Հա

Հասարակական

16/07/2022 - 12:30

«Անհրաժեշտութիւն կը լինի փոխել մեր մարտավարութիւնն ու ռազմավարութիւնը, սակայն ո՛չ երբեք գերնպատակը». Դոկտ. Ռուբինա Փիրումեանը՝ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Նոր միտք» միջոցառմանը

Յուլիսի 14-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Նոր միտք» խմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ քննարկման միջոցառում՝ «Հայոց Ցեղասպանութեան աղէտի ընկալման եւ անդրադարձը գրականութեան մէջ եւ պատմական յիշողութեան փոխանցման հարցը սերունդներին» թեմայով:

«alikonline.ir» - Յուլիսի 14-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Նոր միտք» խմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ քննարկման միջոցառում՝ «Հայոց Ցեղասպանութեան աղէտի ընկալման եւ անդրադարձը գրականութեան մէջ եւ պատմական յիշողութեան փոխանցման հարցը սերունդներին» թեմայով:

Օրւայ բանախօսն էր հայոց լեզւի եւ գրականութեան դասախօս, UCLA համալսարանի համահետազօտող, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին բազմաթիւ գրքերի եւ դասագրքերի հեղինակ դոկտ. Ռուբինա Փիրումեանը:

Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Նարբէ Աբուլեանը, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնական վարչութեան անդամներից, միութենականներ եւ հիւրեր:

«Նոր միտք» խմբի անունից ծրագիրը մեկնարկեց խմբի անդամ Արա Ջահանեանն, որի ընթացքում անդրադարձաւ խմբի կազմման նպատակներին, մասնաւորապէս, նշեց, որ խումբը նպատակ ունի քննարկման կառուցողական մթնոլորտ ձեւաւորել՝ տարբեր թեմաների առնչութեամբ: Այնուհետեւ նոյն կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամ եւ «Նոր միտք» յանձնախմբի հարցերով կապ Սիւնէ Ֆարմանեանն անդրադարձաւ դոկտ. Ռուբինա Փիրումեանի կենսագրութեանը:

Բանախօսութեան ընթացքում դոկտ. Ռուբինա Փիրումեանը համապարփակ ներկայացրեց թեման եւ աղէտին արձագանգելու փուլերը: Անդրադարձ կատարեց աղէտի ընկալման տարբեր էտապներին, այդ թւում՝ ցեղասպանութեան ենթարկւած ազգի, մասնաւորապէս՝ հայերի ընկալումներին, որոնք նրա համոզմամբ լինում են տարբեր բնոյթների՝ զայրոյթ, վրէժ, վերականգնում, յուսալքութիւն, յիշողութիւնների չարաշահում եւ այլ տիպի արձագանգներ:

Դոկտ. Ռուբինա Փիրումեանը նշեց, որ տարբեր միջոցներով փորձել է Ցեղասպանութեան հարցը լուսաբանել եւ կիրառել իր հեղինակային ծրագրերը՝ երեխաներին Ցեղասպանութեան թեման ներկայացնելու եւ նրանց ընկալելի դարձնելու նպատակով:

Օրւայ բանախօսն իր բանախօսութեան ընթացքում անդրադարձաւ նաեւ հայ ժողովրդի պատմական իղձերին ու նպատկներին, նշելով, որ վստահաբար անհրաժեշտութիւն կը լինեն փոխելու մարտավարութիւններն ու ռազմավարութիւնները, սակայն ո՛չ երբեք գերնպատակը եւ այն անհրաժեշտ է մշտապէս պահել, պահպանել ու առաջնորդւել յանուն այդ նպատակի իրագործման:

Դոկտ. Ռուբինա Փիրումեանը նշեց, որ այդ ծրագրերի եւ ձեռնարկների միջոցով փորձել է ուսուցիչներին ներկայացնել Ցեղասպանութեան թեմային կապւած դասերի աւելի ճիշտ եւ հասանելի մատուցելու տարբերակները։ Նա ներկայացրեց թէ, որոնք են այն ճիշտ մօտեցումներն, որի արդիւնքում երեխաները տրամւաներ չեն ապրի Ցեղասպանութեան իրողութեան հետ առնչւելուց։

Միջոցառման ընթացքում ներկաները քննարկում ծաւալեցին դոկտ. Ռուբինայի ներկայացրած թեմայի առնչութեամբ եւ նրանց յուզող հարցերին համապարփակ պատասխանեց օրւայ բանախօսը:

Միջոցառման աւարտին դոկտ. Ռուբինա Փիրումեանը իր վերջին՝ «Թաւրիզից Ստալինեան Գուլագ. ընդհատւած պատմութիւն» խորագիրը կրող գրքի մի քանի հատորներ նւիրեց կազմակերպութեանն:

Գիրք, որն անդրադառնում է «ԱԼԻՔ»-ի (1960-1971) թւականների խմբագրապետ դոկտ. Բաղդիկ Մինասեանի կենսագրական տւեալներին, ով իր կեանքի աւելի քան 10 տարիները անց է կացրել ստալինեան ճիրաններում, աքսորւելով Սիբիր:

Նշենք, որ դոկտ. Ռուբինա Փիրումեանը հայերէն լեզւի եւ գրականութեան դասախօս եւ UCLA համալսարանի համահետազօտողներից է: Նա Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին բազմաթիւ գիրքերի, դասագիրքերի եւ հետազօտական յօդւածների հեղինակ է: Իր գլխաւոր գործերի շարքում են «Աղէտի հանդէպ գրական հակազդեցութիւններ. համեմատութիւն հայկական եւ հրէական փորձառութիւններին» (1993), եւ հայերէն լեզւով «Հայաստանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Պոլշեւիկների յարաբերութեան շրջագիծին մէջ. 1917-1921» (1997), (թարգմանւած եւ հրատարակւած ռուսերէնով,) «Հայ Դատ»՝ 10-12-րդ դասարանի աշակերտների համար դասագիրքերի շարքը, ինչպէս նաեւ՝ «Հայ Դատի պատմութեան» ամբողջական դասագիրքեր՝ նախատեսւած Հայաստանի երկրորդական վարժարանների համար (2000): «Եւ նրանք, որոնք շարունակեցին ապրել Թուրքիոյ մէջ 1915-ից յետոյ»-ը (2008) եւ ամենավերջին հրատարակութիւնն է:

Նա ունեցած է դասախօսական լայն ասպարէզ եւ մասնակցել է բազմաթիւ միջազգային գիտաժողովների: Նա իր ասպարէզի ընթացքին կատարած իրագործումների համար արժանացած է Հայկական Կրթական Ֆոնտի մրցանակին, ինչպէս նաեւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի շնորհած Մեսրոպ Մաշտոց շքանշանին:

 

ՆԻՒԹԸ՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։