Հա

Հասարակական

01/12/2022 - 13:10

Իրանահայ գործարար, բարերար Էդիկ Մեջլումեանի հիմնադրած՝ «Ուրմիա Շենռիզ» ընկերութիւնը իր անժխտելի դերն ունի երկրում

Թւականիս նոյեմբերի 20-ին, Թեհրանի միջազգային ցուցահանդէսների մնայուն վայրում կազմակերպւած կուպրի, մեկուսիչների, ասֆալտի եւ յարակից սարքաւորումների 13-րդ միջազգային ցուցահանդէսին իրանահայ գործարարը իր ուրոյն տեղն էր զբաղեցնում: Ցուցահանդէս, որը իր աշխատանքն էր սկսել նոյեմբերի 20-ին եւ շարունակւեց մինչեւ նոյեմբերի 23-ը:

Թւականիս նոյեմբերի 20-ին, Թեհրանի միջազգային ցուցահանդէսների մնայուն վայրում կազմակերպւած կուպրի, մեկուսիչների, ասֆալտի եւ յարակից սարքաւորումների 13-րդ միջազգային ցուցահանդէսին իրանահայ գործարարը իր ուրոյն տեղն էր զբաղեցնում: Ցուցահանդէս, որը իր աշխատանքն էր սկսել նոյեմբերի 20-ին եւ շարունակւեց մինչեւ նոյեմբերի 23-ը:

Յիշեալ ցուցահանդէսին իր մասնակցութիւնն էր բերել Իրանի կուպրի եւ շինարարական աշխատանքներին իր անժխտելի ներդրումը դրսեւորած՝ Ատրպատականի հայոց թեմից, իրանահայ գործարար, բարերար Էդիկ Մեջլումեանի հիմնադրած «Ուրմիա Շենռիզ» ընկերութիւնը: Ցուցահանդէսի 8-րդ եւ 9-րդ սրահի 36-րդ հսկայ տաղաւարը իրեն էր յատկացրել յիշեալ ընկերութիւնը, որի աշխատանքների մասին բացատրութիւններ փոխանցեց Սաքօ Մեջլումեանը, ով իր հօր՝ Էդիկ Մեջլումեանի ճանապարհով է ընթանում: Իրանահայ գործարար բարերարին քաջալերելու նպատակով ցուցահանդէս էին այցելել՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, խորհրդարանում ասորիների պատգամաւոր Էնւիէ Թեքիէ Շառլին, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, ազգայիններ եւ պետական պաշտօնատարներ: Լուրի մասին անդրադարձել էինք օրաթերթիս նոյեմբերի 22-ի համարում: Առիթը պատեհ համարելով, «Ուրմիա Շենռիզ» ընկերութեան լայնածաւալ աշխատանքների մասին հարցազրոյց ենք ունեցել Սաքօ Մեջլումեանի հետ:

Նա գործարանի մասին հետեւեալ բացատրութիւնը փոխանցեց. «1992 թւականին, հօրս՝ Էդիկ Մեջլումեանի ջանքերով եւ Իրանի վերելքի ու զարգացման նպատակով իր աշխատանքն է սկսել «Ուրմիա Շենռիզ» ընկերութիւնը՝ ճանապարհների ու տրանսպորտի ուղղութեամբ եւ քայլ առ քայլ առաջընթաց արձանագրել ճանապարհաշինութեան առումով ստանալով առաջին կարգի լիցենզիա: Ընկերութիւնը մինչ այժմ նախաձեռնել եւ իրականացրել է բազմաթիւ նահանգային ու համազգային նշանակութեամբ նախագծեր՝ ճանապարհների, մայրուղիների, օդանաւակայանների, երկաթգծերի եւ յարակից այլ բաժինների առումով: Յատկանշական է, որ մեր ընկերութեան առաջին մեծ նշանակութեամբ նախագծերից էր՝ արեւմտեան Ատրպատական նահանգի երկաթգծի նախագիծը, եւ օդանաւակայանը: Որախութեամբ եւ հպարտութեամբ պէտք է նշեմ, որ ճանապարհաշինութեան առումով, Ատրպատական նահանգում ազգային նշանակութեամբ բոլոր նախագծերի իրականացման համար պայմանագրեր է կնքւում «Ուրմիա Շենռիզ» ընկերութեան հետ, քանի որ ճանապարհաշինութեան գծով այդ շրջանում միայն մեր ընկերութիւնը լիցենզաւորւած է առաջին կարգով: Ճանապարհների անվտանգութեան համար արտադրել ենք բետոնէ «Նիւջերսի» սարքեր, իսկ երկրի ինքնաբաւութեան բնագաւառում սկսել ենք արտադրել կուպր»:

Անդրադառնալով կուպրի արտադրման գործարանի շահագործման մասին, նա այսպէս շարունակեց. «Երբ կուպրի արտադրման գործարանի համար լիցենզիա ստացանք, երկարատեւ ուսումնասիրութիւններից յետոյ Իրանում առաջին անգամը լինելով հիմքը դրեցինք կուպրի արտադրման երրորդ սերնդի առաջին վերամշակման գործարանի եւ այսօր հնարաւորութիւն ունենք արտադրել այնպիսի որակով կուպր, որը հնարաւոր է արտահանել դէպի Եւրոպա: Մեր լաբորատորիայի բոլոր լիազօրագրերը համապատասխանում են միջազգային լաւագոյն ստանդարտներին: «Ուրմիա Շենռիզ»-ի կուպրի վերամշակման գործարանը կառուցւել է 48.000 քառակուսի մետր տարածքում, որը Իրանում ամենաարդիական ու ամենամեծ վերամշակման գործարանն է երրորդ սերնդի կուպրի արտադրման համար եւ արտադրում է տարեկան աւելի քան 300.000 տոննա կուպր: Յատկանշական է, որ արեւմտեան Ատրպատականի եւ յարակից երեք նահանգների պետական բոլոր օրգանների «եարանէ»-ի կուպրը մեր զտարանն է արտադրում եւ Ճանապարհաշինութեան նախարարութեան կողմից կուպրի արտադրման համար մեր գործարանին է շնորհւել «B grad»-ը գործարանի հիմնադրման հէնց առաջին տարում, որը թէ՛ արտադրութեան որակի համար է, թէ՛ գործարանի սարքաւորումների ու արտադրագծի եւ թէ՛ արտադրանքի ու փոխադրման համար: Նաեւ Իրանում մեր արտադրութիւնը առաջինն է, որը անուղղակի ջերմութեամբ է աշխատում եւ այդ մեթոդի յայտնագործումը հէնց մեր անունով է գրանցւել: Մենք չենք խնայում մեր ջանքը հայի անունը բարձր պահելու համար: Կուպրի վերամշակման գործարանը օժտւած է ամենաարդիական կատարեալ աւտոմատ սարքերով, որոնք արտադրում են մաքուր կուպր, թափանցող կուպր եւ ֆունկցիոնալ ու պոլիմերային կուպր եւ շահել ենք CE միջազգային ստանդարտները»:

Սաքօ Մեջլումեանը հարցազրոյցի ընթացքում իր խօսքը ուղղելով երիտասարդներին նրանց յորդորեց, որ ձգտեն բարձրագոյն կրթութեան, ապա փորձեն աշխատանք ապահովել եւ չխնայեն իրենց լաւագոյնը: Նա ընդգծեց. «Իհարկէ միայն լաւ կրթւելը բաւարար չէ, կրթութեան հետ մէկտեղ անհրաժեշտ է ջանասիրութիւն եւ կամք: Մեր գործարանում 400 աշխատողներից 70-ը հայեր են եւ փորձում ենք չխնայել մեր ջանքը, որպէսզի մեր աշխատողները աւելի մասնագիտանան ու առաջ ընթանան»:

 

ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։