Հա

Հասարակական

28/11/2022 - 11:30

Մշակոյթի նախարարութեանը կից մշակութային հարցերով գերատեսչութեան հանդիպումը՝ կրօնական համայնքների հրատարակիչների հետ

Իրանի Մշակոյթի նախարարութեանը կից մշակութային-հասարակական հարցերով գերատեսչութեան նախաձեռնութեամբ՝ չորեքշաբթի, նոյեմբերի 23-ին տեղի ունեցաւ կրօնական համայնքների հրատարակչութիւնների եւ տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ քննարկումների նիստը, որին մասնակցում էին՝ հայկական, ասորական, զրադաշտական եւ հրէական համայնքների գրականութեան եւ հրատարակչութիւնների ներկայացուցիչները: 

«ԱԼԻՔ» - Իրանի Մշակոյթի նախարարութեանը կից մշակութային-հասարակական հարցերով գերատեսչութեան նախաձեռնութեամբ՝ չորեքշաբթի, նոյեմբերի 23-ին տեղի ունեցաւ կրօնական համայնքների հրատարակչութիւնների եւ տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ քննարկումների նիստը, որին մասնակցում էին՝ հայկական, ասորական, զրադաշտական եւ հրէական համայնքների գրականութեան եւ հրատարակչութիւնների ներկայացուցիչները: Նիստին ԻԳՄ-ի եւ «Նայիրի» հրատարակչութեան ներկայացուցիչներից բացի յատուկ հրաւէրով ներկայ էր նաեւ «ԱԼԻՔ» օրաթերթը, ինչպէս նաեւ «Պայման» պարբերաթերթի անունից «ՀՈՒՍԿ» հաստատութեան ներկայացուցիչը: Աւելի ուշ հանդիպմանը ներկայ գտնւեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Նիստի ընթացքում «Ալիք» օրաթերթի տնօրէնութեան կազմի անունից հանդէս եկաւ Արգիշտի Թովմասեանը, ով անդրադառնալով օրաթերթիս 92-ամեայ պատմութեանը, այն համարեց ոչ միայն հայալեզու մամուլի ասպարէզում ձեռքբերում, այլեւ իրանական մամուլի պատմութիւնը հարստացնող էջ, յատկապէս իր վաղեմութեան առումով, որպէս Իրանում հրապարակւող երկրորդ հին օրաթերթ («Էթթելաաթ» օրաթերթից յետոյ):

Արգիշտի Թովմասեանը թւարկելով «Ալիք»-ի կողքին հրատարակւող յաւելւածներն ու համապատասխան ծախսերը, Մշակոյթի նախարարութեան հրատարակչութիւնների գերատեսչութեան պատասխանատուների ուշադրութեանը յանձնեց տնտեսական ծանր վիճակի եւ գնաճի հետեւանքով թերթիս առաջ ծառացած խնդիրները:

«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Իսիկ Իւնանէսեանը նոյնպէս ելոյթով հանդէս եկաւ նիստի ընթացքում: Նա ներկայացնելով «Պայման» պարբերականի մասին տեղեկութիւններ, դիտել տւեց, որ «Պայման»-ն իր հրապարակած գիտա-հետազօտական նիւթերով հասցրել է Իրանի եւ միջազգային ակադեմիական շրջանակների ուշադրութեանն արժանանալ, յատկապէս հայ-իրանական յարաբերութիւնների, Հայաստանի եւ Իրանի պատմութեանն անդրադարձող նիւթերի քաշի առումով:

Անդրադառնալով իր թարգմանած «Ասորիների ցեղասպանութիւնն Օսմանեան Թուրքիայում եւ յարակից թուրքաբնակ վայրերում» գրքին (հեղինակ՝ Հայաստանի ԳԱԱ անդամ Անահիտ Խոսրոեւա), նշեց, որ ինչքան էլ զարմանալի թւայ երկար ժամանակ է, ինչ սպասում է հրատարակման արտօնագրին: Նա յաւելեց. «Երկու տարւայ ընթացքում Իրանում թարգմանւել եւ հրատարակւել է շուրջ 73 անուն հակաիրանական եւ հակահայկական թեմաներով գրքեր, որոնք նոյնիսկ Իրանի տարածքային ամբողջականութիւնն են հարւածի տակ առել: Սակայն, հէնց որ նման հակահարւած է պատրաստւում կամ գիտական փաստերի հիման վրայ հրատարակւած գրքի թարգմանութեան հարց է բացւում, զարմանքի առիթ է դառնում արտօնագրի ուշացման փաստը»:

