Հա

Հասարակական

22/06/2022 - 11:50

Ինչպէ՞ս պաշտպանւել շոգից

Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ երբ ջերմաստիճանը հասնում է ծայրայեղ մեծութիւնների՝ Ցելսիուսի 42 աստիճանի, սրտի հիւանդութիւններից մահերի թիւը կարող է կրկնապատկւել կամ եռապատկւել։

«alikonline.ir» - Այս շաբաթ ԱՄՆ-ի տարածքի մեծ մասում հաստատւած ռեկորդային շոգը զգալի վտանգ է ներկայացնում սրտի համար, եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրանից պաշտպանւելու համար, նշել է Սրտի ամերիկեան ասոցիացիան։ Գրում է News.am-ը:

Դա յատկապէս ակտուալ է տարեց մարդկանց եւ արեան բարձր ճնշում, ճարպակալում կամ սրտի հիւանդութիւններ ունեցող ու կաթւած տարած մարդկանց համար։

Շոգը եւ ջրազրկումը ստիպում են սրտին աւելի ինտենսիւ աշխատել՝ աւելի շատ արիւն մղելով եւ այն հիմնական օրգաններից մաշկի տակ տեղափոխելով։

Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ երբ ջերմաստիճանը հասնում է ծայրայեղ մեծութիւնների՝ Ցելսիուսի 42 աստիճանի, սրտի հիւանդութիւններից մահերի թիւը կարող է կրկնապատկւել կամ եռապատկւել։

Անգամ եթէ սրտի հիւանդութիւնների դէմ դեղամիջոցներ չէք ընդունում, պէտք է հետեւէք շոգի դէմ զգուշութեան կանոններին։

«Կարեւոր պահ է հիդրատացիայի պահպանումը։ Ջրազրկւելը դժւար չէ, անգամ եթէ չէք մտածում, որ խմել էք ուզում,- ասել է Չիկագոյի Հիւսիսարեւմտեան համալսարանի բժշկութեան եւ մանկաբուժութեան, կանխարգելիչ բժշկութեան, սրտի հետազօտութիւնների պրոֆեսոր Լլոյդ Ջոնսը։- Շոգ եղանակին ջուր խմէք փողոց դուրս գալուց առաջ, ընթացքում եւ յետոյ։ Մի սպասէք, որ ծարաւէք։ Եւ լաագոյն միջոցն իմանալու, թէ արդեօք բաւականաչափ հեղուկ ստանում էք, այն է, որպէսզի հետեւէք միզարտադրութեանը եւ համոզւէք, որ մեզի գոյնը բաց է, ոչ թէ մուգ կամ կոնցենտրացւած»։

Սրտի ամերիկեան ասոցիացիան տւել է շոգ եղանակին անվտանգութեան պահպանման հետեւեալ խորհուրդները.

- փողոց դուրս մի եկէք ցերեկը՝ մինչեւ ժամը 15.00-ն, երբ արեւը սովորաբար ամենաուժեղն է,

- բաց գոյնի թեթեւ, շնչող կտորներից (բամբակից կամ չքրտնեցնող կտորից) զգեստ հագէք։ Գլխարկ եւ արեւապաշտպան ակնոցներ կրէք։ Փողոց դուրս գալուց առաջ ջրակայուն, SPF 15 պարունակող արեւապաշտպան քսուք օգտագործէք եւ այն երկու ժամը մէկ թարմացրէք,

- մի քանի բաժակ ջուր խմէք փողոց դուրս գալուց կամ մարզւելուց առաջ, ընթացքում եւ յետոյ։ Խուսափէք կոֆէին եւ ալկոհոլ պարունակող ըմպելիքներից,

- մշտապէս ընդմիջումներ արէք։ Մի քանի րոպէ կանգ առէք ստւերոտ կամ զով տեղում եւ ամրապնդւէք,

- շարունակէք ընդունել բժշկի նշանակած բոլոր դեղերը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։