, որ գրքի հրատարակումը նաեւ կը նպաստի Իսպանիայում հայագիտութեան մակարդակի բարձրացմանը եւ այլ երկրների գիտնականների ու հետազօտողների հետ համագործակցութեան ձեւաւորմանը:

«Ես երկար ժամանակ պայքարում եմ Իսպանիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար: Սա լայն հասարակութեան համար նախատեսւած գիրք է, որն ընդհանուր գիտելիքներ է տալիս թեմայի վերաբերեալ: Ես կուզէի, որ իմ հայրենակիցները նաեւ որոշ իսպանական աղբիւրներից լսէին ու կարդային ոչ միայն ցեղասպանութեան պատմութիւնը, այլեւ հայերի հերոսականութեան, դիմադրութեան եւ մարդկութեան պատմութիւնները: Եւ անշուշտ, ես կուզէի բարձրաձայնել ոչ միայն ճանաչման անհրաժեշտութեան, այլեւ՝ այս սարսափելի ճակատագրին առերեսւող հայերի տառապանքների եւ արժանապատւութեան մասին»,- նշեց հեղինակը:

Հարցին, թէ ի՞նչ հեռանկարներ է տեսնում Իսպանիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար, իսպանացի հետազօտողը պատասխանեց, որ ինքը լաւատես է ճանաչման հարցում:

«Ես մեծամասամբ վստահ եմ ու լաւատես՝ ճանաչման առումով: Գուցէ դրա համար որոշ ժամանակ կը պահանջւի, բայց հայերը շատ լաւ գիտեն համբերութեան, յամառութեան եւ յոյսի արժէքը: Ես յիշում եմ այն պատմութիւնը, թէ ինչպէս էին հայերը ցեղասպանութեան ժամանակ գրքերը մասերի բաժանում՝ դրանք փրկելու համար: Այդ գրքերը փրկւում էին ոչ թէ ներկայ, այլ գալիք սերունդների համար: Եւ դա արւում էր ոչ թէ յուսահատութիւնից դրդւած, այլ՝ ի շնորհիւ հաւատի ու ապագայի հանդէպ յոյսի: Ապագայի հանդէպ այդ վստահութիւնը յարգանքի է արժանի: Թէեւ կը նախընտրէի, որ իմ գիրքը մասերի չբաժանւէր, եթէ, իհարկէ, դա չի արւում այն փրկելու համար»,- իր խօսքն այսպէս՝ կէսկատակ-կէսլուրջ, բայց ամէն դէպքում՝ լաւատեսօրէն է եզրափակում «Հայոց Ցեղասպանութիւն»-ը գրքի հեղինակը:

Իսպանիայում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ առաջին փաստագրական գրքի լոյս տեսնելու կապակցութեամբ Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Սօս Աւետիսեանը յունիսի 13-ին ընդունել էր գրքի հեղինակ Ռիկարդօ Ռուիս դէ լա Սերնային՝ ընդգծելով գրքի հրատարակման կարեւորութիւնը Իսպանիայում Հայոց Ցեղասպանութեան իրազեկւածութեան բարձրացման գործում:

Իսպանիայի Թագաւորութիւնը առայժմ չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը խորհրդարանի կամ կառավարութեան մակարդակով, բայց փոխարէնը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւեր են ընդունել իսպանական բազմաթիւ քաղաքների, շրջանների կամ նահանգների օրէնսդիր կամ գործադիր մարմինները: Դրանց թւում են Նաւառան, Վալենսիան, Մալագան, Սան Սեբաստիանը, Կատալոնիան, Բասկերի երկիրը եւ այլն:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսեան

 

Յարակից լուրեր

  • «ԵԽ զեկոյցը 2 նշանակութիւն ունի»․ թուրքագէտը բացատրել է՝ որոնք են դրանք
    «ԵԽ զեկոյցը 2 նշանակութիւն ունի»․ թուրքագէտը բացատրել է՝ որոնք են դրանք

    Հայոց Ցեղասպանութեան հարցը Եւրոխորհրդարանի կողմից առաջին անգամ չի բարձրացւում, Թուրքիային ճնշելու համար այդ խնդիրը յաճախ արծարծւող թեմաներից է։ Sputnik Արմենիայի եթերում այսպէս մեկնաբանեց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը ԵԽ զեկոյցը, որտեղ Թուրքիայից պահանջւում է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

  • «Մարդկային պատմութիւնները կը քանդեն ատելութեան պատերը». ի՞նչ փոխւեց հայկական արմատները բացայայտած Ֆեթհիյէ Չեթինի կեանքում
    «Մարդկային պատմութիւնները կը քանդեն ատելութեան պատերը». ի՞նչ փոխւեց հայկական արմատները բացայայտած Ֆեթհիյէ Չեթինի կեանքում

    Թուրքիայում գործող իրաւաբան, գրող, մարդու իրաւունքների պաշտպան Ֆեթհիյէ Չեթինը, որը նաեւ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է, հաւատացած է, որ օրերից մի օր Թուրքիայի հասարակութիւնը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, կընդունի ճշմարտութիւնը: Նա համոզւած է, որ պէտք է շարունակել պարբերաբար դրա մասին խօսել, մարդկային պատմութիւնները վերհանել, ինչպէս արեց ինքը տարիներ առաջ, երբ ուսանող ժամանակ բացայայտեց իր տատիկի հայ լինելու հանգամանքը: Մայրական տատիկը, որը փրկւել էր 1915 թւականի Եղեռնից, հետագայում ամուսնանում է թուրքի հետ: Նա երբեք չի մոռանում իր արմատները եւ կեանքի վերջին տարիներին իր ով լինելու գաղտնիքը բացում է թոռանը՝ Ֆեթհիյէ Չեթինին:

  • Հայոց Ցեղասպանութիւնը
    Հայոց Ցեղասպանութիւնը

    Անլուր տառապանք է կրել հայ ժողովուրդը, թուրքական բիրտ լծի ներքոյ իր հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում:

    Աւելի քան 600 տարի, նա շատ մօտկից զգացել է օսմանեան աւազակային պետութեան սարսափներն ու բռնութիւնները, բայց այն ինչ բաժին ընկաւ մեր ժողովրդին, Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին իր նախադէպը չի ունեցել թէ՛ մեր ժողովրդի պատմութեան, եւ թէ՛ մարդկային պատմութեան մէջ, որի 107-րդ տարելիցը լրացել է 2022 թ.-ին:

  • ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ «TRT Haber»-ին․ «Բայդէնի կողմից Ցեղասպանութիւն եզրոյթի օգտագործումը հիմնւած է պատմական արձանագրումների վրայ»
    ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ «TRT Haber»-ին․ «Բայդէնի կողմից Ցեղասպանութիւն եզրոյթի օգտագործումը հիմնւած է պատմական արձանագրումների վրայ»

    Թուրքիայի պետական լրատւական հեռուստաընկերութիւնը՝ «TRT Haber»-ը, ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից ապրիլքսանչորսեան ելոյթում Ցեղասպանութիւն եզրոյթի օգտագործման հետ կապւած հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ։

  • Բրիւսէլում պղծւել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման խաչքար յուշարձանը
    Բրիւսէլում պղծւել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման խաչքար յուշարձանը

    Բրիւսէլ, ապրիլի 26, 2022։ Բելգիայի հայերի կոմիտէն սարսափով տեղեկացել է, որ երէկ (ապրիլի 25-ին, ԽՄԲ.) Բրիւսէլի Անրի Միշօ հրապարակում վանդալիզմի է ենթարկւել Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման խաչքար յուշարձանը: Ինչպէս երեւում է լուսանկարում, յուշարձանը ներկւել է բոլորիս յայտնի ալ կարմիր երեք կիսալուսիններով։ Կոմիտէն խստօրէն դատապարտում է պղծումը, որը կատարւել է 1915 թւականի ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման ապրիլ քսանչորսեան յիշատակի օրւայ յաջորդ օրը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։