Հա

Հասարակական

16/10/2022 - 13:20

2022թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիրը Ջամիլա Աֆղանին է

«Աւրորա» համաշխարհային մարդասիրական ամենամեայ եօթերորդ մրցանակը շնորհւել է մանկավարժ, իրաւապաշտպան, «Նուռ» կրթութեան եւ կարողութիւնների զարգացման կազմակերպութեան (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կեանքի 25 տարին նւիրել է Աֆղանստանի կանանց կրթութեան հնարաւորութիւն տալու գործին։ 

«alikonline.ir» - «Աւրորա» համաշխարհային մարդասիրական ամենամեայ եօթերորդ մրցանակը շնորհւել է մանկավարժ, իրաւապաշտպան, «Նուռ» կրթութեան եւ կարողութիւնների զարգացման կազմակերպութեան (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կեանքի 25 տարին նւիրել է Աֆղանստանի կանանց կրթութեան հնարաւորութիւն տալու գործին։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւն հիմնադրամի մամուլի ծառայութիւնը։

Դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում են բարեգործական բնոյթ, անցկացւում են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։ Մինչեւ 2021 թ. օգոստոսը «Նուռ» կրթութեան եւ կարողութիւնների զարգացման կազմակերպութիւնն ունէր աւելի քան 100.000 կին շահառու, որոնք ընդգրկւած էին գրագիտութեան ծրագրերում: Եւ սա՝ շնորհիւ բազմաթիւ համայնքներում ստեղծւած փոքր կենտրոնների, որոնք ղեկավարում էին հէնց կանայք: Կազմակերպութիւնը նաեւ իրաւաբանական օգնութիւն եւ սոցիալ-հոգեբանական աջակցութիւն է տրամադրում աւելի քան 10.000 կնոջ, որոնք բռնութեան են ենթարկւել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից: Ստիպւած լինելով փախչել Աֆղանստանից՝ Ջամիլան շարունակում է օգնել միւսներին՝ անկախ հեռաւորութիւնից:

Երբ թալիբները զաւթեցին իշխանութիւնը երկրում, Ջամիլա Աֆղանին ստիպւած էր լքել հայրենիքը, բայց նա երբեք չի հրաժարւել իր հայրենակիցներից: Այսօր էլ նրա կազմակերպութիւնը շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց եւ խոցելի ընտանիքներին՝ լոյս սփռելով կրթութեան անհասանելիութեան, ընտանեկան բռնութեան եւ այլ ժամանակակից խնդիրների վրայ, որոնց այսօր բախւում են կանայք: Միաժամանակ այն ֆինանսական օգնութիւն է տրամադրում իրաւապաշտպաններին, լրագրողներին եւ փաստաբաններին:

««Աւրորա»-ի առաքելութիւնն է ճանաչման եւ մեծարանքի արժանացնել Ջամիլա Աֆղանիի նման մարդասէրների աշխատանքը եւ այն ներկայացնել աշխարհին: Մերօրեայ այս հերոսները ոգեշնչում ու առաջնորդում են մեզ եւ ցոյց տալիս, թէ ինչպէս դիմակայել ճնշող թւացող մարտահրաւէրներին: Նրանք մեզ յիշեցնում են համընդհանուր մարդկայնութեան մասին եւ քաջալերում՝ նոյն նւիրւածութեամբ ծառայելու աղքատներին եւ լուսանցքում յայտնւած մարդկանց։ Նրանք նաեւ յիշեցնում են մեզ բոլորիս հաւասար հնարաւորութիւն տալու՝ մեր պարտաւորութեան մասին»,- ասաց «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարութիւնների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

Ամէն տարի «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը շնորհում է «Աւրորա» մրցանակը՝ Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարաւորութիւն՝ շարունակելու նւիրատւութեան շղթան՝ աջակցելով կազմակերպութիւնների, որոնք օգնում են կարիքի մէջ գտնւողներին: Որպէս 2022թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղութեան եւ ազատութեան կանանց միջազգային լիգային եւ «Նուռ» կրթութեան եւ կարողութիւնների զարգացման կազմակերպութեանը: Խաղաղութեան եւ ազատութեան կանանց միջազգային լիգան իր անդամների կողմից ղեկավարւող միջազգային կազմակերպութիւն է, որը ձգտում է խթանելու համաշխարհային խաղաղութիւն՝ հանդէս գալով յանուն զինաթափման, բռնութեան վերացման, կանանց իրաւունքների եւ գենդերային հաւասարութեան: Իսկ «Նուռ» կրթութեան եւ կարողութիւնների զարգացման հասարակական կազմակերպութիւնը մարդասիրական աջակցութիւն է տրամադրում Աֆղանստանի կանանց, երիտասարդներին եւ երեխաներին, նրանց ընձեռում զարգացման հնարաւորութիւն:

«Իմ մասնագիտական փորձից գիտեմ, որ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը պայքար է։ Մենք անցնում ենք այս փուլերով, եւ սա դրանցից մէկն է, երբ այդքան էլ պարզ չէ, թէ ինչպիսին պէտք է լինեն մի շարք հարցերի շուրջ մեր հետագայ քայլերը, յատկապէս՝ երբ ժամանակը պարզապէս չի հերիքում: Ջամիլա Աֆղանիի նման մարդիկ յոյսի լոյս են վառում ապագայի համար եւ մեզ բոլորիս ելք ցոյց տալիս խաւարից»,- նշեց «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների հարցերով նախկին գերագոյն յանձնակատար Մերի Ռոբինսոնը:

Ստեղծումից ի վեր «Աւրորա» մրցանակը բարեփոխել է հակամարտութիւնների, հալածանքների եւ մարդու իրաւունքների այլ խախտումների հետեւանքով տուժած աւելի քան 1.000.000 մարդու կեանք՝ ուշադրութեան կենտրոնում պահելով երեխաներին, տեղահանւածներին, կանանց եւ աղջիկներին: Բարեգործական նախաձեռնութիւնը, որի նպատակը շօշափելի արդիւնքի հասնելն է, իրականութիւն է դառնում աջակիցների շնորհիւ, որոնց նւիրատւութիւնը հնարաւորութիւն է տալիս մրցանակին՝ շարունակելու զօրացնել մերօրեայ հերոսներին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։