Հա

Հասարակական

12/07/2022 - 10:00

Երկիր մոլորակի բնակչութեան թիւը նոյեմբերին կը յաղթահարի 8 միլիարդի սահմանը

Երկրի վրայ մարդկանց թիւը 2022 թւականի նոյեմբերի 15-ին կը հասնի 8 միլիարդի: Յուլիսի 11-ին այս կանխատեսումն է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտը: Նրա գնահատմամբ՝ արդէն 2023 թւականին Հնդկաստանն առաջ կանցնի Չինաստանից եւ կը դառնայ աշխարհի ամենախտաբնակ երկիրը:

«alikonline.ir» - Երկրի վրայ մարդկանց թիւը 2022 թւականի նոյեմբերի 15-ին կը հասնի 8 միլիարդի: Յուլիսի 11-ին այս կանխատեսումն է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտը: Նրա գնահատմամբ՝ արդէն 2023 թւականին Հնդկաստանն առաջ կանցնի Չինաստանից եւ կը դառնայ աշխարհի ամենախտաբնակ երկիրը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Դեպարտամենտի կատարած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ անցեալ տարի աշխարհի բնակչութեան աճի տեմպերը ցածր էին մէկ տոկոսից 1950 թւականին վիճակագրութիւն վարելու սկզբից ի վեր առաջին անգամ: Ընթացիկ տարում սպասւում է 0,8 տոկոս ցուցանիշ: Մասնագէտների հաշւարկների համաձայն՝ յաջորդ սահմանը՝ 8,5 միլիարդը, կը յաղթահարւի 2030 թւականին:

Այս հարիւրամեակի 80-ական թւականներին սպասւում է Երկրի վրայ բնակչութեան թւի առաւելակէտը՝ 10,4 միլարդ մարդ, այնուհետեւ ցուցանիշն այդ մակարդակում կը մնայ մինչեւ 2100 թւականը, ենթադրում են փաստաթղթի հեղինակները: Բնակչութեան շարունակւող աճը, նրանց կարծիքով, պայմանաւորւած է առաջին հերթին զարգացող երկրներում բարձր ծնելիութեամբ: Ենթադրւում է, որ բնակչութեան ընդհանուր աճի կէսից աւելին բաժին է ընկնում ութ երկրների. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութեանը, Եգիպտոսին, Եթովպիային, Հնդկաստանին, Նիգերիային, Պակիստանին, Ֆիլիպիններին եւ Տանզանիային: Յուլիսի 11-ին նշւում է Ազգաբնակութեան համաշխարհային օրը:

ՄԱԿ-ի տւեալներով՝ 1999 թւականին Երկրի վրայ ապրում էր 6 միլիարդ մարդ, 2011-ին՝ 7 միլիարդ, 2021-ին մոլորակի վրայ մարդկանց քանակը գերազանցել է 7,9 միլարդի նշագիծը: Նման սրընթաց աճը բացատրւում է «այն մարդկանց թւի աւելացմամբ, որոնք ապրում են մինչեւ վերարտադրողական տարիքը, ծնելիութեան մակարդակներում փոփոխութիւններով, ուրբանիզացիայի աճով, միգրացիայի արագացմամբ»:

Այսօր մոլորակի ամենախտաբնակ տարածաշրջանն Ասիան է, այնտեղ է բնակւում 4,7 միլիարդ մարդ՝ Երկրի բնակիչների աւելի քան կէսը: Աֆրիկայում ապրում է 1,4 միլիարդ մարդ, Եւրոպայում՝ շուրջ 748,5 միլիոն, Լատինական Ամերիկայի եւ Կարիբեան աւազանի երկրներում՝ 665 միլիոն, Հիւսիսային Ամերիկայում՝ 373 միլիոն, Ովկիանայում՝ 43,8 միլիոն: Ամենամարդաշատ պետութիւնների՝ Չինաստանի (1,41 միլիարդ մարդ) եւ Հնդկաստանի (1,37 միլիարդ) քաղաքացիների թիւը կազմում է մոլորակի բնակիչների ընդհանուր քանակի 35 տոկոսը:

Համաշխարհային բանկի տւեալներով՝ աշխարհում կեանքի միջին տեւողութիւնը 2020 թւականին կազմել է 73 տարի (ամենաբարձրը՝ 85՝ Հոնկոնգում, ամենացածրը՝ 54, Կենրոնաֆրիկյան Հանրապետութիւնում): Բացի դրանից, փոխւում է բնակչութեան տարիքային կառուցւածքը: Այսօր տարեց մարդիկ կազմում են ամենաարագ աճող տարիքային խումբն աշխարհում. եթէ 1950-ական թւականներին 60 տարեկանից բարձր մարդիկ կազմում էին բնակչութեան ընդհանուր թւաքանակի 8 տոկոսը (մօտաւորապէս 400 միլիոն), ապա այսօր դա 10 տոկոսն է (մօտաւորապէս 747,2 միլիոն): Ըստ կանխատեսումների՝ 2050 թւականին այդ ցուցանիշը կարող է աճել մինչեւ 22 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։