Հա

Հասարակական

03/10/2022 - 13:10

NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հայ աստղաֆիզիկոսը կարծում է, որ մօտ 20 տարուց տիեզերքում կեանք կը յայտնաբերւի

Երբեւէ մտածե՞լ էք, որ կարող էք այցելել NASA, շփւել հանրաճանաչ գիտնականների հետ, նոր գիտելիքներ ստանալ NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի աւագ աստղաֆիզիկոս եւ Վաշինգտոնի ամերիկեան համալսարանի հետազօտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետեանից։ Այս ամէնն աւելի քան իրական է։ 2023 թւականին  հայ երիտասարդ գիտնականներից մէկը հարցազրոյցի փուլը յաղթահարելուց յետոյ կը դառնայ այդ յաջողակը։

«alikonline.ir» - Երբեւէ մտածե՞լ էք, որ կարող էք այցելել NASA, շփւել հանրաճանաչ գիտնականների հետ, նոր գիտելիքներ ստանալ NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի աւագ աստղաֆիզիկոս եւ Վաշինգտոնի ամերիկեան համալսարանի հետազօտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետեանից։ Այս ամէնն աւելի քան իրական է։ 2023 թւականին  հայ երիտասարդ գիտնականներից մէկը հարցազրոյցի փուլը յաղթահարելուց յետոյ կը դառնայ այդ յաջողակը։

Դեռեւս 25 տարեկանում Հայաստանից դէպի NASA ճանապարհին աստղաֆիզիկոսը հասցրել է հրաւէրներ ստանալ Դանիայից, Շւեդիայից եւ Ֆրանսիայից։ Հասցրել է համատեղութեան կարգով աշխատել ե՛ւ Բիւրականի, ե՛ւ Ղրիմի աստղադիտարաններում։  «Արմէնպրես»-ի հետ զրոյցում աստղաֆիզիկոսը խօսել է Հայաստանում գիտութեան զարգացման հեռանկարներից, տիեզերքում կեանքի գոյութիւնից, տիեզերական ուսումնասիրութիւնների եւ կրօնի մասին իր պատկերացումներից։

 

Հայաստանից դէպի NASA (նախապատմութիւն)

Վլադիմիր Հայրապետեանը ծնւել է Բաքւում, աւարտել է տեղի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի դպրոցի աստղագիտական խմբակը։ Տասը տարեկանից երազել է դառնալ աստղագէտ եւ արդէն յստակ որոշել է զբաղւել գիտութեամբ: Երազանքների իրագործման եւ գիտելիքները հարստացնելու նպատակով ընդունւել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ ստացած գիտելիքները կիրառում է մինչ օրս։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից յետոյ ուսումը շարունակել աստղաֆիզիկայի բաժնում, ասպիրանտուրայում սովորելու տարիներին աշխատել է Բիւրականի աստղադիտարանում։ Համալսարանը գերազանց աւարտելուց յետոյ տեսական գիտելիքներն սկսել է կիրառել Բիւրականի աստղադիտարանում՝ Վիկտոր Համբարձումեանի հիմնած տեսական ֆիզիկայի բաժնում։ Նա արդէն 25 տարի NASA-ի աշխատակից է, Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի աւագ աստղաֆիզիկոս։

«Մի օր Վիկտոր Համբարձումեանը խնդրեց անգլերէնով երկու զեկոյց ներկայացնել։ Հէնց այդ ժամանակ հասկացայ, որ առանց այդ լեզւի դժւար է գիտութեամբ զբաղւել։ Երկու զեկոյցներից յետոյ անմիջապէս հրաւէրներ ստացայ Դանիայից, Շւեդիայից եւ Ֆրանսիայից, 25 տարեկան էի դեռ եւ, իհարկէ, Համբարձումեանը հնարաւորութիւն տւեց համատեղել իմ աշխատանքը։ 1993-ին մեկնեցի Փարիզ, մի քանի ամիս անց հրաւէր ստացայ Նիւ Եօրքից, որտեղ մնացի մէկ տարի։ 1995-ին ՆԱՍԱ-ում աշխատելու հնարաւորութիւն ստացայ»,- պատմեց Հայրապետեանը։

 

Հայաստանում գիտութիւնը զարգացնելու շանսեր կան

«Այսօրւայ հայ ուսանողներն ունեն մեծ ներուժ, եւ ԵՊՀ-ն այն մեկնակէտն է, որտեղից հնարաւոր է հասնել ցանկալի բարձրակէտին։ Ուրախութեամբ յայտնում եմ, որ յաջորդ տարի դասաւանդելու եմ հարազատ ֆակուլտետում, աշխատելու եմ ուսանողների հետ՝ փորձելով օգնել նրանց գիտական աշխատանք կատարելու հարցում։ Երիտասարդ գիտնականների կայացման գործում կարեւոր է գիտական միջոցառումներին մասնակցութիւն ունենալը։ Կարծում եմ՝ երիտասարդ գիտնականների համար կարեւոր է միջազգային փորձի կուտակումը եւ գիտական միջոցառումներին, այդ թւում՝ գիտաժողովներին, դասախօսութիւններին ու քննարկումներին ակտիւ մասնակցելը։ Գիտութիւնը զարգացնելու նպատակով պէտք է օգնենք երիտասարդներին, որպէսզի նրանք իրենց ներդրումն ունենան միջազգային գիտական ասպարէզում։ Ուսանողներին խորհուրդ կը տամ բաց չթողնել գիտնականների հետ հանդիպելու եւ աշխատելու հնարաւորութիւնը, չվախենալ հարցեր տալուց, կարծիք յայտնելուց եւ սխալւելուց»,- նշեց աստղաֆիզիկոսը:

 

Հայաստանում գիտութիւնը ղեկավարւում է՝ ինչպէս ԽՍՀՄ շրջանում

«Ասում են՝ Հայաստանում գիտութիւնը մահւան շեմին է ֆինանսի պատճառով։ Կը ցանկանամ ասել, որ խնդիրը միայն դրանում չէ։ Մենք ունենք մենթալիտետի խնդիր։ Սովետական գիտական հիմնարկները աշխատում են սովետական ստանդարտներով։ Մէկ ամբողջ հաստատութիւն ղեկավարում է մէկ անձ։ Հաստատութիւններն էլ ցանկութիւն չունեն նոր բան սովորելու կամ, գուցէ, դժւարանում են սովորել։ Խնդրին համակարգային լուծում է պէտք։ Ես ինքս էլ աշխատում եմ, որպէսզի օր առաջ այս խնդիրը լուծում ստանայ»,- ասաց Հայրապետեանը:

 

Տիեզերքում կեանք գտնելու հաւանականութիւնն աւելի մօտ է

«Տարիներ առաջ տիեզերքում կեանքի հետքեր փնտրելն ու գտնելը գիտնականներին անիրական էր թւում, իսկ այժմ այն գիտական ուսումնասիրութիւնների կենտրոնում է։ Մարդկութեան երազանքներից է եղել տիեզերքում այլ կեանք գտնելը, եւ այդ կեանքի որոնման ճանապարհին տարբեր հարցեր են առաջացել: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, կատարելով ուսումնասիրութիւններ եւ մէկտեղելով գիտութեան տարբեր բնագաւառների ներկայացուցիչների ջանքերը՝ հնարաւոր է գտնել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Մօտ 20 տարուց տիեզերքում կեանք կը գտնենք»,- ասաց Հայրապետեանը։

 

Ուսումնասիրութիւնները բացառում են հրաշքի գոյութիւնը

NASA-ն պատրաստւում է հրթիռ ուղարկել տիեզերք: Մենք պատրաստւում ենք նոր բազա ստեղծել Լուսնի եւ Մարսի վրայ: Այդ ուղղութեամբ արդէն իսկ կատարւել են որոշակի աշխատանքներ եւ, կարելի է ասել, շուտով Լուսնի եւ Մարսի համար սկսելու է նոր դարաշրջան։ Առաջիկայ տարիներին տիեզերքի ուսումնասիրութիւնը մարդկութեանը կը ստիպի հասկանալ իրենց տեղը տիեզերքում։ Կը հասկանանք, թէ որտեղից ենք եկել, ուր ենք գնում, ինչ է կեանքը։ Ինչքան շատ ենք ուսումնասիրում, այնքան աւելի քիչ տեղ է մնում հրաշքի համար»,- ասաց պրոֆեսորը։

 

Կրօնը մարդկանց ներդաշնակութիւն պարգեւելու համար է

«Աստւած շատ մարդկանց համար կարեւոր է հոգեբանական տեսանկիւնից։ Սակայն բնութիւնն ու հոգեբանութիւնը տարբեր բաներ են։ Հոգեբանութիւնը ստեղծել է ուղեղը։ Ես սիրում եմ բոլոր կրօնները, դրանք հիմնականում խաղաղութիւն են բերում։ Կրօնը մարդկանց հոգեբանական ներդաշնակութիւն է պարգեւում։ Եթէ մարդիկ, Աստծոյ գոյութեանը հաւատալով, իրենց աւելի ապահով եւ ներդաշնակ են զգում, ես ոչինչ չունեմ ասելու, բայց երբ գիտականօրէն ապացուցւած բնական երեւոյթները, վերագրւում են աստւածներին, հրաշքներին, դրանում վտանգ եմ տեսնում։ Ես ծնւել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ սովորեցրել են, որ պէտք է դիտեմ, հարցեր տամ եւ երբեք չհաւատամ ոչ մի բանի մինչեւ չստուգեմ։ Իմ հաւատքի համակարգը գիտութիւնն է»,- նշեց աստղաֆիզիկոսը։

 

NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի աւագ աստղաֆիզիկոս, ԵՊՀ շրջանաւարտ, Ամերիկեան համալսարանի (Վաշինգտոն) հետազօտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետեանը այստեղ էր կարճ ժամանակով։ Վերջինս դասախօսութիւններ կարդաց ԵՊՀ-ում։ Դասախօսութիւնների խորագրերն էին՝ «Կեանքի փնտրտուքը Տիեզերքում» եւ «Լուսնի եւ Մարսի հանելուկների լուծումները»։

 

Կարինէ Տէրտէրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։