Իւնանէսեանն անդրադարձաւ նաեւ «Պայման»-ի հրատարակման ծախսերին եւ նշեց, որ վերջին «Պայման»-ի հրատարակման համար ծախսւել է շուրջ 85 միլիոն թուման, ինչը ստիպում է մտածել տպագիր տարբերակից հրաժարւելու մասին:

ԻԳՄ նախագահ Գարուն Սարգսեանը եւս ելոյթ ունեցաւ նիստին եւ պատմեց իր թարգմանութեամբ հրատարակւած վերջին գրքի մասին: Պատմելով Իսահակեանի «Վարպետ» գրքի մասին, նա անդրադարձաւ հեղինակի կեանքին, ինչպէս նաեւ դէպի իրանական գրականութեան տածած նրա սիրոյ եւ յատուկ ուշադրութեանը: ««Վարպետ»-ում Իսահակեանը մի քանի պատմւածքով խօսել է Սաադիի, Խայեամի, եւ իրանական թեմաներով այլ գրւածքների մասին»,- կարեւորեց Գարուն Սարգսեանը:

««Վարպետ»-ը հայ մեծանուն բանաստեղծ Աւետիք Իսահակեանի կոչումն է, ինչն այս դէպքում նշանակում է խօսքի վարպետ։ Պատմւածքներ գրելու իր հմտութեան պատճառով հայերը Իսահակեանին ճանաչում էին որպէս վարպետ»,- յաւելեց Գարուն Սարգսեանը։

Նշելի է, որ նիստին մասնակցող հրաւիրեալների շարքերում ներկայ էր նաեւ բանահաւաք Յովիկ Մինասեանը, ում մասին անդրադարձ եղաւ Արտոյտ Զոհրաբեանի կողմից:

Նիստի հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանը, ով միեւնոյն ժամանակ ներկայացնում էր «Նայիրի» հրատարակչութիւնը, ներկաներին ներկայացնելիս շօշափում էր նաեւ նրանց յուզող խնդիրները՝ տպագրութեան հետ կապւած ծախսերի, թղթի շարունակական թանկացումների եւ այլնի հետ կապւած խնդիրներ, ինչպէս նաեւ հրատարակչութեան ոլորտի տարատեսակ խնդիրների մասին: Նա, երբ հերթը «Նայիրի» հրատարակչութեանը հասաւ, ժամանակի սղութեան բերումով իր հերթը զիջեց միւս հիւրերին արտայայտւելու համար:

Ընթացքում ելոյթներ ունեցան զրադաշտական, ասորական, հրէական համայնքների ներկայացուցիչները, որտեղ յաճախ շօշափւում էր գրաքննութեան մասին տպաւորութիւնը, ինչն ըստ ասորական համայնքի ներկայացուցչի դրսեւորւում է արտօնագրերի ուշացման տեսքով:

Կազմակերպիչների առաջարկով, ելոյթի առիթ տրւեց խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, ինչը վերջնիս կողմից մերժւեց հանդիպումը ժամանակի մէջ տեղաւորելու նկատառումներով:

Նիստի եզրափակիչ բաժնում Մշակոյթի նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաները ամփոփելով միջոցառումը, փորձեցին հրատարակիչների աշխատանքային ոլորտի մասին շօշափւող հարցերին պատասխանել, որտեղ կարեւորւեց նաեւ մամուլի ոլորտը, ինչը սակայն այլ գրասենեակի ու գերատեսչութեան ասպարէզին է պատկանում, սակայն այդ մասին բարձրաձայնւած խնդիրները հաստատ փոխանցւելու են պատկան մարմնի գերատեսչին:

Յիշեցնենք, որ հանդիպմանը հրաւիրւած «ԱԼԻՔ» օրաթերթից եւ «Պայման» հանդէսից բացի հրաւիրւած էր նաեւ զրադաշտական համայնքի «Ամորդադ» պարբերաթերթը, ինչը սակայն բացակայում էր նիստից:

Նախարարութեան մշակութային հարցերով գերատեսուչ Էսմայիլ Ջամալիփուրը որպէս առաջին բանախօս յայտնեց, որ յեղափոխութիւնից անցնում է 43 տարի ու դեռ շարունակւում են դաւադրութիւնները մեր երկրի անկախութեան դէմ։

«Ամէն օր ենք յիշում մեր սիրելի նահատակների խիզախութիւններն ու արիութիւնը։ Մենք գնահատում ենք Իրանի միաստւածական կրօնների համայնքների մեծ նահատակներին։ Նրանց (համայնքների) նւիրաբերած նահատակներից 50-ը եղել են նրանք, ովքեր զինւորական ծառայութիւնից յետոյ նորից են մեկնել ռազմաճակատ։ Նոյն կարգի շուրջ 110 զինհաշմութիւն ունեցող վետերաններ կան իմ ցուցակում: Մարդիկ, ովքեր աւարտել են զինւորական ծառայութիւնը, բայց կրկին վերադարձել են ռազմաճակատ»,- կարեւորեց Ջամալիփուրը:

Նա յաւելեց. «Նիստին մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, մամուլի ակտիւիստներ: Թէեւ մամուլի բաժինն այլ մասնագիտացւած գրասենեակի ոլորտից է, սակայն հաշւի առնելով, որ մշակութային փոխնախարարի աշխատանքային հարթակը կարեւորում է նրանց կատարած աշխատանքը, հետեւելու ենք նաեւ այդ ոլորտի հետ կապւած գործերին, եւ նրանց այս հանդիպմանը հրաւիրելը համարեցինք մեր պարտքը»:

Ջամալիփուրն յաւելեց. «Մամուլի ասպարէզում գրահրատարակչական ոլորտին ու մեր սիրելիների մշակութային գործունէութեանը զուգահեռ ունենք «Ալիք» օրաթերթը։ «Էթթելաաթ» օրաթերթից յետոյ «Ալիք»-ը 1310 թւականին: Համայնքային բնոյթով թերթ է այն: Այս թերթի առաջին խմբագրականում անդրադարձ է կատարւել սիրելի Իրանի մշակոյթին զարկ տալու եւ երկիրը մշակութապէս առաջ մղելու կարեւորութեանը: Այս թերթը իր ստեղծման օրից հաւատարիմ է մնացել իր սկզբունքներին եւ արդէն 91 տարի է, ինչ գործունէութիւն է իրականացնում Իրանի մամուլի ասպարէզում»։

Հանդիպումը եզրափակող միւս բանախօսն էր Գրքի մշակման եւ ընթերցանութեան բիւրոյի գլխաւոր տնօրէն Մոհամմադ Հոսէյն Զարիֆեան Եգանէն:

Նա իր համար պատիւ համարելով միաստւածային կրօնների յարգարժան համայնքների ակտիւիստների, հրատարակիչների եւ լրագրողների նիստին ներկայ լինելը, յաւելեց. «Անկասկած, գործընկերներիս արտայայտած խորհուրդները մեզ համար արժէքաւոր են եւ անհրաժեշտ։ Որպէս մէկն, ով փորձում է արժանապատիւ ծառայութիւն մատուցել ժողովրդին, մենք չպէտք է որեւէ տարբերութիւն տեսնենք հասարակութեան տարբեր շերտերի միջեւ։ Միաստւածային կրօնների յարգւած հետեւորդները բոլորն էլ Իրանի քաղաքացիներ են, մեր եղբայրներն ու քոյրերը, եւ նրանք ունեն նոյն իրաւունքներն, ինչ միւս քաղաքացիներն ունեն»: 

Հանդիպումը եզրափակւեց Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան փոխնախարար Եասեր Ահմադւանդի ելոյթով։ Նա իր ուրախութիւնը յայտնելով այսպիսի հանդիպումներ անցկացնելու համար, նշեց. «Մենք նախկինում էլ ենք նման հանդիպումներ անցկացրել եւ ուրախ եմ, որ այն շարունակական բնոյթ է կրում»:

Նա յաւելեց. «Մեր հասարակութիւնը բազմակարծիք հասարակութիւն է: Իսկ Իրանում առկայ է մտքի ու մտածելակերպի բազմազանութիւն: Իսկ սա օրհնութիւն է, ինչպէս չորս եղանակ ունեցող երկիրն է գրաւիչ երեւում, իր մշակութային ասպարէզում եւս բազմազանութիւնը նոյնն է հաղորդելու։ Իրանի կայունութեան ոլորտներից մէկն է այն: Եթէ ​​Իրանը կայուն է եւ հզօր, ապա դա նրա բազմամշակոյթ ժողովրդի եւ բազմակարծութեան արդիւնք է: Մենք բոլորս պէտք է գնահատենք այս կարողութիւնը երկրում»։

Ահմադւանդը յաւելեց. «Անգամ Սահմանադրօրէն է ամրագրւած այդ հսկայական առիթը որպէս հնարաւորութիւն: Իսկ ամենից առաջ իրանական մշակոյթն է, որ բոլորին կապող օղակն է։ Միասին մենք ուժեղ ենք եւ մնայուն: Կան նաեւ խնդիրներ, որոնք մենք պէտք է լուծենք երկխօսութեան միջոցով։ Ձեր ունեցած խնդիրները ընդհանուր խնդիրներ են, որոնց հանդիպում ենք, երբ պարսկալեզու բոլոր հրատարակիչների հետ ենք շօշափում հարցը»:

Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան փոխնախարարը յաւելեց. «Այն, ինչը կոչւեց գրաքննութիւն, կամ աւելի շիտակ բնութագրմամբ՝ վերանայում-վերլուծման հարցում չկայ որեւէ սահմանափակող կաղապար, այլ այն իրականացւում է ի լրումն օրէնսդրական պահանջների, որոնց պէտք է հետեւեն բոլորը։ Անկախ նրանից, թէ հրատարակիչը Թեհրանում է կամ Ղոմում, թէ միաստւածական կրօնների հետեւորդներից որեւէ մէկն է նա: Տեքստերի գնահատման եւ գրքերի արտօնագրի դաշտում գուցէ հանդիպած լինենք տարբեր ճաշակների։ Այնտեղ, որտեղ մարդկային ուժն ու փորձագէտը պէտք է դատի՝ ելնելով նոյն սկզբունքներից, այո՛ ճաշակի հարցում կարող են լինել տարբերութիւններ։ Ինչպէս որոշում կայացնող մրցավարը եւ կամ տարբեր անկիւններից խնդիրը շօշափած փորձագէտը։ Տեքստի դաշտում կարծիքների տարբերութիւն հաստատ լինելու է։ Յատկապէս կրօնական եւ աւանդոյթներին վերաբերող տեքստերի: Սա բնական է եւ մեր կողմից պնդումները ունենում են հիմնաւորում»:

Ահմադւանդը նշեց նաեւ, որ թղթի հարցում կան որոշակի խնդիրներ ոչ թէ թղթի պակասի, այլ դրա գնաճի ուղղութեամբ: «Երբեմն մտածում են, որ Մշակոյթի նախարարութիւնը (Էրշադը) պետական ​​գնով զգալի քանակութեամբ թուղթ ունի, եւ ում ուզում է տալիս է։ Խնդիրը թղթի պակասը չէ: Խնդիրը դրա գինն է, որը բարձր է մշակութային աշխատանք կատարելու համար եւս։ Վերջերս շահագործւել է Իրանի հիւսիսում թուղթ արտադրող գործարան, որը թէեւ չի մրցակցելու ներմուծւած թղթի որակի հետ, այնուամենայնիւ կարող է մասամբ լրացնել շուկայի բացը: Սակայն, պէտք է հաշւի առնել, որ այդ գործարանի համար ռուսաստանից երկիր է ներմուծւում համապատասխան փայտի քանակութիւն, ինչը եւս գումար արժի: Չնայած փորձում ենք շուկայի շոկին տիրութիւն անել, այնուամենայնիւ այն չի կարող չազդւել երկրում տիրող գնաճից»:

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/social/item/79628-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdbab96440aa

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։