Համաշխարհային հանրութիւնը պէտք է նախապատրաստւի այն բանին, որ մարդուց մարդուն փոխանցւող թռչնագրիպի պատճառով կարող է նոր համավարակ առաջանալ։
«alikonline.ir» - Համաշխարհային հանրութիւնը պէտք է նախապատրաստւի այն բանին, որ մարդուց մարդուն փոխանցւող թռչնագրիպի պատճառով կարող է նոր համավարակ առաջանալ։ Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին El Pais թերթին տւած հարցազրոյցում:
«Մտաւախութիւն կայ, որ թռչնագրիպը ձեռք կը բերի մարդուց մարդ տարածւելու ունակութիւն, ընդ որում՝ կայուն կերպով, եւ կարող է նոր համավարակ առաջացնել: Մենք պէտք է պատրաստ լինենք դրան։ Գիտական հանրութիւնն ուսումնասիրում է այդ վիրուսների գենետիկ յաջորդականութիւնը՝ դրանց հետեւելու, ինչպէս նաեւ պատւաստանիւթեր մշակելու համար, որոնք հասանելի կը լինեն անհրաժեշտութեան դէպքում»,- ասել է նա։
Համաճարակաբանի խօսքով՝ թռչնագրիպի նոր բռնկումը, որը ոչնչացրել է միլիոնաւոր՝ վայրի եւ տնային թռչուններ ամբողջ աշխարհում, սկսւել է երկու-երեք տարի առաջ՝ A(H5N1) վիրուսի յատուկ տեսակի պատճառով:
«Մենք ուզում ենք ասել, որ պէտք է զգօն լինել։ Կարեւոր է, որ մարդիկ չվերցնեն սատկած կամ մահացող թռչուններ կամ այլ կենդանիներ: Եւ որպէսզի թռչնաֆաբրիկաների աշխատողները լաւ պաշտպանւած լինեն»,- նշել է Փիբոդին։
ԱՀԿ-ի տւեալներով ՝ 2003-2023 թւականներին աշխարհում գրանցւել է թռչնագրիպով մարդկանց վարակման 873 դէպք, ինչը յանգեցրել է 458 մահւան։