Հա

Հասարակական

16/01/2023 - 10:05

«Կեանքի որոնում Մարսի վրայ․ արդեօ՞ք Կարմիր մոլորակը կարող է ցոյց տալ Երկրի ապագան»․ հարցազրոյց NASA-ի հայ ինժեների հետ

NASA-ի Ռեակտիւ շարժման լաբորատորիայի թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետեանը News.am-ի հետ զրոյցում ասել է, որ գիտնականները պէտք է ուսումնասիրեն այդ նմուշները, սակայն դեռ դժւար է ասել, թէ արդեօք նրանք կը գտնեն որեւէ հետաքրքիր բան, այդ թւում՝ Մարսի վրայ կեանքի գոյութեան մասին նշաններ։ Բայց եթէ նոյնիսկ դրանք չգտնւեն, դա չի նշանակի, որ Մարսի վրայ կեանք չի եղել։

«alikonline.ir» - Սառը, անապատային մոլորակ՝ փոշոտ, չոր լանդշաֆտներով. ահա թէ ինչպէս է Մարսը երեւում NASA-ի Curiosity մարսագնացի արած բոլոր լուսանկարներում։ Այնուամենայնիւ, բացառւած չէ, որ մոլորակը միշտ չէ այսպիսին եղել. գիտնականները կարծում են, որ ժամանակին Կարմիր մոլորակի վրայ ջուր է եղել՝ նոյնիսկ ամբողջական ովկիանոս: Գուցէ եղել է նաեւ կեանք, թէկուզ պարզ բակտերիաների տեսքով։

Արդեօ՞ք դա այդպէս է, թէ ոչ, NASA-ի գիտնականները ծրագրում են պարզել Mars Sample Return առաքելութեան ընթացքում, որի մեկնարկը նախատեսւած է 2028թ․։ Մինչեւ 2033թ. պլանաւորւում է Երկիր բերել Մարսի հողի տասնեակ նմուշներ, որոնք հաւաքել է Perseverance մարսագնացը:

Առաքելութիւն՝ հորիզոնում. Մարսից հողի նմուշներ բերել Երկիր

NASA-ի Ռեակտիւ շարժման լաբորատորիայի թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետեանը News.am-ի հետ զրոյցում ասել է, որ գիտնականները պէտք է ուսումնասիրեն այդ նմուշները, սակայն դեռ դժւար է ասել, թէ արդեօք նրանք կը գտնեն որեւէ հետաքրքիր բան, այդ թւում՝ Մարսի վրայ կեանքի գոյութեան մասին նշաններ։ Բայց եթէ նոյնիսկ դրանք չգտնւեն, դա չի նշանակի, որ Մարսի վրայ կեանք չի եղել։

«Եթե գնանք անապատ եւ աւազի նմուշ վերցնենք, այդ նմուշում էլ որեւէ բոյս չի լինի, ինչ-որ մէկը կարող է որոշել յայտարարել, որ այդ անապատում ընդհանրապէս ոչինչ չի աճում: Բայց իրականում ամէն ինչ ամենեւին էլ այդպէս չէ»,- ասաց մասնագէտը։

Նրա խօսքով՝ եթէ Երկիր բերւած նմուշներում կեանքի մասին վկայող նշաններ յայտնաբերւեն, ապա դա հսկայական յայտնագործութիւն կը լինի մարդկութեան համար։ Բայց նոյնիսկ եթէ դրանցում ոչինչ չյայտնաբերւի, պարզապէս պէտք է շարունակել որոնումները։

Perseverance մարսագնացը հողի նմուշներ է հաւաքում 45 կիլոմետր լայնութեամբ Ջեզերօ խառնարանի յատակում: Ըստ NASA-ի ներկայացուցիչների՝ սա հիանալի վայր է նման աշխատանքի համար, քանի որ միլիարդաւոր տարիներ առաջ, ամենայն հաւանականութեամբ, այդտեղ եղել է մեծ լիճ եւ գետի դելտա, հետեւաբար, այն եղել է կեանքի համար պոտենցիալ գրաւիչ միջավայր:

Անապատային Մարս. արդեօ՞ք այդպիսի ապագայ է սպասւում Երկրին

Վերջին տարիներին մի քանի ուսումնասիրութիւններ ցոյց են տւել, որ հեռաւոր անցեալում, ամենայն հաւանականութեամբ, Մարսի վրայ իրօք ջուր է եղել:

Փենսիլւանիայի համալսարանի գիտնականները ապացոյցներ են գտել, որ մօտ 3,5 միլիարդ տարի առաջ Մարսի մակերեւոյթին կարող էր գոյութիւն ունենալ հսկայական ովկիանոս՝ ընդգրկելով հարիւր հազարաւոր քառակուսի կիլոմետր տարածք:

Քեմբրիջի համալսարանի փորձագէտների գլխաւորութեամբ գիտնականներն իրենց հերթին գտել են Մարսի հարաւային բեւեռային սառցէ շերտի տակ հեղուկ ջրի հնարաւոր գոյութեան իրենց ապացոյցները:

Եթէ ​​մոլորակի վրայ իսկապէս ջուր լինէր, բաւականին մեծ հաւանականութեամբ դրա վրայ կեանք կարող էր գոյութիւն ունենալ։ Կլիմայի մոդելաւորման վերջերս արւած ուսումնասիրութիւնը հաստատել է դա. ըստ այդմ՝ հնարաւոր է, որ մօտ 3,7 միլիարդ տարի առաջ Մարսի ապրել են պարզ բակտերիաներ, որոնք սնւում էին ջրածնով եւ արտանետում մեթան: Թերեւս այդ բակտերիաները կան մինչ օրս, բայց դրանք գտնւում են մոլորակի ընդերքի խորը շերտերում: Կամ գուցէ նրանց կենսագործունէութեան արդիւնքում արտանետւած մեթանը դարձել է մոլորակի սառեցման հիմնական պատճառներից մէկը (Մարսի վրայ այժմ մինուս -60°C աստիճան է կամ աւելի ցուրտ, բայց նախկինում մոլորակը շատ աւելի տաք է եղել), որը, ի վերջոյ, յանգեցրել է բակտերիաների ոչնչացմանը։

Մէկ այլ վարկածի համաձայն՝ նախկինում Մարսի վրայ եղել է սէյսմիկ եւ հրաբխային ակտիւութիւն, որն աւելի տաք է պահել մոլորակը։ Բայց մօտ մէկ միլիարդ տարի առաջ այն մարել է, եւ մոլորակը սկսել է սառչել, եւ դրա մթնոլորտը, որը մի ժամանակ բաւականին խիտ էր՝ յագեցած ածխածնի երկօքսիդով, դարձել է աւելի նոսր: Այս ամէնը հաւանաբար վատթարացրել է նաեւ մոլորակի վրայ բակտերիաների կենսապայմանները։

Արբի Կարապետեանի կարծիքով՝ Մարսի հետազօտութիւնը կարող է օգնել մեզ աւելին իմանալ Երկրի մասին, մեր մոլորակի անցեալի եւ ապագայի մասին։

«Դա կօգնի մեզ աւելի լաւ հասկանալ ինքներս մեզ. որտեղի՞ց ենք մենք եկել: Ինչպէ՞ս ստացւեց, որ կեանքն առաջացաւ Երկրի վրայ»,- ասաց նա:

Բայց կարո՞ղ է Մարսը մեզ ցոյց տալ Երկրի ապագան: Հնարաւո՞ր է, որ Երկիրը Մարսի նման սառը անապատ դառնայ:

Կարապետեանի խօսքով՝ թէեւ Երկիրն ու Մարսը տիեզերական առումով բաւականին մօտ են միմեանց, սակայն չպէտք է մոռանալ, որ դրանք տարբեր մոլորակներ են, եւ, հետեւաբար, հնարաւոր է, որ նրանց «կեանքը» նոյնպէս այլ կերպ ընթանայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։