Հա

Հասարակական

05/09/2022 - 11:50

Հռոմի պապը երանելիների շարքին է դասել իր նախորդին՝ Յովհաննէս Պօղոս Ա-ին

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը երանելիների շարքին է դասել Յովհաննէս Պօղոս Ա-ին, որը յայտնի էր որպէս «ժպտացող պապ», որի մահը Հռոմի կաթոլիկների ղեկավարի պաշտօնում 33 օր գտնւելուց յետոյ բազմաթիւ շահարկումների եւ ասէկոսէների առիթ է տւել:

«alikonline.ir» - Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը երանելիների շարքին է դասել Յովհաննէս Պօղոս Ա-ին, որը յայտնի էր որպէս «ժպտացող պապ», որի մահը Հռոմի կաթոլիկների ղեկավարի պաշտօնում 33 օր գտնւելուց յետոյ բազմաթիւ շահարկումների եւ ասէկոսէների առիթ է տւել, ըստ News.am-ի՝ գրել է The Guardian-ը։

Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակի օրը տեղի ունեցած արարողութեան ժամանակ Ֆրանցիսկոս պապը բարձր է գնահատել Յովհաննէս Պօղոս Ա-ի կարճ, բայց ուրախ պաշտօնավարումը։

«Յովհաննէս Պօղոս պապը ժպտալով կարողացաւ մեզ հասցնել Տիրոջ բարութիւնը»,- ասել է նա ժամերգութեան ժամանակ։

Յովհաննէս Պօղոս Ա-ը, որի աշխարհիկ անունը Ալբինօ Լուչիանի էր, ծնւել է 1912թ. հոկտեմբերի 17-ին Իտալիայի հիւսիսային Կանալէ դ՛Ագորդօ քաղաքում, դարձել է Վենետիկի պատրիարք, կարդինալ, իսկ յետոյ՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովւապետ։

1978թ. օգոստոսի 26-ին պապ ընտրւելուց յետոյ նրան նոյն թւականի սեպտեմբերի 28-ին անկողնում մեռած են գտել Վատիկանի իր բնակարանում։

Չնայած Վատիկանը յայտարարել էր, թէ Յովհաննէս Պօղոսը մահացել է սրտի նոպայից, հակասական վարկածներ են հնչել այն հանգամանքների հետ կապւած, որոնցում յայտնաբերւել է նրա մարմինը։

Չնայած սկզբում հաւաստիացւում էր, որ նրան յայտնաբերել է այն հոգեւորականը, որը նրա քարտուղարն էր, աւելի ուշ ընդունւել է, որ պապին մեռած է գտել միանձնուհիներից մէկը, որը նրան առաւօտեան սուրճ է տարել։

Հաշւի առնելով այդ ժամանակ Իտալիայում ծաւալւած ֆինանսական սկանդալը՝ այնպիսի մարդկանց մասնակցութեամբ, որոնք կապ ունէին Վատիկանի բանկի հետ, աշխարհիկ լրատւամիջոցներում արագ տեղ գտան կասկածներն այն մասին, թէ Յովհաննէս Պօղոսին գուցէ, թունաւորել են, քանի որ նա մտադիր էր պարզել իրաւախախտներին։

Նրա մահւան հանգամանքները շահարկող գրքերը վաճառւում էին միլիոնաւոր օրինակներով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։