Հա

Հասարակական

31/12/2022 - 12:00

«ԱԼԻՔ»-ի աւագ սերնդի մեր գործընկեր՝ Վարդան Դաւթեանենց տանը. Զրոյց առանց վերջակէտի

ՀԱՏԻՍ - Գլխում պահւող յիշողութիւնները յաճախ ժամացոյցի սլաքների պէս են վարւում մարդու հետ: Նոյնիսկ եթէ էջ կայ, որը մոռացութեան է մատնւել, դարձեալ չաշխատող ժամացոյցի պէս օրւայ ընթացքում երկու անգամ ճիշտ ժամն է կարող ցոյց տալ: Այնպէս, որ յիշողութիւններից փախչող գլուխը իրեն է խաբում միայն:

ՀԱՏԻՍ - Գլխում պահւող յիշողութիւնները յաճախ ժամացոյցի սլաքների պէս են վարւում մարդու հետ: Նոյնիսկ եթէ էջ կայ, որը մոռացութեան է մատնւել, դարձեալ չաշխատող ժամացոյցի պէս օրւայ ընթացքում երկու անգամ ճիշտ ժամն է կարող ցոյց տալ: Այնպէս, որ յիշողութիւններից փախչող գլուխը իրեն է խաբում միայն:

Խօսքը ոչ աւել, ոչ պակաս լրագրութեան ու լրագրողի մասին է: Երեւոյթ, որը ժամանակի թելադրանքից խուսափել չի կարող: Դիպուկ իրականութիւն է, որ այսօրւայ թերթով վաղը լուսամուտ են չորելու:

«Լուրը եւ նորութիւններն այո, հնանալու համար են ստեղծւում, այլապէս լրագրութիւնը վաղուց դադարած կը լինէր կրելու իր կոչումը: Սակայն լրագրողը հէնց նա է, ով պիտի քթի ծակ ունենայ ու ժամանակից առաջ շարժւի: Իսկ նրա տարածած նորութիւնները, եթէ չեն հնանում, ապա գուցէ նրա ժամանակներն են անցել»,- ասում է «ԱԼԻՔ» օրաթերթի մեր աւագ գործընկեր՝ Վարդան Դաւթեանը, հարցին՝ թէ ձեզ ինչպէս կը ներկայացնէիք այսօրւայ ընթերցողին-պատասխանելիս:

Վարդան Դաւթեանին հանդիպելու համար քեզ պատրւակ ու տօնական առիթներ պէտք չեն: Լրագրող, ում՝ ժամանակն իր սլաքների օրինակով բազմաթիւ ուղղութիւններով է տարել: «Ուղղակի ոչ հալ կայ վրադ, ոչ էլ տրամադրութիւն, որ գրիչ շարժես քեզ յուզող հարցերի մասին»,- ասում է Վարդանը, եւ կոկորդը թարմացնելով ձեռքդ բռնած ուղեկցում է դէպի խոհանոցից փողոց բացւող լուսամուտ:

Կպցնում է սիգարետն ու տակից էլ շշնջալով բողոքում՝ այսօրւայ լուցկիներն էլ մի բան չեն:

Դժգոհելու համար էր, թէ ինչ՝ չգիտեմ, բայց քեզնից անկախ հարց ես տալիս Վարդանին, թէ երբ ասում են հակացուցւած է կամ ծխելը վնասակար է առողջութեանը, ի՞նչ էք զգում: Կամ, ասենք, զգում էք դա ասելով ձեր անձնական տարածք են ներխուժել, թէ ի՛նչ...

Վարդանի պատասխանը կարճ է ու լակոնիկ: «Դէ եթէ տնեցիները լինեն, ներկայ լինի նաեւ թոռնիկդ, ապա դա նաեւ նրանց անձնական տարածք կը համարւի: Ինքդ լուսամուտի մօտ, ծուխդ այնտեղ՝ ծուխիդ մօտ: Գոնէ երբ թոռնիկս մեզ մօտ է լինում մխալ չկայ»,- ասում է ու սիգարետը թաթախում մոխրաման դարձրած բաժակի մէջ:

