Հա

Հասարակական

05/12/2022 - 12:50

Զալցբուրգի համալսարանի hայագիտութեան բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգութեան ուսումնասիրութեանը

Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Աւստրիա) համալսարանի Քրիստոնեայ արեւելքի հետազօտութիւնների կենտրոնը, որը 2013 թւականից հայագիտութեան հետազօտութիւնների նպատակով ֆինանսաւորում է նաեւ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը, հայագէտ Եասմին Դում-Թրագուտի ղեկավարութեամբ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեանը նւիրւած դրամաշնորհային առաջին մրցոյթի շրջանակում հետազօտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսաւորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը:

«alikonline.ir» - Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Աւստրիա) համալսարանի Քրիստոնեայ արեւելքի հետազօտութիւնների կենտրոնը, որը 2013 թւականից հայագիտութեան հետազօտութիւնների նպատակով ֆինանսաւորում է նաեւ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը, հայագէտ Եասմին Դում-Թրագուտի ղեկավարութեամբ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեանը նւիրւած դրամաշնորհային առաջին մրցոյթի շրջանակում հետազօտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսաւորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը:

ԿԳՄՍՆ-ից News.am-ին յայտնում են, որ կարճաժամկէտ դրամաշնորհների այս ծրագիրը նպատակ ունի խթանել Արցախի (քրիստոնէական) պատմութեան, մշակոյթի, հնագիտութեան, արւեստի, ինչպէս նաեւ պատմամշակութային յուշարձանների վերաբերեալ երիտասարդ գիտնականների հետազօտութիւնները, նպաստել հայկական մշակութային ժառանգութեան ուսումնասիրութեանը։

Խրախուսւած հինգ հետազօտութիւններն էլ Հայաստանից են, որոնք ներկայացնում են գիտահետազօտական տարբեր հաստատութիւններ, ինչպէս նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Դրանք են՝

- Նժդեհ Երանեան, Հայաստանի պատմութեան թանգարան, փոխտնօրէն, ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտ, գիտաշխատող, «Արցախի մ.թ.ա. 3-1 ին հազարամեակի սկզբի մշակոյթը՝ ըստ թանգարանային նյութերի».

- Հայր Աթանաս աբեղայ Սարգսեան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռոմի պապական արեւելեան ինստիտուտ, մագիստրանտ, «Քրիստոնէական ընկալումներն արցախահայ բանահիւսութեան մէջ».

- Շողակաթ Դեւրիկեան, ՀՀ ԳԱԱ Արւեստի ինստիտուտ, ասպիրանտ, «Հայկական մանրանկարչութեան ընդհանուր օրինաչափութիւնները եւ տեղային իւրայատկութիւնները՝ Արցախում նկարազարդւած Աւետարանների Տէրունական պատկերներում».

- Օվսաննա Խաչատրեան, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարան, գիտաշխատող, «Արցախում գրւած ձեռագրերի յիշատակարանները՝ որպէս պատմամշակութային կարեւոր սկզբնաղբիւր».

- Աշոտ Մկրեան, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ, աշխատակից, լեզւաբան, «Արցախի բարբառը Զմիւռնիայում. հանրալեզւաբանական քննութիւն»:

Հետազօտական նախագծերն իրականացւելու են Զալցբուրգի համալսարանի հայագիտութեան բաժնի հետ սերտ համագործակցութեամբ եւ փորձագիտական ու գիտական խորհրդատւութեամբ։ Արդիւնքները գիտական զեկուցումների ու յօդւածների տեսքով ամփոփւելու են յաջորդ տարեվերջին՝ նաեւ Զալցբուրգի համալսարանում։

Արցախի հայկական մշակութային ժառանգութեան ուսումնասիրութեանը նւիրւած կարճաժամկէտ դրամաշնորհների այս ծրագրի միջոցով, որն իր շարունակութիւնն է ունենալու նաեւ 2023 թւականին: Զալցբուրգի համալսարանի հայագիտութեան բաժինը նպատակ ունի աջակցել երիտասարդ հետազօտողներին ու նրանց ստեղծարար գիտական նախագծերը, խրախուսել հայագիտական, ինչպէս եւ մշակութային ժառանգութեանն առնչւող հետազօտութիւնների միջառարկայնացումն ու միջազգայնացումը, նպաստել Արցախի վտանգւած մշակութային ժառանգութեան պահպանութեանը։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։