Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշէի, Մովսէս Քերթողի, Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու տօնը:
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշէի, Մովսէս Քերթողի, Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու տօնը:
Սուրբ թարգմանիչ վարդապետների տօնը հայ ժողովրդի ամենանւիրական եւ սիրւած ազգային-եկեղեցական տօներից է: Թարգմանիչ վարդապետների յիշատակը Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչւում է «Տօն Սրբոց Թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ» եւ տօնւում է Հոգեգալստեան չորրորդ կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդը կոչւում է «Տօն մեր Սուրբ Թարգմանիչ վարդապետների՝ Սահակի եւ Մեսրոպ Մաշտոցի, եւ նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշէ Պատմիչի, Մովսէս Քերթողի, Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու», որը շարժական է եւ տօնը նշւում է հոկտեմբերի 3-ից մինչեւ նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատւածում: Թարգմանիչ ընդհանուր անւան տակ յայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ Ս. Սահակ Պարթեւին աշակերտած շուրջ հարիւր սաներ:
Սկզբնական շրջանում կային յատուկ թարգմանիչներ, որոնք արարողութիւնների ժամանակ Ս. Գրքի հատւածները բանաւոր թարգմանում էին հայերէն: Սակայն դա բաւարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգւած էր Ս. Մեսրոպ Մաշտոցը: Հայը զրկւած էր Ս. Գիրքն ընթերցելու եւ ճշմարտութիւնն ու փրկութիւնը ձեռք բերելու հնարաւորութիւնից: Նա անընդհատ մտածում էր Ս. Գիրքը հայերէնի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին՝ Ս. Սահակ Պարթեւին եւ մեծ ընդունելութիւն գտնում: Պարզւում է, որ կաթողիկոսը նոյնպէս մտահոգւած է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հաւանութիւնն է տալիս նաեւ թագաւորը՝ Վռամշապուհ Արշակունին: Ս. Մաշտոցը, իր հետ վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր եւ տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մէկը. «Մեսրոպն ապաւինեց Աստծուն պահքով ու աղօթքներով: Եւ Աստւած, որ կատարում է իրենից երկիւղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղօթքները եւ ցոյց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, եւ ոչ թէ երազի մէջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի եւ աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրայ, որը դրւած էր նրա առջեւում: Եւ գրի փորւածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձեւ տալիս վեմի վրայ. եւ գրերի տարբերութիւններն ու անունները ձեւաւորւում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմութիւն»):
Ունենալով հայ նշանագրերը՝ Ս. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում է ձեւաւորել դրանք: Ստանալով արդէն գրելու պատրաստ տառերը՝ Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետեւեալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (ՙՃանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը), որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղաւ առաջին հայատառ նախադասութիւնը՝ գրւած հայ ուսուցչի ձեռքով: Բացայայտ մի իմաստութիւն, որով բոլորի համար հասկանալի պէտք է դառնար Խօսքը եւ Գիրքն ընթերցելու անհրաժեշտութեան գաղափարը: Այս Աստւածատուր նւէրից յետոյ Ս. Մեսրոպը վերադառնում է Հայաստան՝ հետը բերելով մի անգին գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագայ դարերի մաքառման զէնքը, ինչպէս նաեւ նրա գոյատեւման առհաւատչեան: Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսւում են բացւել դպրոցներ, ուր ուսուցանւում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանութեանը: Այսպիսով, քրիստոնէութիւնը հայացւում է եւ դառնում հայի կենսակերպը: