Այս տարի փետրւարի 19-ին, Հայ Առաքելական Եկեղեցու տօնացոյցի համաձայն, նշւում է Բուն Բարեկենդանը։ Սա նշանակում է, որ հաւատաւոր ժողովուրդը Մեծ պահքի միջոցով այսօրւանից սկսում է 48 օր տեւող մի ճանապարհ, որ տանում է դէպի Քրիստոսի Յարութեան Աւետիսը։
«alikonline.ir» - Այս տարի փետրւարի 19-ին, Հայ Առաքելական Եկեղեցու տօնացոյցի համաձայն, նշւում է Բուն Բարեկենդանը։ Սա նշանակում է, որ հաւատաւոր ժողովուրդը Մեծ պահքի միջոցով այսօրւանից սկսում է 48 օր տեւող մի ճանապարհ, որ տանում է դէպի Քրիստոսի Յարութեան Աւետիսը։ Այս մասին յայտնում է Qahana.am-ը։
Վաղն արդւն՝ օրը փոխւելուն պէս՝ մտնելու ենք պահքի մէջ՝ խոնարհութեամբ, ապաշխարութեամբ, զղջմամբ ու համբերութեամբ անցնելով ուղին, որ տանում է դէպի Լոյսը։ Իսկ ի՞նչ է խորհրդանշում այս օրը՝ Բուն Բարեկենդանը։
Բարեկենդան է կոչւում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Այս օրը կոչւում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկութեան յիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եւան: Այն նաեւ դրախտային կեանքի օրինակն է, որտեղ մարդուն արտօնւած էր ճաշակել բոլոր պտուղները, բացառութեամբ բարու եւ չարի` գիտութեան ծառի պտղից, ինչը պահքի խորհրդանիշն է:
Հնում Բարեկենդանն այնքան սիրւած, ժողովրդական, սպասւած տօն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալւում էր որպէս ամենաազգային՝ «հայոց ազգի օրեր»: Այն համարւում էր ամենաերջանկաբեր տօներից մէկը, ինչի ընթացքում վայելում էին ճոխ ու առատ ուտելիքներ, ականատես լինում ազգային մի շարք պարերի, խաղերի, թատերախաղերի: Բոլորը մաս էին կազմում այս զւարճանքին, գիւղի հրապարակում սեղան էին բացում ու խնջոյք կազմակերպում։ Իսկ տուն գնալուց առաջ տօնախմբութեան մասնակիցները մեկական ձու էին ուտում. ձւով փակում էին բերանը, որպէսզի Մեծ պահքից յետոյ դարձեալ ձւով բացեն։
Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյեան, ժամերգութեան ընթացքում եկեղեցու խորանի վարագոյրը ծածկւում է. Պահքի օրերին մատուցւում է փակ խորանով Սուրբ Պատարագ: