Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը հաստատել է, որ աշխարհը «ողբերգական սահմանագծի» է հասել. 2022-ին COVID-19-ից մահացութեան մէկ միլիոն դէպքի է գրանցւել։
«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը հաստատել է, որ աշխարհը «ողբերգական սահմանագծի» է հասել. 2022-ին COVID-19-ից մահացութեան մէկ միլիոն դէպքի է գրանցւել։
Ընդ որում, 2019-ի վերջին Չինաստանում վիրուսի առաջին յայտնաբերումից ի վեր գրանցւել է գրեթե 6.45 միլիոն մահւան դէպք։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
Համավարակին հետեւող վերլուծաբանների խօսքով՝ 2022-ին մահւան դէպքերի ճնշող մեծամասնութիւնը գրանցւել է ԱՄՆ-ում (217.627), որին յաջորդում են Ռուսաստանը (72.556), Բրազիլիան (63.866) եւ Հնդկաստանը (45.786)։
ԱՀԿ-ի գլխաւոր տնօրէն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը յայտարարել է, որ աշխարհը չի կարող պնդել, որ «սովորում է ապրել covid-ի հետ», երբ դեռ տասնեակ հազարաւոր մահւան դէպքեր են գրանցւում՝ չնայած դրանց կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր գործիքների առկայութեանը։
ԱՀԿ-ն երկրներին կոչ է արել կորոնավիրուսի դէմ պայքարին ուղղւած «համաչափ» քայլեր ձեռնարկել, շարունակել թեստեր առաջարկել, ընդլայնել կենսական կարեւորութեան դեղամիջոցների հասանելիութիւնը եւ ակտիւացնել պատւաստումները:
Երկրների մեծ մասը թուլացրել կամ վերացրել են սահմանափակումները, ինչպիսիք են դիմակները եւ թեստերի սահմանափակ հասանելիութիւնը՝ պատւաստումների արշաւների յաջողութեան եւ աւելի խնայող «Օմիկրոն» շտամի առաջացման շնորհիւ:
Աւելի վաղ ԱՀԿ ղեկավարը կոչ էր արել երկրներին մինչեւ յունիսի վերջ պատւաստել իրենց բնակչութեան 70 տոկոսին։
Չնայած շատ երկրներում թեստաւորման մակարդակի կտրուկ անկմանը՝ այս տարի գրանցւել է բոլոր դէպքերի մօտ կէսը:
«Օմիկրոն» շտամով վարակման դէպքերը կազմում են վերջին 30 օրւայ ընթացքում հաւաքւած վիրուսի նմուշների 99 տոկոսը։ Դրանցից «Օմիկրոն» ենթատեսակը շարունակում է գերիշխող մնալ՝ 74 տոկոս։