Ամէն տարի հոկտեմբերի 17-ին աշխարհը նշում է Աղքատութեան վերացման միջազգային օրը։
«alikonline.ir» - Ամէն տարի հոկտեմբերի 17-ին աշխարհը նշում է Աղքատութեան վերացման միջազգային օրը։ Գրում է Panorama.am-ը:
Այս իրադարձութեան պատմութիւնը սկսւեց 1987 թւականի հոկտեմբերի 17-ին, երբ աւելի քան հարիւր հազար մարդ հաւաքւեց Փարիզի Տրոկադերօ հրապարակում (Ֆրանսիա), որտեղ 1948 թւականին ստորագրւեց Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը։ Մասնակիցները յայտարարեցին, որ աղքատութիւնը մարդու իրաւունքների խախտում է եւ վերահաստատեցին այդ իրաւունքներին հասնելու համար միասին աշխատելու անհրաժեշտութիւնը։ Նրանց յայտարարութիւնները փորագրւած էին այդ օրը բացւած յուշաքարի վրայ:
Քարի կրկնօրինակները տարածւել են ամբողջ աշխարհում եւ ծառայում են որպէս հաւաքատեղի նրանց համար, ովքեր նշում են այս օրը: Այդպիսի քարերից մէկը գտնւում է Նիւ Եօրքում (ԱՄՆ)՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի այգում, եւ դրա շուրջը տեղի է ունենում հանդիսաւոր արարողութիւն, որը ամէն տարի կազմակերպում է կազմակերպութեան քարտուղարութիւնը:
ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 1992 թւականի դեկտեմբերի 22-ի բանաձեւը հոկտեմբերի 17-ը հռչակեց Աղքատութեան վերացման միջազգային օր եւ բոլոր պետութիւններին յորդորեց այս օրը նւիրել աղքատութեան եւ աղքատութեան վերացմանը նւիրւած միջոցառումների անցկացմանը: Այն նշւում է 1993 թւականից։
2015 թւականին ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներն ընդունել են մինչեւ 2030 թւականը Կայուն զարգացման 17 նպատակներ, որտեղ առաջին նպատակը աղքատութեան բոլոր ձեւերի համատարած վերացումն է:
Հայաստանի Վիճակագրական կոմիտէի հրապարակած վերջին՝ 2020 թւականի ցուցանիշով Հայաստանում աղքատ է բնակչութեան 27%-ը: Համաշխարհային բանկը 2022 թ.-ին Հայաստանի վերաբերեալ հրապարակել է 42% աղքատութեան մակարդակ: