Տեառնընդառաջը (Տրնդէզ) Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տօներից է եւ նշւում է փետրւարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնից 40 օր յետոյ:
«alikonline.ir» - Տեառնընդառաջը (Տրնդէզ) Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տօներից է եւ նշւում է փետրւարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնից 40 օր յետոյ:
Ըստ եկեղեցական աւանդութեան, երբ Յիսուսին բերում են տաճար, դրա արեւելեան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացւել, ուժեղ դղրդիւնով բացւում են, եւ մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:
Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսաւորում են Յիսուսի ճանապարհը դէպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տօնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է:
Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսւում է փետրւարի 13-ի երեկոյեան. եկեղեցական օրացոյցի համաձայն՝ երեկոյեան ժամերգութիւնից յետոյ փոխւում է օրը, եւ փետրւարի 14-ն սկսւում է փետրւարի 13-ի երեկոյից:
Եկեղեցական կարգի համաձայն` տօնի նախօրէին` երեկոյեան ժամերգութիւնից յետոյ, կատարւում է նախատօնակ, որն ազդարարում է տօնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատօնակի արարողութեան աւարտին կատարւում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի եւ այգիների օրհնութիւն:
Անդաստանին յաջորդում է մոմերի օրհնութեան արարողութիւնը: Օրհնւած մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարոյկը` որպէս Քրիստոսի լոյսի խորհրդանիշ: Այդ օրը սովորաբար եկեղեցիների բակում մեծ խարոյկ են վառում: