Հա

Հասարակական

16/08/2022 - 11:20

Եգիպտացիները վրդովւած են Կահիրէի եկեղեցում մահացու հրդեհին դանդաղ արձագանգից

Եգիպտացիները վրդովւած են այն հաղորդագրութիւններից, որ հրշէջներից եւ բուժաշխատողներից աւելի քան մէկ ժամ է պահանջւել, որպէսզի արձագանգեն ղպտիական քրիստոնէական եկեղեցում բռնկւած հրդեհին, որը 41 մարդու կեանք է խլել:

«alikonline.ir» - Եգիպտացիները վրդովւած են այն հաղորդագրութիւններից, որ հրշէջներից եւ բուժաշխատողներից աւելի քան մէկ ժամ է պահանջւել, որպէսզի արձագանգեն ղպտիական քրիստոնէական եկեղեցում բռնկւած հրդեհին, որը 41 մարդու կեանք է խլել, ըստ News.am-ի՝ յայտնում է AFP-ն։

Երբ սոցիալական ցանցերում բանավէճ է սկսւել, Twitter-ի օգտատէրերից մէկը յայտարարել է, որ դանդաղ արձագանգը «ոչ միայն անփութութիւն է, այլ մեղսակցութիւն»: «Իմ զարմիկի երեխաները մահացել են»,- ասել է տեսանիւթի հեղինակ Մոհա Էլ Հարրան լայն տարածում գտած առցանց հեռարձակման ժամանակ՝ կիրակի օրը տեղի ունեցած հրդեհից յետոյ, որն առաջացել է հոսանքի հետ կապւած անսարքութեան պատճառով: «Ես այս թաղամասից եմ։ Գիտեմ, որ շտապ օգնութիւնը կարող է գալ երեք րոպէից: Նրանցից մէկուկէս ժամ պահանջւեց։ Մենք միայն արդարութիւն ենք ուզում՝ տեղական շտապ օգնութեան ծառայութեան, հրշէջ ծառայութիւնների, քաղաքացիական պաշտպանութեան հարցում։ Նրանք բոլորը պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն»։

Առողջապահութեան նախարար Խալեդ Աբդ էլ Գաֆարը կիրակի օրը յայտարարել է, որ «բուժաշխատողները տեղեկացւել են հրդեհի մասին առաւօտեան 8:57-ին», իսկ առաջին շտապ օգնութիւնը «դէպքի վայր է ժամանել ուղիղ ժամը 8:59-ին»:

Բայց շատերը դա վիճարկում են, ականատեսներն ասում են, որ շտապ օգնութեան ծառայութեան ժամանման համար պահանջւել է «մէկուկէս ժամ»:

«Ոչ, շտապ օգնութիւնը երկու րոպէի ընթացքում չի ժամանել»,- AFP-ին ասել է տեղի բնակիչ Մինա Մասրին: «Եթէ շտապ օգնութիւնը ժամանակին հասնէր, կարող էին մարդկանց փրկել»,- յաւելել է նա՝ ընդգծելով, որ շատերը մահացել են ծխից թունաւորւելուց, այլ ոչ թէ այրւածքներից։

Դատախազութիւնը յայտարարութեան մէջ հաստատել է, որ բոլոր 41 մարդիկ մահացել են շնչահեղձութիւնից, քանի որ դիակների վրայ «այլ տեսանելի վնասւածքներ չեն եղել»։

Մէկ այլ ականատես յայտնել է, որ հրդեհի ժամանակ որոշ մարդիկ խուճապահար «դուրս են նետւել պատուհաններից՝ կրակից փրկւելու համար»։ Նա մատնացոյց է արել փողոցում կայանւած մեքենան՝ խորը փոսով, որը, ըստ նրա, «թողել է մի մարդ, որն այժմ հիւանդանոցում է ձեռքի եւ մէջքի կոտրւածքով»:

Բնակիչները պատմել են, որ անցորդները, չնայած կրակին ու ծխին, փորձել են երեխաներին դուրս բերել այրւող շէնքից։

«Բոլորը երեխաներին դուրս էին բերում շէնքից,- ասում է Ահմեդ Ռեդա Բայումին, որն ապրում է եկեղեցու մօտ,- Բայց կրակը գնալով մեծանում էր»։

Եգիպտոսում արտակարգ ծառայութիւնների դանդաղ արձագանգումը սովորական բան է:

Ծխի դետեկտորները, ահազանգը եւ հրդեհային աստիճանները հազւադէպ են, եւ շատ տարածքներում, ինչպիսին է Իմբաբան, նեղ ճանապարհների պատճառով հրշէջ մեքենաներին դժւար է հասնել աղէտի վայր:

Եգիպտոսում, որտեղ անօրինական բնակելի տարածքներ եւ յաճախ խարխուլ ենթակառուցւածքներ կան, վերջին տարիներին մի քանի մահացու հրդեհներ են տեղի ունեցել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։