Վարդանի հետ զրուցելիս, յատկապէս եթէ զրոյցը հասարակական թեմաների շուրջ տանես, ապա մեղքը քեզ վրայ: Պարզապէս քեզ պիտի պատրաստես վերջաւորութիւն չունեցող, միաժամանակ չձանձրացնող պատմութեան համար, ինչը լսելու ես հէնց առաջին ձեռքից, այսինքն՝ նոյն այդ իրադարձութեանը ներկայ լրագրողից:

Պարզապէս երբեմն անուններն է շփոթում, բայց մի րոպէ չանցած վերադառնում ու սրբագրում է բացթողնւածը: Վարդանի ներսից դեռ շարունակում է խօսել այն լրագրողը, ով անկախ շրջապատի դատողութիւնից, մնում էր իր սկզբունքներին հաւատարիմ, հետն էլ կամակորի տպաւորութիւն թողնելով: «Այդպէս երբեք քո եսը մոռացութեան չես տայ, այդ էլ յանուն ժամանակաւոր շահերի»: Հէնց Վարդան Դաւթեան յիշեցնող ձեւակերպմամբ ասում է Վարդան Դաւթեանը:

Տան տարբեր անկիւններում երեւում են ձեռնափայտեր, որոնք աւելի շատ դեկորատիւ բնոյթ էին կրում, քան, ասենք, ինչի՝ կոչւած էին: Իհարկէ, երբ նկատում է, որ նկատել ես, ասելու է. «Դրսում երկար քայլել չի լինում: Ոտքերս են ցաւում: Քո ասած ժամանակի սլաքներն են բզկտում»,- ասում է ու քեզնից շուտ ծիծաղում:

Վարդան Դաւթեանը սոցիալական ցանցերում «քաղաքացի լրագրող» հասկացութեան մասին հարցին պատասխանելուց առաջ մի պահ լռում է, յետոյ նշում. «Բայց լաւ է, ինչն է վատ՝ որ...»:

Հասկանում ես, որ դեռ լրագրողի հնարքներին լաւ է տիրապետում: Պարզապէս պատասխանը ձեւակերպելու համար ժամանակ են շահում այդպէս:

Հարցին հարցով պատասխանելու Վարդանի հնարքին պատասխանում ես, թէ խօսքն այն մասին էր, որ ժամանակին, երբ նորութիւնները արժանահաւատ էին դառնում մամուլում տեղ ունենալու հաշւին, կամ երբ պաշտօնական լրահոսի անդրադարձը կար այդ մասին, ապա այսօր ինտերնետային կապերի ու միջոցների արագութեան յատկանիշը մի կողմից, իսկ էթիկայի բացակայութեան փաստը միւս կողմից, առիթ են տալիս, որ ոչ միայն տեղի վրայ՝ տաք-տաք մատուցւեն նորութիւնները, այլեւ տարածւելու արագ գործընթացի ու հնարաւորութեան արդիւնքում սովորական դառնան արիւնալի դէպքերի մասին պատկերներն ու դաժան համարւող տեսարանները, որոնց մասին անթոյլատրելիութեան յօդւած է կիրառւում պաշտօնական լրահոսում: Սրա կողքին կայ նաեւ չստուգւած տեղեկատւութեան տարածման փաստը, որը կարծես հասարակութիւնն աւելի արագ է մարսում քան նրան մտածել ստիպող նորութիւնների դէպքում է...կարծում եմ հարցս ձեր պատասխանից երկար ստացւեց:

«Հէնց այդպէս էլ մի քանի յեղաշրջում ու չակերտեալ յեղափոխութիւն տեղի ունեցաւ Արեւելեան տարածաշրջանում: Իմ ու ձեր համաձայնութիւնը չէ, որ կարեւոր է ու կը հետաքրքրի սոցիալական ցանցերի օգտատէրերին ու նրանց ուղեկցողներին: Այն եկել էր փոխելու եւ փոխեց դասական մամուլի լսարանը: Իսկ դասական մամուլն էլ իր հերթին ուշացաւ ու չկարողացաւ ժամանակի հետ յարմարւել: Նոյնիսկ հեռուստատեսութեան ոլորտում աշխատել են սկսել ինտերնետային ալիքները, որոնք նոյն օրինակով լսարանն իրենցով են արել արդէն: Նեթֆլիքսեան սերունդ կայ արդէն: Դա նոյնիսկ մեր դէպքում մեծ փոփոխութիւնների առիթ դարձաւ: Այլեւս չես զարմանում, երբ համայնքի նախկին թուդէականներն այսօր կապիտալիստական Սորուսիզմի ջատագովներ են դարձել: Աւելին, այդ սորոսիզմը դրանց հաւատամքն է արդէն»,- աչքերը շարունակ թարթելով ասում է Վարդանը, չթաքցնելով, որ շարունակում է մտածել...

