Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով եւ հանդիսաւորութեամբ այսօր նշում է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը:
«alikonline.ir» - Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով եւ հանդիսաւորութեամբ այսօր նշում է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը:
Աւանդութեան համաձայն՝ Ս. Կոյսը Յիսուս Քրիստոսի խաչելութիւնից յետոյ շուրջ 12 տարի ապրում է Երուսաղէմում՝ Ս. Յովհաննէս Աւետարանչի խնամատարութեան ներքոյ: Եւ մի օր Գաբրիէլ հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման աւետիսը. «Ուրախացի՛ր, բերկրեալդ կանանց մէջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստւածածինն այս բարի լուրը յայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնեաներին եւ առաքեալներին` պատւիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կոյսը Ս. Յովհաննէսին խնդրում է մատուցել աստւածային պատարագ, որպէսզի հաղորդւի իր Միածին Որդու Մարմնին ու Արեանը:
Այդժամ Ս. Յովհաննէսը Յիսուսի մայր Ս. Մարիամի եւ նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն եւ այնտեղ կատարում պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհութեան աղօթքը, յանկարծակի որոտ է լսւում, եւ Ս. Յովհաննէսին սկսում են ձայնակցել սուրբ առաքեալները, ում Սուրբ Հոգին նոյն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Ս. Յովհաննէս Աւետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ եւ դրա վրայ կերպաձեւում Ս. Տիրամօր պատկերը, որպէսզի նրա վերափոխումից յետոյ այդ սրբութիւնը մնայ իրենց մօտ: Ապա առաքեալները խնդրում են Ս. Տիրամօրը, որպէսզի նա փայտեղէն այդ անօթն իր աստւածատիպ դէմքի վրայ դնի, օրհնի եւ իր բարեխօսութեամբ խնդրի Տիրոջը, որպէսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգեւի: Ամենօրհնեալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մէջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով եւ իր դէմքին դնելով:
Երբ Ս. Կոյսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնւում է լուսեղէն զօրքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպւում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պէս: Երանելի սուրբ առաքեալներն իրենց ուսերի վրայ են վերցնում Աստւածամօր սուրբ նշխարները եւ ջահերով, մոմերով, սաղմոսերգութեամբ ու օրհնութեամբ առաջնորդւում դէպի Գեթսեմանի:
Օրհնեալ մարմինը դնում են գերեզման եւ, ինչպէս հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանութեան երգեր էին լսւում: Երեք օր յետոյ՝ առաւօտեան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրայ: Ապա մեր Տէրը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մօտենում է Ս. Կոյսի գերեզմանին եւ կնքւած գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստւածընկալ մարմինն ու վերանում երկինք:
Առաքեալներից մէկը՝ Ս. Բարդուղիմէոսը, Աստւածամօր ննջման եւ թաղման օրերին Երուսաղէմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարւածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստւածամօր տեսութեանը եւ չի ընդունել վերջին օրհնութիւնը, ինչպէս միւս առաքեալները: Յետոյ աղաչում է Ս. Պետրոսին եւ միւսներին իրեն ցոյց տալ Աստւածածնի մարմինը: Առաքեալները ահուդողով աղօթք են անում ու յօժարելով կատարել իրենց եղբօր փափագը՝ բացում են գերեզմանը եւ այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստւածամօր պատանքները:
Առաքեալները գոհանում ու փառաւորում են Աստծուն եւ կամենալով մխիթարել իրենց եղբօրը՝ Ս. Բարդուղիմէոսին, նրան են տալիս Ս. Տիրամօր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստւածամօրը, որը մինչեւ այսօր երգում ենք եկեղեցում. «Փառաւորեալ եւ օրհնեալ միշտ Սուրբ Կոյս Աստւածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն եւ մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստւածամայրը միշտ կենդանի է Աստծու առջեւ:
Խաղողօրհնէք
Վերափոխման տօնին՝ յաւարտ ս. պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարւում է խաղողօրհնութեան կարգ: Բոլոր պտուղներից առաւել օրհնւում է խաղողի ողկոյզը, քանի որ Տէրը խաղողի որթը ամենազօրաւոր ծառերից աւելի վեր բարձրացրեց եւ պատւեց առաւել, քան միւս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անւանելով՝ ըստ այն խօսքի, թէ. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Յովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապւածներին ճիւղեր անւանեց եւ Հօրը՝ Մշակ, որպէսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարութեան գործում, իսկ էտւած ճիւղերը յաւիտենական կրակի նիւթ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդաւոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արիւնը, Իր փրկական Արեան նիւթը դարձրեց եւ Իր ձեռքերի մէջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արիւնը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնւեցինք ու ազատւեցինք մեղքերի ծառայութիւնից ու մահից:
Այդպիսով խաղողը կրկնակի օրհնութեան արժանացաւ՝ օրհնւելով եւ առաջին արարչութեան ժամանակ, եւ երկրորդ, որը եւ ամէն տարի որպէս մեր հանդերի ու այգիների երախայրիք նւիրում ենք Աստծուն, ինչպէս հնում էր ընդունւած, որպէսզի այդ մասնաւոր ընծայով բոլոր պտուղները օրհնութիւն ընդունեն:
Այդ պատճառով էլ Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնին, պատարագից յետոյ, կատարւում է Խաղողօրհնէքի արարողութիւնը, որի ժամանակ սարկաւագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապէս պարգեւած՝ հանդերի ու այգիների բերքի համար եւ խնդրում, որպէսզի Նա օրհնի տաճարին ընծայւած խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնութեամբ եւ շնորհի մեզ որպէս գինի ուրախութեան եւ կերակուր առողջութեան՝ հոգու եւ մարմնի: Միաժամանակ դիմում ենք Սուրբ Աստւածածնի բարեխօսութեանը, ում միջոցով մեզ տրւեց կեանքի եւ անմահութեան Պտուղը՝ Յիսուս Քրիստոս: