Հա

Հասարակական

27/06/2022 - 12:05

Ինչի կարող է յանգեցնել աղտոտւած օդ շնչելը

Աղտոտւած օդ շնչելը կարող է յանգեցնել ուղեղ թունաւոր մասնիկների ներթափանցմանը, եւ ոչ միայն քթի միջոցով: Նոր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ դրանք ուղիղ ճանապարհ ունեն արեան միջոցով՝ պոտենցիալ նպաստելով ուղեղի եւ նեարդերի ախտահարմանը:

«alikonline.ir» - Աղտոտւած օդ շնչելը կարող է յանգեցնել ուղեղ թունաւոր մասնիկների ներթափանցմանը, եւ ոչ միայն քթի միջոցով: Նոր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ դրանք ուղիղ ճանապարհ ունեն արեան միջոցով՝ պոտենցիալ նպաստելով ուղեղի եւ նեարդերի ախտահարմանը: Տեղեկացնում է News.am-ը:

«Կենտրոնական նեարդային համակարգի վրայ օդում եղած մանր մասնիկների վնասակար ազդեցութեան վերաբերեալ մեր գիտելիքներում բացեր կան: Այս աշխատանքը նոր լոյս է սփռում մասնիկները շնչելու եւ օրգանիզմում դրանց հետագայ տեղաշարժի կապի վրայ»,- ասում է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի պրոֆեսոր, հետազօտութեան համահեղինակ Իսեուլտ Լինչը:

Շնչած մասնիկները կարող են ներթափանցել արեան մէջ՝ օդաարիւնային պատնէշն անցնելուց յետոյ: Նրանք ի վերջոյ հասնում են ուղեղին: Սա կարող է յանգեցնել ուղեղ-արիւն պատնէշի եւ շրջակայ հիւսւածքների վնասմանը: Լինչը եւ նրա գործընկերները ասում են, որ երբ այս մասնիկները հասնում են ուղեղ, նրանք այնտեղ աւելի երկար են մնում, քան նիւթափոխանակութեան այլ հիմնական օրգաններում:

Այս հետազօտութեան ընթացքում միջազգային գիտնականները յայտնաբերել են տարբեր փոքր մասնիկներ մարդու ուղեղ-ողնուղեղային հեղուկում, որոնք վերցւել են ուղեղի խանգարումներ ունեցող հիւանդներից:

Գիտնականներն ընդգծում են, թէ վերջին տւեալները ցոյց են տալիս, որ ուժեղ կապ կայ օդի աղտոտւածութեան բարձր մակարդակի եւ ծանր նեարդային բորբոքման, Ալցհայմէրի հիւանդութեան նման փոփոխութիւնների եւ տարեցների ու նոյնիսկ երեխաների ճանաչողական խնդիրների միջեւ:

Աղտոտւած օդը լցւած է թունաւոր բաղադրիչներով, սակայն փորձագէտներն ամենաշատը մտահոգւած են մասնիկներով: Գերմանր մասնիկները կարող են խուսափել մարմնի պաշտպանիչ համակարգերից, այդ թւում՝ իմունային բջիջներից եւ կենսաբանական պատնէշներից:

Հետազօտողները նշել են, որ ստացւած տւեալները կոշտ մասնիկներով կենտրոնական նեարդային համակարգի աղտոտման ռիսկի նոր ապացոյցներ են:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։