«Հաւատամքի խնդիր կայ: Հիմնականում եսակենտրոն դարձւող հասարակարգի կամ հասարակարգերի հետ գործ ունի այսօրւայ լրագրութիւնը: Հաւատամքը հէնց այստեղ է խօսում: Մարդիկ կարող են տրամադրւել պաշտօնականի դէմ, կապ չունի քաղաքական հարթակներից տարածւող յայտարարութիւնների մասին է խօսքը, թէ մամուլով արւող հրապարակումների ու մեկնաբանութիւնների: Այդպէս՝ թւայնացւած ինֆորմացիայի ու տեղեկատւական տեխնոլոգիաների «ԱՄՊ» կոչեցեալը ձեւաւորւած այն աղբիւրն է, որտեղից վիրտուալ հասարակութեան գլխին նորութիւնների իւրատեսակ անձրեւ է տեղում, թրջելով եղած-չեղածը»,- մի պահ շունչ առնելու համար կանգ է առնում Վարդանը:

«Վստահութիւն ներշնչող աւանդոյթների նկատմամբ տարածւող թերահաւատութիւնն է գլուխ բարձրացրել աչքիս: Անձի շուրջ ձեւաւորւող հեղինակութիւնը նոյնպէս հրապարակւող գրառումների տեսքով: Այստեղ մեղաւորը լսարանը չէ, որ որոշում է ում վստահել, ում ոչ: Կամ աւելի շուտ մեղաւորներ որոնելու փոխարէն պէտք է ժամանակից հեռու չընկնի մամուլը: Մամուլ ունենալը թանկ հաճոյք է, մակարդակ, իսկ այն պահպանելու, գնահատելու համար պահանջւում է բարձր գիտակցութիւն: Համայնքը տարբեր առիթներով ի ցոյց է դրել այդ վստահութիւնը, ուղղակի խնդիրները այնքան շատ են, որոնք յաճախ կրում են համաշխարհային բնոյթ, որ չես հասցնի ազգային մտածողութեամբ բացատրել ազգային շահերը: Դիմացի մայթի քարոզչամեքենան աւելի հզօր է աշխատում»,- նախկին թեման մոռացած շարունակում է Վարդանը:

Հիբրիդային պատերազմի նորօրեայ զոհերից մէկն է համարում մեզ՝ ողջ հայութեանը, Վարդան Դաւթեանը: Միւս կողմից էլ կարծես երկար ժամանակ չէր բացւել նա ընթերցողի առջեւ: Կողքից էլ զգում ես քեզ գտել է որպէս յարմար գրատախտակ ու զրոյցը տաքացրել. «Մնում է ժամանակի հետ քայլ պահելու հնարքներին ու նոր սերնդի կողմից կիրառւող լեզւին ծանօթանալ»,- չգիտես հարցիդ էր պատասխանում, թէ՞ սիրտն էր բաց անում աւագ գործընկերդ:

Վարդանի հետ մեր զրոյցը շարունակւեց նաեւ Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնների շուրջ, ինչը նա շրջանցելով՝ փորձեց զուգահեռներ փնտրել Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի սկզբնական շրջանի անցուդարձերի հետ:

Վարդան Դաւթեանը նշեց, որ բախտներս մի տեսակ բերել էր, որ համայնքում կար Խալաթեանը: Նա պատմեց այն լուսանկարի մասին, որտեղ առաջին անգամ Արտակ Սրբազանը հանդիպման էր գնացել Այաթ. Խոմէյնիի մօտ: Սա երկու կողմի համար էլ առաջին հանդիպումն էր միւսի հետ: Սրբազան Հօրն ընկերակցողների մասին պատմելիս Վարդանը նկարագրեց նաեւ իմամ Խոմէյնիին մօտկից հանդիպելու իր տպաւորութիւնների մասին: «Սպիտակ մօրուքով անհատականութիւն, ով նստած էր մասամբ աւելի լուսաւոր բազմոցին: Շուրջը հաւաքւած անհատականութիւնների ու տարբեր դասի մտաւորականների ներկայութիւնն ինքնին խարիզմատիկ պատկեր էր հաղորդում առաջնորդի դէմքին: Այդ հանդիպմանը Էմամ Խոմէյնին երեւաց հայ համայնքի մասին ունեցած իր տածած յարգանքով ու իրանահայութեան ապագան երաշխաւորող իրաւունքների փաստի մասին ցուցումներով: Այդ էր վկայում Հրայր Խալաթեանի նկատմամբ յարգալից վերաբերմունքը նաեւ, ում կողմից հանդիպման համար առաջին իսկ խնդրանքին էր արձագանգել Էմամի գրասենեակը»:

Լուսանկարի բացատրութիւն
Ալիս Իւթուջեանը եւ Վարդան Դաւթեանը, ամուսնական զոյգ, ում աշխատանքային կեանքն անցել է մամուլի ցուրտուտաքի միջից: Վարդանի մասին երկար պատմեցի արդէն: Իսկ Ալիսի մասին միայն այսքանը, որ երբ սկսնակ էի, նոյնիսկ այն օրերին, երբ արդէն տաքն ու սառն էի սկսել զատել, Ալիսը դարձեալ ինձ համար սխալւելու իրաւունք էր: Գիտէի, որ գրածմրածս սրբագրելիս մաքրւելու է սխալներից ու ընթերցողի ակնոցից է դիտւելու նաեւ, որ ընկալելի դառնալու կողքին դաս լինի նաեւ լրագրողիս համար...

 

Վարդան Դաւթեանը գիտի թէ՝ ինչպէս շրջանցել տրւող հարցերը: Եթէ կայ ցանկութիւն՝ խօսելու ինչ որ հարցի շուրջ, ապա խօսքերի արանքում փակագիծ բաց անելով անցնում է իր սիրած թեմաներին: Ամէն գնով խուսափում ես տօնական օրերին մռայլ ու տխուր երեւոյթների մասին հարցերից, սակայն եթէ ինքդ ես տւել յեղափոխութեան մասին հարցը, ապա պէտք չէ մեղադրել զրուցակցիդ: Պարզապէս պէտք է հիւսես նաեւ զրուցակցի տրամաբանած մտքի թելերը: « Այդպէս (պետական օրգանների ու մարմինների) մի քանի հանդիպումների արդիւնքում իմ եւ այդ մարմինների հասարակայնութեան հետ կապերի միջեւ գոյացաւ ընկերական-գործնական կապեր: Այդ կապը շարունակում էր գործել նաեւ պատերազմի օրօք, մեր զոհւած տղաների նահատակութեան լուրը փոխանցելու, կամ սառնարաններում մեր հերոսների մարմիններն ու անձը հաստատելու համար այցերով: Ամէն մի նման այցից յետոյ այլեւս դու առաջւանը չես: Երբ տեսնում ես այն, ինչի մասին նոյնիսկ պատկերացում ունենալ չէիր կարող...»,- շարունակում է պատմել ու դու միայն ձայներ ես լսում ու այլեւս պատմութիւնը չէ, որ դաջւում է մտքումդ:

«Մի օր էլ եկան ու ասացին շտապ գործ կայ: Միասին տեղափոխւեցինք Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանին կից զօրանոցներից մէկը: Մի մեծ սրահ կար այնտեղ, որտեղ մի գլխից հսկայ օդորակիչներ էին սառը քամի փչում ներս, իսկ միւս կողմը հզօր օդափոխիչն էր աշխատում իր ահռելի ձայնով: Զոհւածների մարմիններն անձնական տւեալներին համապատասխանեցնելու գործընթաց էր գնում: Որոշ ընտանիքներ ու մայրերից քանիսն էլ հաւաքւել էին մուտքի մօտ: Նրանց ճիչը կորում էր օդափոխիչի ձայնի մէջ: Մութ էր, ու մէկ էլ հոսանքն անջատւեց: Օդափոխիչի ձայնը լռեց ու մայրերի աղաղակը դաջւեց գլխումս: Ես էլ մթութեան մէջ մի պահ ոտքս մնաց պատգարակների արանքն ու գետին գլորւեցի: Թաց էր ամենուր: Հազիւ ինձ հաւաքեցի ու այդ անորոշութեան ու մթութեան մէջ ոտքի կանգնեցի: Ու ինչ լսեմ: Մի քանի մետր այն կողմ, մէկն սկսեց գոչել՝ նահատակ է կենդանացել...ու բոլորը վազեցին նրա կողմը: Ես հազիւ զսպում էի արտասուքս ու ասացի ոչինչ՝ ես եմ...»,- ու լռում է Վարդանը ժպիտը դէմքին:

Ասում եմ՝ լաւ պատմութիւնները պարտադիր ցաւալի երեւոյթների մասին են: Վարդանի պատասխանը չի ուշանում. «Գուցէ սիրում ենք ցաւերից խօսել ու լսել ցաւերի մասին, ուրախ ժողովրդի պատկեր չէ»:

«ԱԼԻՔ»-ի միւս գործընկերների մասին է հարցնում. «Երանելի օրեր էին: Մեր համայնքի դժւար օրերի ընկերն ու բարեկամն էր «ԱԼԻՔ»-ը: Կարեւոր չէ մամուլի ներկան ուր է գնալու: Կարեւորն այն հետքն է, որ թողնելու է պատմութեան վրայ: Մեր թերթը միշտ է եղել պատասխանատւութեան զգացումի դրսեւորման ու տարածման լաւագոյն միջոցը: Այնպէս որ՝ եթէ վերադառնալու լինենք մեր զրոյցի առաջին թեմային, ապա »ԱԼԻՔ»-ն իր առաքելութեան տէրն է եղել եւ համոզւած եմ, որ պիտի շարունակւի նոյն ոգով: Ժամանակները գալիս են ու գնում, երբեմն քամիներ են բերում նաեւ, բայց երբ գիտես ուր ես առաջնորդւում, առագաստդ ամէն մի անցնող քամու ուղութեամբ չէ, որ թեքելու ես»,- սա չգիտեմ Վարդանն էր ասում, թէ՞ իր ասածն էր այդպէս դաջւում մտքումս, այնուամենայնիւ Ամանորին ընդառաջ աւագ գործընկերոջն այցելելը միայն պարտքի զգացում չէր թերթիս համար, այլեւ ժամանակին իր լսարանը ձեւաւորած լրագրողի հետ հին ալբոմները նորից թերթելու եւ նրա հետաքրքիր մեկնաբանութիւնները լսելու հաճոյքին արժանանալու համար էր նաեւ:

Վարդանն այն լրագրողներից էր, ում մի ձեռքում օրագիրն էր, միւսում իրանական պարսկալեզու թերթերից կտրատած էջերը, իսկ ականջին շատախօս ռադիօն: Փորձում էր համաժամանցւել (ափդէյթ) ամէն մի նորութիւնով: Իսկ երբ նրա տանն էի արդէն, փորձեցի աչքի տակով գտնել ռադիօն, լուսանկարելու համար ամենախօսուն ու «վարդանական» մուդն էր հաղորդելու: Չկար, թէ չտեսայ: Հարցրեցի ու պատասխանեց, որ նորութիւններին հետեւում է նախկինի պէս: Նոյնիսկ խաչբառ լուծելու հին սովորոյթին է հետեւում՝ ցոյց տալով սեղանին դրւած խաչբառի յատուկ ամսաթերթը: «Իսկ ռադիօ-ին ու նորութիւններին արդէն հետեւում եմ սմարթ-հեռուստացոյցով...

Դուրս ես գալիս ու ինքդ քեզ համոզում, որ լրագրութիւնն ու լրագիրն այնպիսի երեւոյթներ են, որոնք ստեղծւել են հնանալու համար: Ե՞րբ այդպէս չի եղել ո՛ր...

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։