Հա

Հասարակական

11/09/2022 - 10:20

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր՝ կիրակի, սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնում Խաչվերացը։

Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինն է: Այն Խաչին նւիրւած տօներից ամենակարեւորն է, որովհետեւ նւիրւած է գերութիւնից խաչի վերադարձի եւ փառաբանութեան յիշատակին: 

«alikonline.ir» - Այսօր՝ կիրակի, սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնում Խաչվերացը։

Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինն է: Այն Խաչին նւիրւած տօներից ամենակարեւորն է, որովհետեւ նւիրւած է գերութիւնից խաչի վերադարձի եւ փառաբանութեան յիշատակին: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցում Խաչվերացը տօնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատւածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութիւնից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տօնը կոչւում է Խաչվերաց:

Խաչվերացի տօնը կատարւում է մեծ հանդէսով: Երեկոյեան մի ափսէի վրայ բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով եւ վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափօրով բերում են եկեղեցու գաւիթ եւ դրանով տեառնագրում աշխարհի չորս կողմերը: Այդ օրն ուրախանում է երկինքը, ցնծում երկիրը եւ պայծառանում Մայր Եկեղեցին, քանզի քառաթեւ վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկւած է Աստծոյ Որդու Արեամբ: Աստւածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մէջ, ցոլացած բարձրացաւ սուրբ Գողգոթայի վրայ, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղէմում, աւելի պայծառ, քան արեգակը, եւ տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանիւթ թեւերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտներն՝ իր ամենայաղթ ու պահապան զօրութեամբ ծածկելով բոլոր հեթանոսներին:

Ժողովրդական աւանդոյթի մէջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տօն է: Տօնի նախօրէին` շաբաթ օրը կանայք խմորեղէն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական աւանդութեան համաձայն ուլի միսը եւ ձաւարով փլաւն այդ օրւայ առանձնայատուկ ուտելիքներն են, առանց որոնց տօնը լիարժէք չի կարող լինել:

Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպէս աշնանամուտ: Ինչպէս ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթեայ գիշերողներն այլեւս տանն են գիշերում:

Խաչվերացի յաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցւում է ս. պատարագ, կատարւում է հոգեհանգստեան կարգ, որից յետոյ այցելում են հանգուցեալների շիրիմներին:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նւիրւած հետեւեալ տօները. Սուրբ Խաչի երեւման, Խաչվերաց, Վարագայ Ս. Խաչի, Ս. Խաչի գիւտ: Այս չորսից երեքը նշւում են քրիստոնեայ բոլոր եկեղեցիներում, եւ միայն Վարագայ Սուրբ Խաչի տօնն է զուտ հայկական ու կատարւում է միայն մեր Եկեղեցում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։